Սկաուտ Քոյրերի Յիշատակը Յաւերժացնող Կոթող
Հայաստանում Հ. Բ. Ը. Մ.-ի «Անդրանիկ» սկաուտական բանակավայրը մուտք գործելիս՝ առաջին հերթին ուշադրութիւն է գրաւում մի յուշակոթող, որի վրայ կայ հետեւեալ մակագրութիւնը՝ «15.07.2009 թ. Թեհրան-Երեւան աւիավթարի զոհւածների, Հ. Բ. Ը. Մ.-ի սկաուտներ՝ Շողեր եւ Նայիրի Ստեփանեան քոյրերի յիշատակին:...
Բանակավայրում Թեհրանի մասնաճիւղի սկաուտները խառնաշփոթ վիճակում էին: Իւրաքանչիւր սկաուտ աշխատում էր որեւէ տեղեկութիւն ստանալ ահաւոր պատահարի մասին եւ պարզել զոհւածների անունները: Իսկ մի քանի ժամ յետոյ տիրեց լռութիւն... լսւում էին միայն լացի ու աղաչանքի ձայներ, որոնք կարծես խեղդւած կոկորդներից էին ելնում հազիւ...Լուրերը սարսափելի էին, անհաւատալի, կորուստները՝ անփոխարինելի:
Սկաուտներից ոմանք կորցրել էին հարազատներ, ոմանք՝ ընկերներ, իսկ Հ. Բ. Ը. Մ.-ի սկաուտական կազմը բացի այդ՝ սգում էր իր տարիների սկաուտներ՝ Շողերի եւ Նայիրիի մահը, անհաւատալի մի երեւոյթ՝ բոլոր սկաուտների համար: Ոմանք հազիւ մէկ շաբաթ առաջ էին նրանց հանդիպել եւ պայմանաւորւել, որ յաջորդ հանդիպումը հէնց Հայաստանում կը լինի, բայց՝ աւա՜ղ...
Անցեալի քաղցր յուշերը վերարթնանում էին բոլորի մտապատկերում, անցկացրած օրերը՝ բանակումներում, արշաւներում... Շողերի գեղեցիկ ձայնը եւ անմոռանալի ելոյթները՝ միութեան տարբեր միջոցառումներում, Նայիրիի ճկուն շարժումները՝ բեմում...
Չգիտես՝ ինչպէս սփոփել վշտահար սրտերը, ինչով մխիթարել միմեանց, աւա՜ղ, ելքը չի գտնւում...Հ. Բ. Ը. միութեան երկրորդ «Անդրանիկ» բանակումի բացման արարողութիւնն սկսւեց նախ երկու րոպէ լռութեամբ եւ ապա՝ հոգեհանգստեան արարողութեամբ:
Թեհրանի մասնաճիւղի բոլոր սկաուտները հագուստի վրայ կրում էին սեւ ժապաւէններ: Այսպէս՝ սկսւեց երկրորդ «Անդրանիկ» բանակումը եւ Շողերի ու Նայիրիի յիշատակը մինչեւ բանակումի վերջին օրը բոլոր ծրագրերի ընթացքում նշւեց:Ամենագլխաւորը՝ որոշում առնւեց, որ նրանց յիշատակը յաւերժացնելու համար՝ բանակավայրում տեղադրւի մի յուշակոթող:
Պատահարից եօթ օր յետոյ այդ յուշակոթողի բացումը կատարւեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլճեանի նախագահութեամբ կատարւած արարողութեամբ, որից յետոյ օրւայ առիթով արտայայտութիւններ ունեցան՝ Սրբազան Հայրը, Լոռու մարզպետը, Հ. Բ. Ը. միութեան Երեւանի գրասենեակի փոխտնօրէն Յովիկ Իւրդէքեանը եւ բանակավայրի ընդհանուր պատասխանատու Գէորգ Սանթուրեանը: Այնուհետեւ Շահումեան գիւղի աշակերտուհիները ելոյթ ունեցան պատշաճ ասմունքներով:
Յուշակոթողի բացման արարողութեանը ներկայ էին՝ Հ. Բ. Ը. միութեան Երեւանի գրասենեակի պատասխանատուները, Լոռու մարզի մարզապետը, Շահումեան գիւղի գիւղապետը եւ մի շարք այցելուներ, որոնք ինքնակամ կերպով եկել էին՝ ցաւակցելու եւ արարողութեանը ներկայ գտնւելու:
Երբ խորն ենք մտածում, համոզւում ենք, որ մեզ հետ չեն այլեւս Շողերն ու Նայիրին: Ինչեւէ, պէտք է հաշտւենք այս դառն ու դաժան իրականութեան հետ, սակայն պէտք է աշխատենք ամէն կերպ վառ ու պայծառ պահել նրանց քաղցր յիշատակը:

* * *

Դէպ երկինք էին հայեացքները մեր՝
Գտնելու անցած ճանապարհը ձեր,
Փնտրելու համար արդարութիւնը,
Թեթեւացնելու անհուն վիշտը մեր.
Մահագոյն թախծով անհաւատալի
Երկինքն այդ օր մութ էր...
Սգագոյն... դառն էր... ցաւալի...
Առանց ձեզ՝ մնաց լոկ ցաւ, տառապանք,
Առանց ձեզ՝ որքա՜ն արցունքներ պիտ լանք.
Գոնէ հասնէինք՝ ձեզ հրաժեշտ տանք:


Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: