ՁԵՐԲԱԿԱԼՒԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական եւ քննչական գործողութիւնների արդիւնքում կալանաւորւել է ՀՀ քաղաքացի Գէորգ Վոլոդեայի Հայրապետեանը, որը համագործակցել է ադրբեջանական յատուկ ծառայութիւնների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Գ. Հայրապետեանը նախկին զինծառայող է, պահեստազօրի փոխգնդապետ, 2007-ին հեռացւել է ՀՀ ԶՈՒ-ից` զինւորական եւ ծառայողական կարգապահութեան կանոնների կոպիտ խախտման համար:
Գ. Հայրապետեանին առաջադրւել է մեղադրանք ՀՀ Քրէական օրէնսգրքի 299 յօդւածի 1-ին մասով` պետական դաւաճանութիւն` լրտեսութեան ձեւով: Նոյն գործով կալանաւորւել է նաեւ Գ. Հայրապետեանի եւ ադրբեջանական յատուկ ծառայութիւնների միջեւ կապ իրականացնող օտարերկրեայ մի քաղաքացի:
Քրէական գործով նախաքննութիւնը վարում է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան քննչական վարչութիւնը:

0 Պատգամ: