Friday, October 23, 2009

ՇՈՈՒՆ ՍԿՍՒՈՒՄ Է....

ՇՈՈՒՆ (Show) ՍԿՍՒՈՒՄ Է....


Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները հոկտեմբերի 21-ին ներկայացւել են Թուրքիայի խորհրդարանի դատին:

Հաղորդելով այս մասին` «Ազատութիւնը» նշում է, որ հոտեմբերի 20-ին կայացել է Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդի նիստը, որում քննարկւել են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ու քրդական խնդրի լուծման ուղղութեամբ կառավարութեան վերջին ջանքերը:
Նիստից յետոյ յայտարարութիւն է տարածւել, որում ասւած է, որ տարածաշրջանի խաղաղութեան, կայունութեան ու համագործակցութեան համար աշխատանքները ակտիւօրէն շարունակւելու են:
Նշւել է նաեւ, որԹուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը կօգնի լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը:
Չորեքշաբթի օրը խորհրդարան ներկայացնելով արձանագրութիւնները` Թուրքիայի կառավարութիւնը չի ակնկալում, որ անմիջապէս քւէարկութիւն կանցկացւի, քանի որ հակազդեցութիւն կայ երկու կողմերում էլ, ինչպէս նաեւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանում, որի դիրքորոշումն այն է, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները չպէտք է կարգաւորւեն, մինչեւ չլուծւի Ղարաբաղի հարցը, հաղորդում է թուրքական «Անատոլիա» գործակալութիւնը:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացւած ընդդիմադիր ուժերը արդէն իսկ յայտարարել են, որ դէմ են քւէարկելու հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացմանը: «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիի պնդմամբ` մասնաւորապէս, պաշտօնական Անկարան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին որոշում կայացնելով` «անտեսել է եղբայրական Ադրբեջանի շահերը»:
«Հայաստանի հետ արձանագրութիւնները ստորագրելով, հետագայում նաեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ արգելելով ադրբեջանական դրօշները մարզադաշտ բերել` «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կազմած կառավարութիւնը խորապէս վիրաւորեց ադրբեջանցիներին»,- յայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդը:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացւած ընդդիմադիր միւս ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը, որը 550-տեղանոց Ազգային մեծ ժողովում 112 պատգամաւոր ունի, նոյնպէս մտադիր է դէմ քւէարկել արձանագրութիւնների վաւերացմանը:
Դեռեւս յստակ չէ խորհրդարանում մանդատների մեծ մասը տնօրինող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչների վերջնական մօտեցումը:
Թուրք վերլուծաբաններից շատերը չեն բացառում, որ իշխող կուսակցութեան պատգամաւորները կողմ կքւէարկեն Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութեան վաւերացման օգտին միայն:
«Սահմանի բացումը նախատեսող արձանագրութիւնը իշխող կուսակցութեան պատգամաւորները կարող են շաղկապել Ղարաբաղեան կարգաւորման ընթացքի հետ»,- պնդում է թուրքական «Հյուրիէթ» թերթի անգլալեզու տարբերակի խմբագիր Բարչին Յինանջը:

0 Պատգամ: