Յուշարձանագէտ.–
Մէկ Հայը Վանում խնդիր է,
մէկ միլիոնը Ստամբուլում՝ ոչ
Թուրքերը ոչնչացնում են հայկական մշակութային կոթողները բացառապէս Հայի բնօրրանում։ Այս մասին կայացած ասուլիսին ասաց յուշարձանագէտ Սամւէլ Կարապետեանը։
«Մենք վտանգաւոր ենք մեր տան մէջ. մէկ Հայը Վանում խնդիր է, իսկ 60 հազար հայը, անգամ մէկ միլիոնը Ստամբուլում՝ ոչ», – ասաց նա։
Փորձագէտը յիշեցրեց, որ 1912թ. Թուրքիայում եղել է շուրջ 2000 գործող հայկական եկեղեցի, իսկ այսօր դրանց անգամ 10–րդ մասը չի մնացել։
«Մեծ մասամբ միայն հետքերն են մնացել, կանգուն եկեղեցիները կարող ենք մատների վրայ հաշւել», – ասաց նա՝ նշելով, որ 10–15 տարի յետոյ այդ ուղղութեամբ ուսումնասիրութիւնների համար ոչինչ չենք ունենայ։
Կարապետեանը յօրդորեց արձանագրել գոնէ այդ «փշրանքները»։ «Մենք պէտք է արձանագրենք, լուսանկարենք այդ փշրանքները, պահպանենք գոնէ թղթի վրայ, այլ բան չենք կարող անել», – յաւելեց Կարապետեանը։
Խօսելով լուծումների մասին յուշարձանագէտը նշեց, որ հայկական կողմը պետական մակարդակով միջազգային ատեաններում Թուրքիայի դէմ դատական գործեր յարուցելով՝ պէտք է լուծի յուշարձանների ոչնչացման հարցը։
Կարապետեանն անդրադարձաւ նաև ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում ընդունած յատուկ բանաձևին, որով դատապարտւում էր Կիպրոսի հիւսիսային հատւածում քրիստոնէական սրբավայրերին և պատմամշակութային արժէքների ոչնչացումը։
Յուշարձանագէտը յիշեցրեց, որ յոյները թուրքական կառավարութեան դէմ 1600 հայց են ներկայացրել միջազգային դատական ատեաններ` յունական քրիստոնէական կոթողները ոչնչացնելու մեղադրանքով: Ըստ Կարապետեանի, անցած տարի Թուրքիան արդէն վճարել է 1 միլիոն եւրօ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment