Անհեռատես Լաւատեսութեան Արդիւնքները

«Փառք Աստծոյ, որ կրքերը մարեցին, եւ ամէն ինչ հանդարտւեց»,- ասում է իր զրուցակցին ծանօթ հաղորդավարն ու քաղաքական մեկնաբանը էկրանից` նկատի ունենալով հայ-թուրքական արձանագրութիւններին «ոչ» ասելու` ՀՅ Դաշնակցութեան յուժկու շարժումն ու դրան միացած այլ քաղաքական ուժերի համատեղ կեցւածքը:

Թէ ինչի՞ համար է այդ առիթով Աստծուն փառք տալիս հանրայայտ հեռուստահաղորդավարը` թողնենք իր խղճին, որովհետեւ Աստծուն դիմելու եւ ապաւինելու մէջ պարսաւելի ոչինչ չկայ: Սակայն ուրախանալու առիթ նոյնպէս չկայ:
Նախ` հանրապետութեան ու հասարակութեան այս օրերի համեմատաբար հանդարտ վիճակը խաբուսիկ է այնքանով, որ սպասման հսկայական լարւածութիւն է կրում եւ ամէն պահ կարող է նորից սրւել:
Ակնյայտ է, որ հէնց այդպէս էլ կլինի, երբ արձանագրութիւնները մտնեն խորհրդարան` վաւերացւելու:
Իսկ այժմ մեր խորհրդարանականներն ու գործադիր իշխանութիւնը սպասում են նոյն գործընթացի զարգացումներին` թուրքական խորհրդարանում: Իսկ այնտեղ եղել է ընդամէնը մէկ քննարկում, որը ոչ այնքան հարցերի պատասխաններ տւեց, որքան որ նոր հարցեր ծնեց:
Հայկական մամուլին ու հեռուստատեսութեանը ուշադիր հետեւողները նկատած կլինեն, որ դրանից յետոյ անգամ մեր իշխող կուսակցութիւնների ներկայացուցիչներն սկսեցին աւելի զգոյշ ու քիչ օգտագործել մի անհեթեթ բառակապակցութիւն` «ներքին օգտագործման համար» արտայայտութիւնը:
Եղան էլի խուլ ու համր ձեւացողներ, եղան ջայլամի պէս գլուխները թաքցնողներ, բայց մեծաւ մասամբ հասկացան, որ Թուրքիայի թէ՛ արտգործնախարարի եւ թէ՛ վարչապետի ելոյթները ոչ այնքան ներքին օգտագործման համար էին, որքան արտաքին աշխարհին ուղղւած «վերջնագրեր»:
Եթէ մեր իշխանութիւնները շարունակեն պնդել, թէ Ադրբեջանին սիրաշահելուն միտւած արտայայտութիւնները դարձեալ «ներքին օգտագործման» համար են, ուրեմն կարելի է համաձայնել նրանց հետ` մէկ պայմանով միայն: Ադրբեջանն ու Թուրքիան ներքին օգտագործման նոյն տարածքն ունեն, եւ իրականում չկայ տարբաժանում, չկայ շահերի հակասութիւն, առաւել եւս` դաւաճանութիւն:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը մեզ համար նոյնքան սուրբ է, որքան Թուրքիայի ամբողջականութիւնը»,- ասում է Ահմեդ Դաւութօղլուն, եւ աւելի անկեղծ նախադասութիւն այս ողջ գործընթացի ընթացքում չի լսւել ո՛չ մեր եւ ոչ էլ թուրք իշխանաւորների շուրթերից:
«Թուրքիան չի կարող հանդուրժել, որ Ադրբեջանի տարածքները մնան բռնազաւթւած, ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկար շարունակւել, եւ Թուրքիան կանի ամէն ինչ, արդարութեան վերականգնման եւ տարածաշրջանում խաղաղութեան պահպանման համար»,- ասում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Ընդամէնը մէկ տարի առաջ այս յայտարարութիւնը կարող էր ցնցում ու շոկ առաջացնել թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Ղարաբաղեան բանակցութիւններով զբաղւող միջազգային կառոյցներում: Դրան անշուշտ կհետեւէին բազմաթիւ պատասխաններ:
Մինչ այս յայտարարութիւնները, Թուրքիան էլի յայտարարութիւններ է արել, բայց վերջնագրային պակաս դոզայով, եւ ամէն անգամ մերոնք եւ միջազգայինները հնչեցրել են աւել կամ պակաս ադեկվատ պատասխաններ: Վերջին` Թուրքիայի մէջլիսում հնչած յայտարարութիւնները ոչ մի պատասխանի չարժանացան: Չափաւորւած դոզայով ազդելով դանդաղ ու աստիճանաբար, ի վերջոյ, Թուրքիան հասաւ իր գլխաւոր ասելիքին:
«Եթէ անգամ Ադրբեջանը համաձայնի ներկայիս ստատուս քվոյին, Թուրքիան երբէք չի կարող այն հանդուրժել»,- խորհրդարանական քննարկումներից յետոյ Ահմեդ Դաւութօղլուն ասում է լրագրողներին ու դրանով էլ աւելի կարծրացնում ու թնդացնում գլխաւոր նախապայմաններից մէկը: Սա էլ համարժէք ոչ մի պատասխան չի ստանում: Տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանն այսուհետ աւելի շատ Թուրքիայի հետ պիտի բանակցի Ղարաբաղի խնդրով, քան Ադրբեջանի: Վերոյիշեալ արտայայտութիւններով Թուրքիան իրեն դրեց հարցով ոչ միայն շահագրգիռի, այլ նաեւ որոշողի ու վճռողի դիրքում:
Կրկնում ենք` նման իրավիճակը մէկ տարի, նոյնիսկ կէս տարի առաջ այնքան յաւակնոտ ու անտեղի կթւար, որ Թուրքիային իր տեղը կդնեին: Այսօր բոլորը համակերպւել են նման ամբիցիաներին: Ահա հայ-թուրքական շփումների առաջին «պտուղները», ահա «առանց նախապայմանների» դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու կոյր մղումների ու անհեռատես լաւատեսութեան արդիւնքները:
Հետաքրքիր է, որ այս իրավիճակում մեզանում աւելացել են այն տեսակէտի կրողները, որ հայ-թուրքական նորմալ յարաբերութիւններ չեն լինի, եւ այս ամէնը խաղ էր` ընդամէնը Ղարաբաղեան հարցի կարգաւորման գործընթացը Ադրբեջանա-թուրքական շահերի կողմը տեղաշարժելու նպատակով:

ՀՐԱՉ ՄԱՆՈՒԿԵԱՆ
30/10/2009

0 Պատգամ: