Մրցոյթ - Փառատօն Նւիրւած`


Վահան Տէրեանի ծննդեան


125-ամեակին



Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի հովանու ներքոյ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը եւ ԱԺ ՙԲաց դռներ՚ մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցոյթ-փառատօն, որը նւիրւում է Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տէրեանի ծննդեան 125-ամեակին:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցոյթ-փառատօնն առաջին անգամ անցկացւել է 2009 թւականին։ Այս փառատօնի նպատակն է` փորձել երիտասարդ սերնդի ուշադրութիւնը բեւեռել հայրենի գրականութեանը, սատարել գալիք սերնդի մէջ Հայոց լեզւի ու պոէզիայի նկատմամբ սիրոյ վերածննդին, շարունակելի դարձնել Հայ ասմունքի հարուստ աւանդոյթները:
Մրցոյթ-փառատօնն անցկացւում է երեք փուլով, երկու տարիքային խմբով, այն կեզրափակւի Երեւանում: Փառատօնը հիւրընկալւելու է նաեւ Ջաւախքում:
Հայաստանի մարզերի, Ջաւախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան հազարաւոր դպրոցականներ արդէն մասնակցել են փառատօնի առաջին փուլին: Հոկտեմբերի 1-ին Սեւանում մեկնարկեց փառատօնի երկրորդ` մարզային փուլը։
Իր ելոյթում Գեղարքունիքի մարզպետ Նւէր Պօղոսեանը շնորհակալութիւն յայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին նման միջոցառումներ նախաձեռնելու եւ հովանաւորելու համար:
ԱԺ պատգամաւոր Տաճատ Վարդապետեանը փառատօնի մասնակիցներին ու ներկաներին փոխանցեց Ազգային ժողովի նախագահի բարեմաղթանքները եւ նշեց, որ անցկացւող փառատօնն անուրանալի դեր ունի մատաղ սերնդի դաստիարակման գործում: Պատգամաւորը շեշտեց ԱԺ նախագահի ընդգծւած վերաբերմունքը արւեստի ու մշակոյթի նկատմամբ:
ՀՀ մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչ Կարօ Վարդանեանը շատ կարեւոր համարեց Վահան Տէրեան բանաստեղծի գնահատումը նաեւ պետական բարձր շրջանակների կողմից։ Գեղարքունիքի մարզի դպրոցների շուրջ 30 աշակերտներ արտասանեցին Վահան Տէրեանի ստեղծագործութիւններից:
Մրցոյթ- փառատօնի աւարտին ժիւրին որոշեց 6 յաղթողներին, որոնք կմասնակցեն փառատօնի` Երեւանում անցկացւելիք եզրափակիչ փուլին:

0 Պատգամ: