Սեւրի պայմանագրի
շուրջ-պարզաբանման
անհրաժեշտութիւն
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Սեւրի պայմանագրի ստորագրման 90-ամեակը կարեւոր իրադարձութիւն է Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ՝ ողջ հայութեան կեանքում: Սակայն, կայ մի տարածւած մոլորութիւն, որը պարզաբանման կարիք ունի. հայկական հողային իրաւունքները խարսխւած չեն Սեւրի պայմանագրի վրայ: Սեւրի պայմանագիրը չի որոշել Հայաստան-Թուրքիա սահմանը. Սեւրի պայմանագրի 89-րդ յօդւածով պայմանագրի կողմերը դիմել են ԱՄՆ-ի նախագահին, որպէսզի վերջինս իր Իրաւարար վճռով (arbitration) որոշի նշեալ սահմանը: Եթէ մինչեւ իսկ չլինէր Սեւրի պայմանագիրը, միեւնոյնն է, Հայաստանն այսօր կունենար անսակարկ հողային իրաւունքներ, քանի որ դեռեւս Սան Ռեմոյի համագումարը 1920 թւականի ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի (Բրիտանական կայսրութիւն, Ֆրանսիա եւ Իտալիա) անունից դիմել էր Վիլսոնին՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանազատման (delimitation) խնդրանքով եւ ԱՄՆ-ի նախագահն իր համաձայնութիւնը տւել է 1920 թ. մայիսի 17-ին, այսինքն՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից գրեթէ երեք ամիս առաջ (Սեւրի պայմանագիրը ստորագրւած է 1920 թւականի օգոստոսի 10-ին): Սեւրի պայմանագրի ստորագրման կարեւորութիւնը՝ հողային իրաւունքների տեսանկիւնից, այն է, որ ստորագրելով պայմանագիրը՝ Թուրքիան եւս մաս կազմեց իրաւարարութեան հայցի (arbitration compromis), եւ դրանով իսկ վերահաստատեց պարտաւորութիւնը՝ կատարման համար պարտադիր համարել ԱՄՆ-ի նախագահի որեւէ Իրաւարար վճիռը: Շեշտում եմ վերահաստատեց, քանի որ ստորագրելով Մուտրոսի զինադադարը (30 հոկտեմբերի 1918 թ.), որն իր իրաւական բնոյթով անվերապահ կապիտուլացիա էր, Թուրքիան իր ինքնիշխանութիւնը յանձնել էր յաղթող կողմին եւ վերջիններիս էր վերապահւած իրաւունքը որոշելու, թէ Օսմանեան կայսրութեան ո՛ր հատւածի վրայ կը վերականգնւի Թուրքիայի պետութիւնը: Հետեւաբար՝ իրաւական դաշտում մեր պայքարը պէտք է խարսխւած լինի երկու փաստաթղթի՝ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի 1920 թ.) եւ առաւելապէս այդ պայմանագրից ածանցւող ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի (22 նոյեմբերի 1920 թ.) վրայ: Առաջնի վերաբերեալ պէտք է ասել, որ չնայած այն վաւերացւած չէ, այդուհանդերձ՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրւել է «բարձր պայմանաւորւող կողմերի միջեւ» (Տե՛ս.՝ Vienna Convention on law of treaties, Article 2 (f)): Երկրորդի վերաբերեալ անհրաժեշտ է շեշտել հետեւեալը.ա - Իրաւարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է:բ - Իրաւարար վճիռը թէեւ կատարւել է ԱՄՆ-ի նախագահի կողմից, այսուհանդերձ՝ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի անդամ ներկայ 192 երկրներից 142-ի համար (Տեղի սակաւութեան պատճառով՝ հարցը չեմ մանրամասնում, սակայն հարցը հանգամանալից քննութեան է առնւած իմ «Հայկական Հարցի լուծման հայեցակարգ»-ի մէջ): Ամփոփելով՝ կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնը. Սեւրի պայմանագրի դրոյթները՝ Հայաստանի Հանրապետութեան հողային իրաւունքների մասով, շնորհիւ վերը քննւած փաստաթղթերի, միանգամայն արդիական են եւ, համապատասխան աշխատանքի ու քաղաքական իրավիճակի դէպքում, հնարաւոր է կեանքի կոչել:
ԵՐԵՒԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՌԱՄԿԱՎԱՐ ՄԱՄՈՒԼ
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: