Գործընթացը Եւ Հետեւանքները

Եւ ահա այսպէս` Հայաստանը համաձայն է Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների զարգացման գործընթացի համար պատրաստւած արձանագրութիւններին: Եթէ «ամէն ինչ լաւ ընթանայ», երկու ամսից սահմանը պիտի բացւի:
Այս լուրը լսելով` բոլոր հայերը` Հայաստանում թէ Սփիւռքում, համայն աշխարհի նախարարութիւնների, կառավարութիւնների ու բոլոր կուսակցութիւնների օրինակին հետեւելով, պիտի ծափահարէին ու իրար շնորհաւորէին տարածաշրջանի քաղաքական կայունութիւնն ու Հայաստանի տնտեսական վերականգնումը երաշխաւորող նոր հորիզոնի համար:
Այդուհանդէրձ, առկայ է մի քանի հիմնական հարց: Ի՞նչ արժէ մի համաձայնութիւն, եթէ պիտի կայանայ մեր ժողովրդի հիմնական արժէքների ու հայկական պետութեան ինքնիշխանութեան անտեսման վրայ եւ ի վնաս ներկայ ու ապագայ սերունդների ազգային հիմնարար շահերի:
Երեք հիմնական խնդիր.- Ինչպէ՞ս պիտի պաշտպանւի հայ ժողովրդի իրաւունքը նրանից խլւած ու բռնագրաււած հողերի կապակցութեամբ.- ո՞ւր է հասել Հայոց ցեղասպանութեան ընդունման ու ճանաչման հարցը.- ի՞նչ է լինելու Արցախի ապագան:
Դժբախտաբար, մենք շատ լաւ գիտենք այս հարցերի պատասխանները:Թէեւ յայտարարւած է, թէ բանակցությունները պէտք է ընթանան «առանց նախապայմանների», Թուրքիան այս գործընթացի սկզբից կրկնում է.- Հայաստանը պէտք է ճանաչի Թուրքիայի ներկայ սահմանները.- պատմաբանների յանձնաժողովը պէտք է խորհրդակցի Ցեղասպանութեան պատմական իրողութեան շուրջ.- Ղարաբաղի հարցը պէտք է լուծւի` առանց վտանգելու Ադրբեջանի շահերը (ինչը նշանակում է անկախութեան գաղափարի մերժում):
Թուրքիան ի սկզբանէ իր բոլոր յայտարարութիւններում յարուցում է այս նախապայմանները, չնայած որ բուն գործընթացը փորձում է օգտագործել ի շահ իր ռազմաքաղաքական նպատակների, ներկայանալ իբրեւ նոր ու բաց մի պետութիւն, որը խզել է կապը քեմալականների ազգայնական ծայրայեղ դիրքորոշումների հետ:
Խորքում որեւէ կարեւոր բան չի փոխւել ո՛չ սահմանների, ո՛չ Ցեղասպանութեան ճանաչման եւ ո՛չ էլ Ղարաբաղի ապագայի առնչութեամբ: Միայն Հայաստանն է, որ, իր տկար դիրքի բերումով, ձեւացնում է, թէ դրական փոփոխութիւններ է տեսնում թուրքական դիւանագիտութեան մէջ, որոնք, նրա տեսանկիւնից, առաւել յարմար ընթացք են ընդունել ի տես հայ ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեան:



Ռիշար ԱՆԱՆԵԱՆ
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի
ԿԿ համանախագահ

0 Պատգամ: