«Թուրքիան պարտաւոր է
վերանորոգել մեր
պատմական
յուշարձանները»

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը հիանալի գովազդ էր Թուրքիայի համար` ինչպէս տնտեսութեան, այնպէս էլ տուրիզմի զարգացման տեսանկիւնից: Սուրբ Խաչը և ապագայում մնացեալ եկեղեցիները վերանորոգելով` Թուրքիան ցանկանում է եւրոպական կառոյցներում ցոյց տալ, որ ինքը փոխւել է, փոխել է նաև իր վարած քաղաքականութիւնն ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արևելագիտութեան ինստիտուտի թուրքիայի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ., Քրիստինէ Մելքոնեանը` անդրադառնալով այն փաստին, որ առաջիկայում պատրաստւում են վերանորոգել նաև Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին:
Մելքոնեանը նշեց, որ 1912-13թթ Պոլսոյ Պատրիարքարանի կողմից հրապարակւած տւեալների համաձայն` Թուրքիայում եղել է 2000-ից աւելի հայկական պատմամշակութային յուշարձան, որոնց մեծ մասը ոչնչացւել է Ցեղասպանութեան տարիներին: Նա յաւելեց նաև, յատկանշական է, որ 1974-ին ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակած 1923 թւականից պահպանւել է միայն հայկական յուշարձաններից 913-ը, որոնցից 464-ն այժմ ամբողջովին վերացւած են, 252-ն` աւերւած, իսկ մօտ 197-ը վերանորոգման կարիք ունեն:
«Թուրքիան պարտաւոր է վերանորոգել մեր պատմական յուշարձանները և, կարծես, միայն վերջին շրջանում է, որ սկսել է այդ ուղղութեամբ քայլեր ձեռնարկել: Դրա պատճառները մի քանիս են. Նախ` Եւրամիութեան ճնշումներն են Թուրքիայի վրայ և երկրորդը, ըստ թուրքերի, դա հիանալի ներդրում է Թուրքիայի տնտեսութեան զարգացման համար»,- ասաց Ք. Մելքոնեանը և յաւելեց, որ թուրքերը հաւանաբար կարծում են, որ այդ կերպ կկարգաւորւեն նաև Հայ-թրքական յարաբերութիւնները:
Ք. Մելքոնեանը նկատեց նաև, որ Թուրքիայում լայն թափ է առել ոչ միայն հայկական, այլ առհասարակ յուշարձանների վերականգնումը:

23.09.2010, 15:05
Aysor.am

0 Պատգամ: