Հայերին «պատանդ» են վերցրել
Ստամբուլի օդանաւակայանում
եւ սպառնացել արտաքսել
Սեպտեմբեր 13, 2010 12:14
Այսօր առաւօտեան, Երեւանի ժամանակով ժամը 7-ին Ստամբուլի օդանաւակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել են Հայ լրագրողներին եւ թոյլ չեն տւել մուտք գործել Թուրքիա: Հայ լրագրողները մեկնել էին Թուրքիա` մասնակցելու սեպտեմբերի 13-15-ին կայանալիք «Մեդիայի դերը Ղարաբաղեան հակամարտութիւնում եւ տարածաշրջանային անվտանգութեան եւ համագործակցութեան բարելաւումը» սեմինարին: Նրանց մէջ են եղել, մասնաւորապէս, «Առաւօտ»-ի, Panorama.am-ի, epress.am-ի լրագրողները:
Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած Հայ լրագրողներից, ինչպէս նաեւ միւս Հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել են անձնագրերը: Նրանք հայերին կանչել են իրենց մօտ ու ստուգել, թէ ունե՞ն, արդեօք, հետդարձի տոմս եւ ապրելու համար անհրաժեշտ գումար:
Տեղեկանալով, որ ուղեւորների մի մասը լրագրողներ են, ոստիկանութեան հսկիչ ծառայութեան աշխատակիցներն առանձնացրել են լրագրողներին ու մէկ ժամից աւելի պահել:
Երբ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նաւասարդեանը, ով սեմինարի կազմակերպիչներից է, փորձել է միջամտել, նրան սպառնացել են արտաքսել երկրից:
Յատկանշական է, որ մշտապէս Թուրքիա թռչող հայերը նշել են, որ նման բան Ստամբուլի օդանաւակայանում առաջին անգամ է տեղի ունենում:
Միջադէպը հարթւել է, երբ գործին միջամտել են սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Ենի Նեսիլ» լրագրողների միութիւնը եւ Global Political Trends Centre-ը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: