Վ. Յովհաննիսեան.-
«Թէ Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝
մեր իշխանութիւնները չպէտք է
փաստահաւաք խմբի առջև ջերմ ժպիտով
իրենց տեսակէտը բացայայտեն»
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն անթոյլատրելի է համարում, որ վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ մուտք գործեցին Ադրբեջանի՛ կողմից։
-Ինչո՞ւ, այս ի՞նչ նոր աւանդոյթ է ձևաւորւում։ Հասկանալի չէ՞, որ սրանից յետոյ Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, որ այդ ճանապարհով մտնեն։ Այսինքն, փոքր-փոքր զիջումները վերջում բաւականին ծանր հետևանքների կարող են բերել, և ես գտնում եմ, որ դա քաղաքական լուրջ սխալ էր,-ՄԱԱ-ում լրագրողներին ասել է Վ. Յովհաննիսեանը։
ԵԱՀԿ ՄԽ փաստահաւաք խմբի այցելութեան մէջ էլ նա վտանգներ է տեսնում։
-Վտանգը նրա մէջ է, որ մեր իշխանութիւնները նման փաստահաւաք խմբերի գալուց առաջ յայտարարում են, թէ մենք լաւն ենք, մենք այդ տարածքները չենք վերաբնակեցրել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէք վերաբնակեցրել։ Բա Բաքւի փախստականները որտե՞ղ ապրեն, բա էն մարդիկ, որոնց Ղարաբաղից քաշեցին-տարան Ադրբեջանի շինարարութիւնները՝ Սումգայիթ, Բաքու կամ ուրիշ քաղաքներ, և որոնց վռնդեցին այնտեղից՝ սպանելով ու ջարդելով, խլելով ամբողջ գոյքը, ո՞ւր վերադառնան։ Ո՞րն է նրանց հայրենիքը։ Հէնց ա՛յդ տարածքները։ Ուրեմն մենք պէտք է բաց ասենք փաստահաւաք խմբին՝ այո՛, այստեղ ապրում են այն Հայ մարդիկ, որոնց Ադրբեջանն արտաքսել է, դուրս է արել։ Նրանք փրկելով իրենց կեանքը՝ վերադարձել են իրենց պատմական հայրենիք՝ Քարվաճառ, Բերձոր և մնացած տարածքները։ Իսկ թէ Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝ մեր իշխանութիւնները չպէտք է փաստահաւաք խմբի առջև ջերմ ժպիտով իրենց տեսակէտը բացայայտեն։ Կարծում եմ, որ այն, ինչ մենք հիմա պէտք է անենք՝ բոլորս գնանք այնտեղ և ասենք՝ մենք այստե՛ղ ենք ապրում, մենք այստեղի՛ բնակիչ ենք, դէ գնացէք գանգատւէք ՄԱԿ,-յայտարարել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը։
Նա նաև յիշեցրել է, որ երբ փաստահաւաք խմբից պահանջում էինք Ջուղա գնալ և տեսնել այնտեղից վերացած յուշարձանների վիճակը, «այն ժամանակ նազ ու տուզ արեցին, և վերջում ինչ-որ մի փոքր տող յայտանւեց փաստաթղթերից մէկում»։
-Մե՛ր պարագայում, չգիտես ինչու, մերոնք սրտաբաց ընդունում են բոլոր նման փաստահաւաք խմբերը։ Ես կարծում եմ, որ, օրինակ, կարելի էր ասել՝ մենք հարցում կանցկացնենք այդ տարածքների բնակիչներից՝ իրենք ուզո՞ւմ են ձեզ տեսնել, թէ՞ ոչ։ Եւ փաստահաւաք խմբի առջև պէտք է դրւէր ուրիշ խնդիր էլ. եկէք տեսէք՝ մենք ո՞նց ենք ապրում։ Ոչ թէ՝ ապրո՞ւմ ենք մենք այստեղ, թէ՞ ոչ, այլ՝ մենք ապրում ենք և իրաւո՛ւնք ունենք, դուք եկէք տեսէք՝ մենք ի՞նչ ձևով ենք ապրում, մենք ի՞նչ պայմաններում ենք ապրում այստեղ, և ինչո՞ւ դուք չէք ճանաչում մեր ընտրութիւնները. մենք փորձում ենք ժողովրդավար պետութիւն դառնալ, իսկ դուք չէք ճանաչում մեր ընտրութիւնները։ Ա՛յս ձևով է պէտք նրանց հետ խօսել,-նշել է Վահան Յովհաննիսեանը։

Արեգնազ Մանուկեան
7օր

0 Պատգամ: