ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՅԴ ԽԵՆԹ ՀԱՅԵՐԸ ԿՅԵԱՆՔԻ ԳՆՈՎ ՏԵՆՉՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Վաղեմի բարեկամս՝ Սիմոն Ծատուրեանը, Մոսկւայում ճանաչւած է որպէս բանիմաց ու փորձառու փաստաբան, իրաւապաշտպան: Եւ, չեմ թաքցնում, զարմացայ, երբ մի հանդիպման ժամանակ նա անսպասելիօրէն ասաց, որ գեղարւեստական գիրք է հրատարակել, եւ մի օրինակ նւիրեց ինձ:
Եթէ նա գրեր քրէական պատմութիւններ, դա միանգամայն բնական կլինէր. որպէս դատապաշտպան Ծատուրեանը մասնակցել է Ռուսաստանում հայերի սպանութիւնների, ազգային խտրականութեան, հայերի նկատմամբ անարդար վերաբերմունքի հետ կապւած բազմաթիւ դատավարութիւնների: Սակայն նորընծայ գիրքը բոլորովին այլ բնոյթի էր:
Սիմոն Ծատուրեանը ծննդով շամխորցի է: Անձամբ չի ապրել ղարաբաղեան պատերազմին նախորդած՝ ադրբեջանահայութեան արտաքսման դաժան իրադարձութիւնները: Սակայն համերկրացիների ողբերգութիւնը խորապէս վերապրել է եւ վիպական լեզւով վերարտադրել:
«Լեմս» անւանւած վէպը խորապէս զգացմունքային է, բայց ոչ սենտիմենտալ: Մանկութեան երկու մտերիմ ընկերները՝ մոսկւացի բիզնեսմէն Գրիգորը եւ հայաստանցի Աշօտը որոշում են վերադառնալ իրենց կորսւած ծննդավայրը՝ Շամխորին հարեւանող՝ ժողովրդի կողմից Լեմս անւանւած աւանը:
Նրանք չեն էլ մտածում, որ դա թշնամական Ադրբեջանն է, նրանց համար դա իրենց պատմական հայրենիքն է՝ Գարդմանքը, որտեղ դարերով ապրել են նախնիները: Ոտք դնելով ազերացւած հողը, նրանք բախւում են բազում պատահարների, որ բնաւ էլ արկածային չեն համարի. բախւում են ակունքներին վերադարձող մարդկանց հզօր կիրքը եւ դրան հակազդող չար ուժերը:
Վէպը զարգանում է սիւժետային երեք ուղղութիւններով: Լեմսում ժամանակին ապրել են եւանգելիստ գերմանացիներ, որոնց արտաքսել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Յայտնի իրադարձութիւնների հետեւանքով նոյն բախտին են արժանանում տեղի հայ ընտանիքները: Եւ երկու ընկերները դրամատիկ ուղեւորութիւն են ձեռնարկում դէպի մանկութիւն:
Հիւթեղ է Ծատուրեանի լեզուն, երբ նա իր հերոսներին ուղեկցում է իրեն իսկ հարազատ սարերով, ժայռերով, գետերով ու կածաններով, երբ ամայացած հայկական եկեղեցին հանգրւանում է ուժասպառ բախտակիցներին... Եւ ինչքան վսեմ են մանկութեան յիշողութիւնները, ինչքան առինքնող է բնութիւնը, նոյնքան անողոք են իրողութիւնները: Ամուլ է թուրքի միտքը, որը չի հասկանում, թէ ինչո՞ւ են այդ խենթ հայերը կեանքի գնով տենչում վերադառնալ հայրենի տուն: Իրադարձութիւնների զարգացումը ձեռք է բերում էպիկական շունչ, եւ Ամենազօրն իր կործանիչ հարւածով պատժում է Լեմսի չար ուժերին:
Սակայն հետդարձի ուղին բռնում է միայն ընկերներից մէկը: Միւսը չի դառնում նորաթուխ եաթաղանի զոհ: Ոչ: Նա գիտէր, որ ինքը մահացու հիւանդ է, եւ ուզում էր հոգին աւանդել այնտեղ, որտեղից սկիզբ էր առել:
«Լեմս» վէպը լոյս է տեսել Մոսկւայում՝ ռուսերէն: Կասկած չի կարող լինել, որ գիրքը շատ աւելի հնչեղ կը լինի հայերէն:Յ. Գ. Վերջերս հիւրընկալւել էի Մոսկւայի մօտ ապրող նախկին մի շահումեանցու ընտանիքում՝ Կարաչինար գիւղից: Տանտերը՝ ինֆարկտներից կորացած մի այր, ողջ երեկոյի ընթացքում պատմում էր իր հայրենի գիւղի, նրա բնաշխարհի, նրա մարդկանց մասին: Յիրաւի կարօտից կքած ալեւոր: Ապրում է պատկառելի առանձնատանը, ընդարձակ հողամասով, որտեղ աճեցնում է կանաչ լոբի, սինդրիկ ու շուշան... Ես մի օրում պատրաստ եմ թողնել այս ամէնը եւ վերադառնալ Կարաչինարի իմ տունը, եթէ լինի դրա հնարաւորութիւնը, տանջալից համոզմունքով ասում էր նա: Սիմոն Ծատուրեանի գիրքը այս մարդկանց մասին է:



ՌՈՒԲԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ,
Մոսկւա«ԱԶԳ»

0 Պատգամ: