Saturday, October 31, 2009

ՏՂԵՐՔԸ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԵՆ...

ՏՂԵՐՔԸ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԵՆ...



Արձանագրութիւնների ստորագրմանը նախորդող օրերին` այն անորոշ ու անհաստատ օրերին, երբ գիշեր ու զօր հոգիդ փոթորկւած էր նոյն մտատանջութեամբ, թէ, ինչպէս տատս կասէր` «ջանըմ, վերջը ի՞նչ պիտի լինի... ամէն զրկանք տարանք, հլը դիմանում ենք, փորձում գոնէ պահել հպարտութիւններս, հիմա դա՞ էլ են ուզում խլել», մի քիչ ոգեւորւում էի` հրապարակում ամէն օր հանդիպելով Արցախեան ազատամարտի մասնակից լեգէնդար տղերքի:
Շատերը հաշմանդամ, իրենց առօրեայում բազում կենցաղային ու առողջական խնդիրներով խեղդւած, բայց գալիս էին մասնակցելու հացադուլին, ցոյց տալու, որ երբէք չեն թողնի ինչ-որ մէկին` խլել իրենց ազգային արժանապատւութիւնը, եկել են ասելու, որ «տղերքը դեռ շարքերում են», եւ որ ոչ մի դժւարութիւն ու զրկանք չի վախեցնում իրենց, երբ խօսքը պատւի, ազգային դէմքն ու նկարագիրը պահելու մասին է:
Վախեցող լինէին, զէնք չէին վերցնի ու մեկնի Արցախ` գիտակցելով, որ նայելու են մահւան աչքերին, տեսնելու են ամէն տառապանք ու դժւարութիւն: Չէին գնացել իւղ ու մեղր ուտելու, նրանց համար իւղն ու մեղրը ազատագրւած ամէն մի թիզ հողն էր, որի վրայ այսօր ծածանւում է Ազատ Արցախի դրօշը:

Յանուն այդ մի թիզ հողի նրանք օրերով ե՛ւ սոված մնացին, ե՛ւ մրսեցին, ե՛ւ կորցրին առողջութիւն, ամէն, ամէն ինչ, բայց... ձեռք բերեցին հպարտութիւն, ուղղեցին մեր կորացած մէջքը, դարասկզբին եղեռն տեսած ժողովրդի պատմութեան 20-րդ դարի էջը փակեցին յաղթանակով, յետ բերեցին մեր ազգային արժանապատւութիւնը:
Եւ նորից դուրս եկան հրապարակ` արհամարհելով տարիների ընթացքում իրենց հանդէպ դրսեւորած անտարբերութիւնն ու վիրաւորանքը, սոցիալական ծանր վիճակը, աղքատութիւնն ու ընտանիքի ամէնօրեայ բազմազան հոգսերը, լքւածութիւնն ու մենակութիւնը, տարիներ ի վեր ապրած` խաբւած լինելու զգացումը սրտում... Խաբւած, քանզի, ում վստահել է իր նւաճած անկախութիւնը, դարձրել է այն կախւածութիւն, խաբւած, որովհետեւ երբ հաշմանդամութեան թօշակը չեն տւել, թէ` փող չկայ, տեսել է` որոշները ոնց են այդ փողերը վատնում...
Դրան դիմացողը հացադուլ չէ, ամէն ինչի էլ կդիմանայ, առաւել եւս, երբ դաւանում է այնպիսի արժէքների, վեհ գաղափարների, յանուն որոնց պատրաստ է զոհաբերել անգամ կեանքը:
Եւ նրանք այսօր ոտքի են ելել` բողոքելու յանուն նոյն այդ արժէքների ու գաղափարների, չեն նեղացել ու լքել հայրենիքը, վարկեան իսկ չեն դադարել հայ մնալուց ու հայեցի ապրելուց յանուն այդ գաղափարների: Եւ վերջապէս` դրա շնորհիւ են այսքան տարիներ տարել, նէրել ու սիրել... Երբէք իրենց հերոսութեան մասին չեն թմբկահարել, չեն ասել` բայ, գիտէ՞ք` մենք Արցախում, էս կռւին, էն կռւին...», թէեւ իրենց հարուստ կենսագրութեամբ լիովին ունէին դրա իրաւունքը:
Չեն ասել, որովհետեւ նախ` դրա կարիքը չեն զգացել. նրանց հաւաքական յաղթանակի արդիւնք Արցախի ազատութիւնը իրողութիւն է, եւ երկրորդ` իրենց չգործած սխրանքների մասին այսօր թմբկահարողներն այնքան շատ են, կրծքներին էլ` հաստ-հաստ մեդալներ, որ «անյայտ զինւորի» սխրանքի մասին դրանց կողքին խօսելը ոմանց համար կարող է աւելորդ թւալ:
Բայց հոգ չէ: Գարեգին Նժդեհը կասէր` «պահի հերոս կարող է լինել ամէն բախտախնդիր, դու դա մեծ բան մի համարիր, բարեկամս, պատմութեան հպարտութիւնը ժամանակի հերոսներն են, նրանք, որոնց ծնում է ժամանակը եւ յաւերժ պահում իր յիշողութեան մէջ»:
Մեր ողբերգութիւններից մէկն էլ հէնց այն է եղել, որ իսկական հերոսներին չենք կարողացել գնահատել ու արժանին մատուցել, միշտ էլ ոչ իրական հերոսները ստւերել են ճշմարիտ հայրենասէրներին: Բայց ժամանակը, ժողովուրդն ու սերունդները իրենց հոգում պահել են միայն արժանաւորներին, դժւարին պահերին առաջնորդւել նրանց կերպարով, նրանց ուղենշով:
Օրեր շարունակ Հանրապետութեան հրապարակում հաւաքվածները այդ յարատեւ պայքարի շարունակողներն էին, այն պահանջատէրերը, որոնք ուզում են տէր կանգնել իրենց անցեալի ու ապագայի ժառանգութեանը` երբէք թոյլ չտալով դրա դոյզն-իսկ սակարկումը:
Մո՞ւշը, Վա՞նը, Սասո՞ւնը, Կարի՞նը, Կա՞րսը, Անի՞ն, Արդահա՞նն ու Ալաշկե՞րտն են սակարկութեան առարկայ, թէ մեր պապերի անթաղ ոսկորները: Ո՞ր մէկիս գերդաստանին բաժին չի ընկել գեհէնի ճանապարհը, եւ եթէ թոյլ տանք այսօր սակարկել պատմական իրողութիւնները «ցեղասպանութեան փաստն ուսումնասիրող յանձնաժողովի» կամ չգիտեմ ինչի մակարդակով, ուրեմն թոյլ ենք տալիս մեր պապերի, մեր գերդաստանի ու վերջապէս մեր ինքնութեան սակարկումը:
Եթէ լռենք, մի օր էլ կզգանք, որ ակամայից մենք էլ ենք դարձել մի աններելի յանցագործութեան մասնակից: Կզգանք, որ Արաբոյի, Աղբիւր Սերոբի, Գէորգ Չավուշի, Սօսէի եւ միւս ֆիդայիների անունները տալու, նրանց ձօնւած երգերը երգելու իրաւունք չունենք, եւ, վերջապէս, մի օր կզգանք, որ մեր ոտքերը չեն շարժւում առաջ, որ մեզ տանեն Եռաբլուր: Փոխարէնը տանջում է մի հարց. «Ինչպէ՞ս նայեմ տղերքի աչքերի մէջ»: Այս ամէնն այնքան պարզ ու շաղկապւած են, այնքան հասկանալի...
Օրերս, արդէն չգիտեմ` որերորդ անգամ, թերթում էի մի գիրք, որ նշանաւոր հայդուկ Սեբաստացի Մուրադի յուշերն են: 1915թ. արիւնօտ օրերին մեծ հայորդին օրագրի ձեւով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, յաճախ` թուղթը ծնկին դրած կամ լեռների քարերին, անձրեւի կամ կիզիչ արեւի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից:
Դրանցից մէկում` 1915թ. յուլիսի 17-ի յուշագրութեան մէջ, բառացիօրէն կարդում ենք հետեւեալ տողերը. «Անէծք, բիւր անէծք անոր, որ թուրքից վրէժ չի լուծեր եօթը պորտէն անդին: Եթէ իմ աչքովս տեսածներն ընթերցողը տեսած ըլլայ, կարելի է մեռելներին ալ կտակէ, որ վրէժխնդիր ըլլան: Խնայել պէտք չէ: Հայերի գլխին բերած չարիքներէն քարերն անգամ կդողան»:
Կարդում ես ու մտածում` ախր ո՞ր իրաւունքով ես, օրինակ, այս Մեծ Հայի ու Ազգի Մեծ Նւիրեալի գրածն անտեսեմ ու հէնց վաղն առաւօտ թուրքի հետ «ախպեր-ախպեր խաղամ», յետոյ էլ թռվռալով գնամ Արեւմտեան Հայաստան, թէ` եկել եմ մեր վանքերում ու եկեղեցիներում մոմ վառեմ... Էլ ո՞ր եկեղեցին (եթէ, իհարկէ, մի կանգուն եկեղեցի գտնեմ) իմ աղօթքը կընդունի ու կբարձրացնի առ Աստւած, որ ես էլ ինձ լաւ զգամ, վերջում էլ մի քանի էժան չուլ ու փալաս առած հետ գամ ու «օրհնեմ էն սհաթը», երբ թուրքի ոտքը մեր լիս աշխարհը մտաւ... Այն ժամանակ իրօք որ անէծքի արժանի կլինեմ...


ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
«ԵՐԿԻՐ»

0 Պատգամ: