ՍԵՆԱՏԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՒԸ
ԽԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԹՂԹԵՐԸ


Դաւութօղլուն նշեց, որ պատմական արխիւների ուսումնասիրման ընդունումը Հայաստանի կողմից նշանակում էր, որ հայերը հրաժարւում են պատմութեան միակողմանի մեկնաբանութեան իրենց դիրքերից եւ ընդունում են Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը` հիմնւած անցեալի պայմանագրերի վրայ: Նա նաեւ նշեց, որ արձանագրութիւնները նպաստելու են «ազատագրելու ադրբեջանական տարածքները», այսինքն` Ղարաբաղը (Արցախը):
Հասկանալի է, որ Դաւութօղլուն փորձելու էր արձանագրութիւններին տալ հնարաւորինս լաւ մեկնաբանութիւն, որպէսզի ապահովէր դրանց վաւերացումը, ասենք, որ նրա թւարկած երեք հիմնաւորումները հէնց նոյն պատճառներն են, որոնց դէմ էին արտայայտւում հայերից շատերը:
Ինչպէս ակնկալւում էր, Դաւութօղլուն խիստ քննադատութեան ենթարկւեց խորհրդարանի ընդդիմադիր կուսակցութիւնների կողմից, որոնք դէմ են արձանագրութիւններին: Ամենախիստ քննադատութիւնն, այդուհանդերձ, հնչեցրեց խորհրդարանի քրդական խմբակցութեան առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշը, որը կառավարութեանը պատասխանատւութեան կանչեց «հայոց կոտորածների» փաստերն աղաւաղելու եւ ժխտելու համար:
Նման քննադատությիւն երբէք դրանցից առաջ չէր հնչել թուրքական խորհրդարանում: Դեմիրթաշը համարձակօրէն ասաց. «Հաւատացած ենք, որ ժամանակն է խօսելու մի թեմայի շուրջը, որն այնքան տառապանք է պատճառել հայ ժողովրդին: Դա թուրքական հանրապետութեան առաջ ծառացած գլխաւոր խնդիրներից մէկն է: Հարիւր տարի առաջ իթթիհադական կուսակցութիւնը` նպատակ ունենալով ամբողջ Անատոլիան թուրքացնելու, հետամուտ եղաւ բնաջնջելու բոլոր ոչ մահմեդականներին, յատկապէս հայերին, նրանց այս տարածքներից տարագրելու եւ կոտորելու միջոցով»:
Անտեսելով իր հասցէին ուղղւած կառավարող կուսակցութեան (AKP) եւ այլոց վիրաւորանքները, Դեմիրթաշը քննադատեց կառավարութեան ժխտողական քաղաքականութիւնը, որը, նպատակ ունենալով խուսափելու այդ «ողբերգութեան» հետեւանքներից, ստեղծում էր «կեղծ մի պատմութիւն»` կարծես այդ բոլորը երբէք էլ տեղի չի ունեցել: «Մենք պարտաւոր ենք խօսել այդ ամէնի մասին եւ ճշտել մեր տւեալները», եզրակացրեց նա:
Թուրքական խորհրդարանում ելոյթ ունենալուց անմիջապէս յետոյ Դաւութօղլուն Բաքու թռաւ` հանգստացնելու ադրբեջանցիների բորբոքւած նեարդերը արձանագրութիւնների կապակցութեամբ: Հասկանալով նրանց վրդովմունքի խորութիւնը, նա ստիպւած էր մի քանի արտասովոր յայտարարութիւններ կատարել` ասելով. «Ադրբեջանի հողերը մեզ համար սուրբ են, եւ դրանց ազատագրումը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է: Մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը, նոյնիսկ եթէ երկինքը փուլ գայ երկրի վրայ»: Նա նաեւ աւելացրեց. «Եթէ կարիք լինի, 72 միլիոն թուրքերը պատրաստ են մահանալու Ադրբեջանում»:
Ադրբեջանի ղեկավարները, սակայն, այնքան էլ չտպաւորւեցին Դաւութօղլուի խօսքերից: Շարունակւեց Թուրքիայի ֆինանսաւորմամբ գոծող մզկիթների փակումը, վերացւեցին Բաքւում թուրք նահատակների գերեզմանի վրայից թուրքական դրոօշները եւ սպառնալիքներ հնչեցին բարձրացնելու թուրքերին վաճառւող նաւթի գինը:
Մինչ չափազանց յագեցած ծրագրով Դաւութօղլուն գտնւում էր Բաքւում, Վաշինգտոնից հեռարձակւած լուրը եկաւ խառնելու Անկարայի քաղաքական խաղաթղթերը: Մի նոր բանաձեւ ներկայացւեց Մ. Նահանգների Սենատին` վերահաստատելու Հայոց ցեղասպանութեան փաստը: Այս անակնկալ զարգացումը ուժեղ ազդանշանային պատգամ էր` ուղղւած ոչ միայն Թուրքիային, այլեւ Հայաստանի, Ռուսաստանի, Եւրոմիութեան եւ անգամ Մ. Նահանգների ղեկավարներին:
Ի հեճուկս իրենց ակնկալիքների, թուրք ղեկավարները հասկացան, որ արձանագրութիւնները վերջ չէին դնելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերահաստատման գործընթացին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը տագնապել էր եւ անմիջապէս քննադատեց բանաձեւի անցկացումը «Ամերիկայի ձայնին» տւած իր հարցազրոյցի ընթացքում: Նա «ցաւալի» եւ «անյաջող» հորջորջեց նման բանաձեւի առաջադրման ժամանակը, ակնարկելով, որ դա տեղի էր ունեցել Թուրքիայում արձանագրութիւնների խորհրդարան մտնելու յաջորդ օրը: Յարգարժան դեսպանը մօռացաւ, սակայն, նշել, թէ երբ էր, իր կարծիքով, առաւել յարմար ժամանակը դրա համար:
Թուրքիայի առաջնորդներն այժմ երկընտրանքի դժւարին կացութեան առաջ են կանգնած: Եթէ շտապեն վաւերացնել արձանագրութիւնները, որպէսզի բանաձեւը զրկեն քաղաքական պաշտպանութիւնից, ապա նեղացնելու են իրենց ազերի «եղբայրներին»` Ղարաբաղի վերաբերեալ իրենց խոստումը չկատարելու կապակցութեամբ:
Միւս կողմից, եթէ նրանք հետաձգեն վաւերացումը մինչեւ յաջորդ տարւայ ապրիլի 24-ը եւ աւելին (ակնկալելով, որ Հայաստանը զիջումներ կը կատարի Արցախի հարցի վերաբերեալ), ապա վտանգի կենթարկեն իրենց, այն իմաստով, որ մինչ այդ Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը (կամ երկուսն էլ) ընդունած կլինեն Հայոց ցեղասպանութեան ճանաչման նոր բանաձեւը: Հաշւի առնելով, որ 2010 թւականը ընտրութիւնների տարի է Ներկայացուցիչների պալատի բոլոր եւ Սենատի մէկ երրորդ անդամների համար, Կոնգրէսի պատգամաւորներն, ըստ սովորութեան, աւելի պատասխանատու են զգալու ընտրազանգւածին տւած իրենց խոստումների հանդէպ եւ դրանով մեծացնելու բանաձեւի ընդունման հաւանականութիւնը:
Աւելին, նախագահ Օբաման պարտաւորւած է լինելու ճնշել թուրքերին, որ վաւերացնեն արձանագրութիւնները նախքան ապրիլի 24-ը, որպէսզի առնւազն «երես ունենայ» իր յաջորդ «Մեծ եղեռն» բառերը հնչեցնելու:
Հետեւաբար, եթէ Հայաստանի ղեկավարները շարունակեն պինդ մնալ հասարակութեանը տւած իրենց պարտաւորութիւններում, եւ ոչ մի զիջումի չգնան, ապա Անկարայի առաջիկայ քայլերի ղեկը կպահեն իրենց ձեռքերում:
Միաժամանակ, նախագահ Սարգսեանը նոյնպես պէտք է պահի իր խոստումը` կապւած ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շարունակման հետ: Այս առիթով լաւ կլինի, որ նախագահ Սարգսեանը նամակ յղի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարութեանը` քաջալերելու նրանց առաջադրած բանաձեւի անցկացումը: Հաշւի առնենք, որ թուրքական կառավարութիւնը ոչ մի անգամ չի տատանւել նամակների միջոցով հակաքարոզչութիւն ծաւալելու ընդդէմ կոնգրէսական բանաձեւերի ընդունման:
Մ. Նահանգների Կոնգրէսին հասցէագրւած նման պաշտպանական նամակը նւազագոյնն է, որ Հայաստանի նախագահը կարող է անել: Դա նաեւ այն ազդանշանային պատգամը կը հնչեցնի Վաշինգտոնին, Մոսկւային եւ այլոց, որ Հայաստանը չի հրաժարւում իր պատմական իրաւունքներից, անգամ այլ բնագաւառներում զիջումներ կատարելու ճնշումների ենթարկւելու դէպքում:
Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` խուսափելու համար հետագայ սխալ քայլերից:

Թարգմ. Հ. Ծ.

«ԱԶԳ»

0 Պատգամ: