Լիւքսենբուրգում կայացաւ «Հայաստան-Եւրամիութիւն» խորհրդի 10-րդ նիստը



19:49 / 26.10.2009
Լիւքսենբուրգում երէկ՝ հոկտեմբերի 26-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդի 10-րդ նիստը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի նախագահութեամբ։


Նիստին մասնակցել են նաեւ Շւեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, ԵՄ խորհրդի գլխաւոր քարտուղար Խաւիէր Սոլանան, Եւրայանձնաժողովի ղեկավարի արտաքին յարաբերութիւնների գծով տեղակալ Հիւգ Մինգարելլին եւ ԵՄ գործերի պետքատուղար Դիեգօ Լոպես Գարիդոն։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցութիւնը Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում։ Շոշափւել են օրէնքի գերակայութեանը, խօսքի եւ մամուլի ազատութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի ժողովրդավարական հաստատութիւններին աջակցութեանը վերաբերող հարցեր։
ԵՄ-ի հաղորդագրութեան մէջ ասւած է, որ Համագործակցութեան Խորհուրդը իր աջակցութիւնն է յայտնել հայ-թուրքական արձանագրութիւններին։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների լիակատար կարգաւորումը մեծ ներդրում կլինի տարածաշրջանում անվտանգութեան, կայունութեան եւ համագործակցութեան գործում։ «ԵՄ-ն կշարունակի իր քաղաքական եւ տեխնիկական աջակցութիւնը այդ գործընթացին», ասւած է ԵՄ հաղորդագրութեան մէջ։
Ղարաբաղեան խնդրի կարգաւորման առնչութեամբ Եւրամիութիւնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի երկխօսութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչն էլ օգնում է նեղացնել տարաձայնութիւնների տեղիք տւող հարցերի շրջանակը։
ԵՄ-ն նաեւ յայտարարել է իր պատրաստակամութիւնը՝ աջակցել կողմերի միջեւ փոխվստահութեան կայացմանը՝ հակամարտութեան կարգաւորմանը նպաստելու համար։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: