Վիզաների աւելի մատչելի կարգ ազգութեամբ հայերի համար


11:31 / 28.10.2009
ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրէնքում փոփոխութիւնների կատարման մասին նախագիծը, որը, մասնաւորապէս, սահմանում է վիզաների տրամադրման աւելի մատչելի կարգ հայազգի այն անձանց համար, ովքեր գործունեութիւն են ծաւալում մշակոյթի, կրթութեան եւ յատկապէս` գործարարութեան ոլորտներում: Նախագիծը միտւած է Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարգացմանը:
Եթէ ներկայումս գործող օրէնքով, ժամանակաւոր կացութեան կարգավիճակ (մէկ տարի ժամկէտով) է տրւում բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն մօտ ազգականներ, աշխատանքի թոյլտւութիւն կամ զբաղւում են գործարարութեամբ, ապա նոր օրինագծով առաջարկւում է ժամանակաւոր, ինչպէս նաեւ մշտական կացութեան իրաւունք տալ նաեւ ծագումով հայերին:
«Սրանով փորձում ենք ազգութեամբ հայերին ցանկութեան դէպքում հնարաւորութիւն ընձեռել բնակւել հայրենիքում. սա կարող է խթանել նաեւ հայրենադարձութեանը»,-նշել է նախարար Հրանուշ Յակոբեանը:
Գործող օրէնքով նախատեսւում է, որ խախտում կատարելու համար վարչական պատասխանատւութեան ենթարկւելուց յետոյ անձը եւս մէկ տարի չի կարողանայ վիզայ ստանալ:
Իսկ ահա առաջարկւող նախագծով վերացւում է այդ մէկամեայ ժամկէտը, եւ վարչական պատասխանատւութիւն կրելուց ու համապատասխան տուգանքը վճարելուց յետոյ անձի կացութեան խնդիրները կարգաւորւում են: Իսկ եթէ չի կատարում վարչական օրէնսգրքով սահմանւած իր պարտականութիւնները, ապա անձը մէկ տարի յետոյ կարող է դիմել` վիզայ ստանալու համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: