«Դրօշակ»-ի խմբագրական, 2010 թ. օգոստոս
Հ. Յ. Դաշնակցութիւնը միշտ ձգտել եւ այժմ էլ ձգտում է նոր որակի իշխանութիւններ ձեւաւորել Հայաստանում: Հայաստանի երեք նախագահների օրօք ձեւաւորւած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգերից եւ ոչ մէկը լիարժէք զարգացումներ չապահովեց Հայաստանի եւ հայութեան համար:Առաջին նախագահի ստեղծած համակարգը յատկանշւում է տնտեսութեան համատարած քայքայմամբ ու թալանով, մենիշխանական (աւտորիտար) բռնատիրութեամբ, հասարակութեան ճնշիչ մեծամասնութեան աղքատացմամբ, Արցախեան ազատագրական պայքարի, Հայ Դատի եւ առհասարակ հայոց պահանջատիրութեան նկատմամբ բացասական դրսեւորումներով, զիջողականութեամբ եւ այլն:
Դաշնակցութիւնը այս շրջանում ամբողջական ընդդիմութիւն էր՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ յատկապէս գաղափարախօսական իմաստով:Երկրորդ նախագահի օրօք թէեւ անկիւնադարձային փոփոխութիւն տեղի ունեցաւ արտաքին քաղաքականութեան մէջ, թէեւ սոցիալական բարեփոխումներ եղան, առաջացան փոքր ու միջին գործարարական ոլորտներ, մութն ու ցուրտը յաղթահարւեցին, այնուամենայնիւ, «ազատ շուկայ»-ի մոդելի կանոնակարգմանը զուգընթաց՝ աստիճանաբար ձեւաւորւեց օլիգարխիկ համակարգը, կլանային, արտատնտեսական յարաբերութիւնների նախնական տիպը փոխարինւեց կապիտալիստական ուժերի սանձարձակ տիրապետութեամբ եւ քաղաքական անմիջական դերակատարութեամբ:
Դաշնակցութիւնը ներքին քաղաքական դաշտը կայունացնելու եւ արտաքին քաղաքականութեան դիրքերը ամրացնելու նպատակով՝ նախաձեռնեց կոալիցիոն համագործակցութեան տարբերակը, ընդորում, դրա դասական ընկալմամբ. պատասխանատւութեան չափերը յարաբերակցաբար ճշտւում էին ըստ իրաւասութիւնների եւ ներկայացւածութեան բաժինների: Ինչո՞ւ էինք պնդում նման ձեւաչափով համագործակցելու սկզբունքի վրայ: Ինչո՞ւ էինք, սատարելով երկրորդ նախագահին եւ անդամակցելով կոալիցիային՝ մեր քաղաքական օրակարգում մշտապէս արծարծում սոցիալ-տնտեսական վիճակը եւ մինչեւ իսկ այլընտրանքային դիրքերից քննադատում օրւայ գործադիր իշխանութեան առկայ սխալները, որովհետեւ այս շրջանում Դաշնակցութիւնը, մաս կազմելով քաղաքական կոալիցիայի, այնուամենայնիւ, իրեն վերապահեց գաղափարախօսական ընդդիմադրի իրաւունք:
Այս կեցւածքը հասկանալու համար՝ բաւական է տարբերակել քաղաքականութիւն ու գաղափարախօսութիւն հասկացութիւնները, նրանցից ածանցւող մօտեցումներն ու կեցւածքները, եւ հասկանալ, որ մարդկային մտքի այդ երկու խոշոր արգասիքները միշտ էլ լինում են միասին եւ ազդւում միմեանցից, սակայն պահպանում են իրենց ուրոյն գոյութիւնը: Դասական օրինակներում քաղաքական կոալիցիաները հիմնականում առաջանում են գաղափարապէս դրկից հոսանքների համագործակցութեան հէնքի վրայ, իսկ ընդդիմութիւնը, գաղափարախօսական առումով, լինում է առաւել այլատարր:
Մեզանում դասական այս օրէնքը դեռ չի գործում իր ամբողջ հզօրութեամբ, որովհետեւ նախ դեռ երիտասարդ է մեր պետութիւնը եւ ապա՝ խիստ ապագաղափարականացւած է մեր քաղաքական դաշտը: Իսկ ամենագլխաւորն էլ այն է, որ ազգային անլոյծ գերխնդիրներ ունեցող մեր ազգի համար չափազանց թանկ հաճոյք է ներքաղաքական ապակայունութիւնը: Նշւած հանգամանքները յաճախ Դաշնակցութեանը ստիպում են լինել շրջահայեաց եւ, պահպանելով գաղափարախօսական սեփական մօտեցումները, քաղաքական դաշտում համագործակցել մրցակցի եւ մինչեւ իսկ հակառակորդի հետ:Երրորդ նախագահի դեռ չաւարտւած ժամանակաշրջանը ցայժմ յատկանշւում է մենաշնորհների աճով, ժողովրդի կենսամակարդակի նւազեցմամբ, փոքր եւ միջին տնտեսութիւնների քայքայմամբ, տնտեսական մի քանի խոշոր ձեռնարկատիրութիւնների օտարմամբ, հայ-թուրքական յարաբերութիւնների սխալ մեկնարկով, դիւանագիտական բնագաւառում տկարութեան անհրապոյր դրսեւորումներով:
Այս շրջանը յատկանշւում է նաեւ մարտիմէկեան դէպքերի հետեւանքով ստեղծւած ներքաղաքական ապակայունութիւնը յաղթահարելու տիրական եւ ինքնանպատակ ձգտումով, որը, իհարկէ, զիջողականութեան մտակեցւածք պարտադրելով ՀՀ արտաքին քաղաքականութեանը, այդուհանդերձ՝ յանգեցրեց կայունութեան վերականգնման: Այդ պայմաններում, երբ արդէն հայ-թուրքական յարաբերութիւններում սխալ մօտեցումները դրւեցին նժարի վրայ, Դաշնակցութիւնը այլեւս հիմնարար պատճառներ չունէր մնալու իշխանութեան մէջ:
Արդ, գաղափարախօսական գետնի վրայ Դաշնակցութիւնը առնւազն երկու գլխաւոր առանցքներով է տարբերւում առաջին նախագահի նէոլիբերալ, երկրորդ նախագահի ազգային-ազատական, իսկ երրորդի պահպանողական հոսանքներից: Առաջին՝ Դաշնակցութիւնը, ի տարբերութիւն վերը նշւածների, ազգային ու պետական շահերը չի հակադրում միմեանց, եւ համոզւած է, որ, խելամիտ քաղաքականութեամբ՝ հնարաւոր է առանց ազգային հիմնանպատակներից հրաժարւելու՝ զարգացնել պետութիւնը: Երկրորդ՝ Դաշնակցութիւնը, հակառակ վերանկախացած Հայաստանի քաղաքական վերնախաւի, խորապէս հաւատում է սոցիալական արդարութեան եւ համերաշխութեան սկզբունքներին եւ այդ ուղղութեամբ ունի իր համակարգային մոդելը:
Մնում է խորհել, թէ այսուհետեւ քաղաքական ինչպիսի նկարագրով ու բնութագրով պէտք է հանդէս գայ մեր պետութիւնը եւ ինչպիսին պէտք է լինի ՀՀ իշխանութիւնների նոր որակը:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment