Gibrahayer.–« Մենք արդէն տեսել ենք Հայաստանի կապակցութեամբ Թուրքիայի խաղաղ կոնցեպցիան. եկէք նոյնը թոյլ չտանք եւ Կիպրոսի դէպքում»


17:05 / 23.10.2009

«Ես շատ եմ վախենում, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հրատապ հարցերը եւ Ցիւրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրւած արձանագրութիւնները բացասական ազդեցութիւն կունենան Կիպրոսի հարցի վրայ։
«Ես նկատի ունեմ 1974 թւականից թուրքական զինւած ուժերի կողմից Կիպրոսի 34,85% տարածքների շարունակւող բռնագրաւումը, ինչի հետեւանքով 142 հազար կիպրոսցիներ ստիպւած են ապրել փախստականի կարգավիճակով։ Չէ որ Անատոլիայի աւելի քան 115 հազար թուրքեր ապօրինի կերպով գաղութացրել են մեր կղզու հիւսիսային մասը»,- Կիպրոսի հայկական համայնքի Gibrahayer հանդէսի էջերում գրել է վերլուծաբան ու հրապարակախօս Ալեքսանդր-Միքայել Հաջիլիրան։
Վերլուծաբանը գրում է, որ «թուրք „իմաստուն դիւանագէտները“ կարող են հանգիստ կերպով օգտագործել տխրահռչակ հայ-թուրքական համաձայնութիւնը, որպէսզի իրենց հերթական խաղերով յիմարացնեն աշխարհին եւ ստիպեն նրան հաւատալ, որ Կիպրոսն իրենից մեծ խնդիր է ներկայացնում. նրանք կարող են Հայաստանի հետ խաղաղութեան պատրանք ստեղծել, որպէսզի ցոյց տան, որ հէնց Կիպրոսն է խնդիրներ հրահրում՝ խօսելով ինչ-որ ապօրինի կեղծ պետութեան մասին։
Այդ „կախարդներն“ արդէն կարողացել են մեր հասարակութեան որոշ ներկայացուցիչների, որոնք կուրօրէն հաւատում են Կիպրոսի դաշնային պետութեանը, ներշնչել այն միտքը, թէ „իսկ ինչո՞ւ՝ ոչ, սատանան տանի։ Մենք ինչո՞վ ենք վատ Հայաստանից“։
Ենթադրենք, մենք կստորագրենք Թուրքիայի հետ համաձայնագիր։ Եւ այդ ժամանակ պատմաբանների յանձնաժողովը կսկսի վերագնահատել այս կղզու 20-րդ դարի պատմութիւնը։ Պէ՞տք է արդեօք մենք հերքենք Կիպրոսի թուրքերի 1963 թւականի ապստամբութիւնը։
Պէտք է արդեօ՞ք հերքենք 1974 թւականին կոպտօրէն ու ապօրինի կերպով երկիր ներխուժելու փաստը՝ հետազոտելով, թէ դա ներխուժո՞ւմ էր, թէ՞ խաղաղ գործողութիւն։ Նման պարագայում մենք ի՞նչ պէտք է ասենք այն փախստականներին, որոնք կորցրել են իրենց տները։ Եւ ինչ կասենք նրանց հարազատներին, ովքեր սպանւել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։
Եւ մի՞թէ Պենտադակտիլոսից (տարածք Հիւսիսային Կիպրոսում) չի հեռացւի թուրքական սարսափելի դրօշը։
Մենք արդէն տեսել ենք Հայաստանի հետ կապւած Թուրքիայի կոնցեպցիան. եկէք թոյլ չտանք, որպէսզի նման բան կատարւի Կիպրոսի հետ։ Ես պարզապէս չեմ կարողանում պատկերացնել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորում առանց անժխտելի ու անվիճելի փաստերի ճանաչման։
Վերադառնալով Կիպրոսի հարցին, նշեմ, որ Թուրքիան երբէք չի հանի իր 35 հազարանոց զօրքը, չի հեռացնի կղզուց 115 հազար թուրքերին, երբէք չի ընդունի իր մեղքը 1975 թւականի կապակցութեամբ եւ երբեք չի վերադարձնի իր կողմից զաւթւած հողերը։ Եւ վերջինը՝ 1975 թւականին Կիպրոսը դարձաւ եւրոպական առաջին պետութիւնը, որը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը»։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: