Մ.Մաշտոցի Անւան Հին Ձեռագրերի Մատենադարան-Ինստիտուտը Հարստացավ 17-րդ Դարի Եւս Մէկ Հայկական Ձեռագրով



ԵՐԵՒԱՆ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Մ.Մաշտոցի անւան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտը հարստացաւ եւս մէկ` 1689թ-ին գրւած Աւետարանով: Մանրանկարներով, լուսանցագրերով եւ զարդագրերով հարուստ այս ձեռագիրը գրւել է Տաթեւում` Մահտեսի Արիստակէսի կողմից` Նախիջեւանի Ագարակ գիւղի Մարտիրոս սարկաւագի պատւէրով:

Մատենադարանի տնօրէն Հրաչեա Թամրազեանի խօսքով, վերջին 2 տարում բարերարների շնորհիւ հին ձեռագրերի հայակական պահոցը հարստացել է մօտ 100 եզակի ձեռագրերով, որոնք ձեռք են բերւում տարբեր ճանապարհներով: Առաւել յաճախ դրանք տոհմական սեփականութիւն են լինում, որոնք առաջարկւում են Մատենադարանին, եւ վերջինս բարերարների շնորհիւ կարողանում է դրանք ներառել հին ձեռագրերի հարուստ հաւաքածուում:
Տաթեւի այս ձեռագրի նւիրատվութիւնն էլ այսպիսի դէպքերից է, որը գնել եւ այսօր Մատենադարանին նւիրեց «ԱԳԲԱ կրեդիտ ագրիքոլ» բանկի տնօրէն Ստեփան Գիշեանը: Նրա խօսքով, սուրբ վայր համարւող հին ձեռագրերի այս ինստիտուտը հոգեւոր մեծ նշանակութիւն ունի հայերի համար, ուստի երբ իրեն առաջարկւել է գնել ձեռագիրը, առանց վարանելու համաձայնել է:
«Կցանկանայի, որ այս օրինակը վարակիչ լինի իմ գործընկերների համար, եւ հին ձեռագրերի հաւաքագրման այս աւանդոյթը շարունակւի»,- ասաց նա: Թէ որքան է եղել ձեռագրի արժէքը, բանկի տնօրէնը չմանրամասնեց: Վաճառողը ՀՀ քաղաքացի է եղել:
Հր.Թամրազեանի գնահատմամբ, վերջին նւիրատվութիւնը մանրանկարչութեան նմուշներով յագեցած, եզակի եւ պատմական մշակութային արժէք է, քանի որ նոր տւեալներ է աւելացնում Տաթեւի եւ Նախիջեւանի գրչութեան կենտրոնների, այդ տարածաշրջանների մշակութային կեանքի մասին:
«Յատկապէս Նախիջեւանում գրւած ամէն մի ձեռագիր սուրբ մասունք է մեզ համար, քանի որ դրանք ի մի են բերում այդտեղ ապրած հայ ժողովրդի մշակութային կեանքը: Իսկ նման տեղեկութիւնները, Նախիջեւանում տեղի ունեցած ոչնչացումներից յետոյ, շատ դժւար է հայթայթել»,- ասաց նա:
Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր Վարդանեանի բնորոշմամբ, ձեռագիրը բաւական լաւ պահպանւած վիճակում է, այն միայն եզրերից է խոնաւութիւնից վնասւել: Այս ձեռագրի իւրայատկութիւններից է երկաթէ կապիչների ամրացումը կաշւէ կազմին, որի միջուկը տախտակից է:
Էջերի պահպանման նպատակով կազմն ունի նաեւ դռնակ: Կազմին փակցւած է երկաթէ խաչ` զարդարւած քարերով: Քանի որ ձեռագիրն անընդհատ գործածւել է քահանայի կողմից, մաշւել է, ուստի ինստիտուտն այն վերականգնելու համար կը կատարի մասնակի աշխատանքներ:
Մատենադարանի կողմից նւիրատու-բարերար Ստեփան Գիշեանին տրւեց Մ.Մաշտոցի անւան յուշամեդալ եւ ձեռագրերի հաւաքածուի ֆրանսերէն ալբոմ: Նշենք, որ Տաթեւի այս հին մատեանը Մատենադարանի թւով 11 հազար 171-րդ ձեռագիրն է:

0 Պատգամ: