ԱՐՁԱԳԱՆԳ
Արդարացի չէ՛
(«Ո՞վ է մեղաւորը» յօդւածի առիթով)
«Ռ. Մ.-ի նշած խնդիրը ոչ գաղտնիք ու նորութիւն է եւ ոչ էլ՝ ողբերգութիւն, ինչպէս փորձում է նկարագրել յօդւածագիրը»
«Ռ. Մ.–ն ներկայում Պատգամաւորական ժողովի ատենապետն է, ուսուցիչ է հայոց դպրոցում, եղել է նաեւ Թեմական խորհրդի անդամ եւ այս բոլորից յետոյ հայոց դպրոցներում տիրող իրավիճակի համար մեղաւո՞ր է փնտրում»...
«Եղբայր, ապա եթէ դուք Թեմական խորհրդում, Պատգամաւորական ժողովում ու դպրոցում չէք կարողանում հարցերը լուծել, էլ ո՞ւմ էք մեղաւոր փնտրում»
ԳԱՍՊԱՐ ԱՄԻՐԽԱՆԵԱՆ
«Ալիք» օրաթերթի 26 սեպտեմբերի համարի 6-րդ էջում տպագրւած պրն. Ռոբերտ Մարգարեանի «Ո՞վ է մեղաւորը» յօդւածը անգամներ ընթերցելուց յետոյ՝ պարտք զգացի այդ մասին շարադրել մի շարք մտքեր, որոնք, յուսամ, օգտակար լինեն:
«Ալիք» օրաթերթի 26 սեպտեմբերի համարի 6-րդ էջում տպագրւած պրն. Ռոբերտ Մարգարեանի «Ո՞վ է մեղաւորը» յօդւածը անգամներ ընթերցելուց յետոյ՝ պարտք զգացի այդ մասին շարադրել մի շարք մտքեր, որոնք, յուսամ, օգտակար լինեն:
Կարծում եմ՝ մեզանից շատերը եւ մասնաւորաբար ազգային կառոյցում դերակատար ազգայինները քիչ թէ շատ՝ լաւատեղեակ ենք մեր ազգային ու կրթական կեանքի իրականութիւնների մասին: Ուստի՝ պրն. Ռ. Մ.-ի նշած խնդիրը ոչ գաղտնիք ու նորութիւն է եւ ոչ էլ՝ ողբերգութիւն, ինչպէս փորձում է նկարագրել յօդւածագիրը:
Երբ պրն. Ռ. Մ.-ն իր յիշողութիւններին վերադառնալով՝ նշում է «Քուշեշ-Մարիամեան» դպրոցի այն օրերը եւ մտաբերում իրենց դասարանում սովորող աշակերտներին ու շեշտում նրանց յաջողութիւնների մասին, հէնց այդ իսկ օրերին եւս կային հայ ծնողներ, որ դժգոհ էին հայոց դպրոցի կրթական մակարդակից եւ իրենց զաւակներին արձանագրում էին պարսկական դպրոցներում:
Այսինքն՝ սա մի երեւոյթ է, որ մեր համայնքում գոյութիւն է ունեցել միշտ, տասնամեակներ շարունակ մեր համայնքի ծնողների զգալի մեծամասնութիւնը իմանալով մեր դպրոցների իրականութիւնն ու կրթական մակարդակը՝ իրենց զաւակներին ուղարկել են հայոց դպրոցներ. միեւնոյն ժամանակ եղել են նաեւ ծնողներ, անշուշտ՝ փոքրամասնութիւն, որոնք կատարելով հակառակը՝ իրենց երեխաներին ուղարկել են ոչ-հայկական դպրոց:
Բայց, հետաքրքիրն այն է, որ բոլոր ժամանակներում սկսած նրանցից եւ հասնելով պրն. Ռոբերտ Մարգարեանին՝ նրանց այդ քայլին դիմելու պատճառաբանութիւնը մնացել է նոյնը. բոլորն էլ իբր լալիս են մեր դպրոցների ցածրորակ լինելու համար: Հաստատենք, որ իւրաքանչիւր ծնողի սեփական անկապտելի իրաւունքն է իր զաւակներին ցանկացած դպրոցում արձանագրելու խնդիրը:
Պրն. Ռ. Մ.-ն եւս, որպէս ծնող, իրաւասու է տնօրինել իր զաւակի ուսման խնդիրը՝ իր իմացած ձեւով: Սակայն, այստեղ հարկաւոր է մատնանշել, որ հայոց դպրոցները հիմնադրւել են ԲՈԼՈՐ հայորդիների համար, որոնք տարբեր ուժի ու կարողականութեան տէր երեխաներ են, ոմանք օժտւած են արտակարգ ունակութիւններով, ոմանց կարողականութիւնն էլ միջինից պակաս է: Այսինքն՝ այս բոլորը կողք-կողքի նստած՝ սովորում են մեր դպրոցներում եւ հնարաւոր չէ նոյն դպրոցում նրանց առանձնացնելը եւ որոշների համար արտակարգ դրութիւն առաջացնելը:
Դա շատ լաւ է, որ մեր դպրոցները համեմատենք պարսկական լաւագոյն դպրոցների հետ եւ ձգտենք բարձրանալ նրանց մակարդակին, սակայն նկատի ունենանք նաեւ այն իրողութիւնը, որ Թեհրանում գոյութիւն ունեն հարիւրաւոր պարսկական միջնակարգ դպրոցներ. արդեօք նրանցից քանի՞ տոկոսն են հասնում պրն. Ռ. Մ.-ի նշած «Էներժի աթոմի», «Սալամ», «Դոկտ. Հեսաբի», «Ալբորզ նօ» դպրոցների մակարդակին: Պէտք է իրատես լինել եւ չփորձել մի մասնաւոր խնդիր ընդհանրացնել եւ ամէն ինչը սեւ գոյներով ներկայացնել:
Միեւնոյն ժամանակ, չպէտք է կոծկել թերութիւններն ու բացթողումները, այլ միշտ եւ միշտ ու հաստատօրէն պէտք է բարձրաձայն արտայայտւել այդ մասին եւ լուծումներ գտնել. շեշտեմ՝ սա պէտք է անել միշտ եւ ոչ թէ սեփական զաւակի միջնակարգ տարիքին հասնելու պահին: Պրն. Ռ. Մարգարեանը ներկայում Պատգամաւորական ժողովի ատենապետն է, ուսուցիչ է հայոց դպրոցում, եղել է նաեւ Թեմական խորհրդի անդամ եւ այս բոլորից յետոյ հայոց դպրոցներում տիրող իրավիճակի համար մեղաւոր է փնտրում:
Ոնց որ խոհարարը ճաշ պատրաստելիս՝ միսը այրի ու մեղաւոր փնտրի: Եղբայր, ապա եթէ դուք Թեմական խորհրդում, Պատգամաւորական ժողովում ու դպրոցում չէք կարողանում հարցերը լուծել, էլ ո՞ւմ էք մեղաւոր փնտրում:
Դո՛ւք էք տեղեակ բոլոր մանրամասնութիւններին, դուք, որպէս Թեմական խորհրդի անդամ, որպէս պատգամաւոր եւ որպէս ուսուցիչ՝ քաջածանօթ էք ողջ խնդիրներին ու եթէ դուք Ձեզ պատասխանատու չէք զգում, ապա բացատրէք խնդրեմ՝ ինչով էք զբաղւած Ձեր ժողովներում. չէ՞ որ դպրոցների իրավիճակը մեր համայնքի ամենանուրբ խնդիրն է:
Դուք, որ Ձեր իսկ խոստովանութեամբ՝ «անցնող առնւազն տասը տարիների ընթացքում» առիթ էք ունեցել «մօտկից առօրեայ առնչութիւն ունենալ համայնքի կրթական հարցերի հետ», ապա եթէ դուք չէք փորձել լուծել խնդիրները, ապա ո՞ւմ էք ուզում մեղաւոր ճանաչել:
Յուսով եմ՝ լոզունգ չհնչի, բայց անգամ եթէ այսօր սեփական երեխային հայոց դպրոց ուղարկելը զոհաբերութիւն է, ապա եթէ դուք որպէս ազգային-հասարակական գործիչ եւ նամանաւանդ ուսուցիչ՝ պատրաստ չէք այդ զոհաբերութեան, ապա բարոյական ի՞նչ իրաւունքով էք Ձեզ թոյլ տալիս մտնել հայոց դպրոց, արդեօք ի՞նչ պիտի մտածի Ձեր դասերին հետեւող հայ աշակերտը Ձեր մասին: Կամ ի՞նչ երաշխիք գոյութիւն ունի, որ իր երեխային ոչ-հայկական դպրոց ուղարկող ծնողը մեր ազգային ժողովներում ու մարմիններում ներդնի իր ամբողջ կարողութիւնը:
Եւ արդեօք իր երեխային ոչ-հայկական դպրոց յանձնած ուսուցիչը կարո՞ղ է հայոց դպրոցներում լիարժէքօրէն աշխատել ու սրտցաւ մօտեցում ցուցաբերել հայ երեխաների նկատմամբ: Պրն. Ռ. Մարգարեանը իր յօդւածի վերջում կատարում է «ամենահնչեղ» յայտնագործութիւնը եւ շեշտում, որ մեր համայնքը ոչ միայն «սոսկ հայրենասէրների» այլ՝ Իրանի (նաեւ աշխարհի) լաւագոյն համալսարաններում ուսանած իրական հայրենասէր անձանց կարիք ունի» :
Ըստ Ռ. Մարգարեանի արտայայտած վերոյիշեալ մտքերի՝ հայոց դպրոցը արտադրում է «սոսկ հայրենասէրներ», իսկ ոչ - հայկական կրթական հաստատութիւնից ծնւում են «իրական հայրենասէրներ». այ քեզ բան...: Այո, կարիքն ունենք Իրանի եւ աշխարհի լաւագոյն համալսարաններում ուսանած հայորդիների, բայց, ի սէր Աստծոյ, հայրենասիրութիւնը մի պայմանաւորէք ոչ-հայկական լաւագոյն հաստատութիւններում ուսում ստանալով:
Հայկական կամ ոչ-հայկական դպրոցներում սովորող հայ երեխաները բոլորն էլ մեր զաւակներն են եւ, անկասկած, բոլորն էլ հայրենասէր են ու պատասխանատու հայեր, ուստի՝ անարդարացի է նրանց բաժանել իրական եւ սոսկ հայրենասէրների եւ այն բարձրաձայնել մամուլով:
Վերջում՝ մի շեշտադրում:
Ցանկանո՞ւմ ենք արդեօք ունենալ բարձրորակ հայոց դպրոցներ, բնականաբար՝ այո. եւ ո՞վ պէտք է իրագործի դա, եթէ ոչ՝ մեր ազգային իշխանութիւնը, որի բարձրագոյն ժողովի ատենապետն է պրն. Մարգարեանը:
Ուրեմն՝ եթէ կայ անկատարութիւն եւ եթէ այդ գծով տարւող աշխատանքները մինչ այժմ բաւարար արդիւնք չեն տւել, ապա Պատգամաւորական ժողովն է, որ պէտք է պահանջատիրութիւն դրսեւորի պատկան մարմիններից, հարկ եղած դէպքում՝ քննարկումներ կատարելով՝ համապատասխան որոշումների յանգի՝ առ ի գործադրում:
Եթէ չի կատարւում այս ամէնը եւ կրթական իմաստով նահանջ ենք ապրում, ապա ուրիշ տեղ մեղաւոր փնտրելը մեղմ ասած՝ անարդարացի է:
«ԱԼԻՔ»
*** Լուսանկարները եւ ընգծումները՝ vartandavtian.blogspot.com- ից է։
0 Պատգամ:
Post a Comment