ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՒԱՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԻ ՎՐԱՅ
ձեռքերն, ասենք, մաքրւեցին, իսկ մտքե՞րը...
Ս.Սարգսեանը երէկ, այսպէս ասած, հարցազրոյց է տւել Արցախի հանրային հեռուստաընկերութեանը` պատասխանելով ընդամէնը երկու հարցի: Այսինքն` ակնյայտ է, որ հարցազրոյցի ամբողջ նպատակը այդ երկու հարցի շուրջ արտայայտւած մտքերն են, որոնց իմաստը հետեւեալն է. խօսել եւ յայտարարել բանակի մարտունակութեան մասին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլի վերաբերեալ անել որոշակի բացայայտումներ:
Բանակի մարտունակութեան մասին արւած յայտարարութիւններն ինչ-որ տեղ բնական են, իսկ ինչ-որ տեղ նաեւ երեւի թէ պայմանաւորւած են այն հանգամանքով, որ հասարակութեան շրջանում բաւական հակասական տպաւորութիւն է ձեւաւորւել այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ 2010 թւականի ՀՀ ռազմական բիւջեն կրճատւում է մօտ 25 տոկոսով` այն դէպքում, երբ Ադրբեջանն ամէն տարի աւելացնում է իր ռազմական ծախսերը:
Ս.Սարգսեանի այցը եւ մարտունակութեան մասին յայտարարութիւնները, թերեւս, հէնց այն նպատակն ունեն, որ թէ ՀՀ հասարակութեան եւ թէ Ադրբեջանի համար ցրեն բանակի ծախսը կրճատելու հանգամանքից ստացւած տպաւորութիւնը: Բայց հարց է առաջանում, թէ իսկ ինչո՞ւ էր հարկաւոր անել այդ բանը: Արդեօք կայ՞ ռազմական գործողութիւններն սկսելու գայթակղութիւն Ադրբեջանի մօտ:
Չէ՞ որ միջազգային հանրութիւնը կողմ է արտայայտւում խաղաղութեանը, իսկ հայ-թուրքական գործընթացն էլ, ի հեճուկս Ադրբեջանի դժգոհութիւնների, նւազեցնում է ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը, ինչպէս հէնց ՀՀ իշխանական քարոզչութիւնն է սիրում պնդել:
Ուրեմն ինչո՞ւմն էր վտանգը, որ կար բանակի մարտունակութիւնն ընդգծելու այդքան հրատապ անհրաժեշտութիւն: Արդեօ՞ք իշխանութիւնն առկայ, այսպէս ասած, խաղաղատենչ պրոցեսների մեջ տեսնում է որոշակի արհեստականութիւն եւ ծուղակ: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտութեան բանակցութեան խնդրին, մասնաւորապէս տարածքային զիջումների շուրջ համաձայնութեան մասին Ադրբեջանի ղեկավարութեան պնդումներին, ապա Ս.Սարգսեանն ակնյայտօրէն փորձում է մի պատասխանով երկու նապաստակ խփել:
Նախ` նա փորձում է ցոյց տալ, որ ինքը որեւէ տարածքային համաձայնութեան չի եկել, եւ բացի այդ, փորձում է ակնալկել, թէ ում հետ են ադրբեջանցիները եկել այդպիսի համաձայնութեան: «Կարծում եմ` ճիշտ կլինի, որ եւ մենք, եւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցութիւնների ներկայ փուլի վրայ, ոչ թե փորձենք ինչ-որ հատւած կտրել նախկին բանակցութիւններից եւ ներկայացնել սեփական լսարանին», - ասում է Ս.Սարգսեանը: Ի՞նչ է նշանակում նախկին բանակցութիւններ:
Ս.Սարգսեանը մի կողմից փորձում է դաս տալ ադրբեջանցիներին, միւս կողմից հասկացնել հայաստանցիներին, որ տարածքային զիջումների մասին բանակցել են նախկինում, այսինքն` Ռ.Քոչարեանի օրոք: Պարզ է, թէ ուր է թեքում Ս.Սարգսեանը` ցոյց տալով, թէ իրականում ում ժամանակ է լուծւել տարածքներ յանձնելու հարցը: Բայց միեւնոյն ժամանակ նաեւ ակնյայտ է, որ փորձելով ձեռքերը մաքրել Ռ.Քոչարեանի վրայ` Ս.Սարգսեանը չի փորձում հետ կանգնել այդ համաձայնութիւնից եւ բացառել տարածքների հարցի առկայութիւնը հետագայում, այլ ընդամէնը ցանկանում է, թերեւս, ամբողջացնել այն եւ վերջնական տեսքի բերել առեւտուրը` տարածք կարգավիճակի դիմաց սկզբունքով:
Պարզապէս յետոյ Սերժ Սարգսեանը կասի, որ Ռ.Քոչարեանը տւել էր տարածքները, ու ինքն ընդամէնը կարողացաւ հերոսական ջանքով գոնէ դրանց դիմաց մի ինչ-որ կարգավիճակ պոկել Ղարաբաղի համար:
«ԺԱՄԱՆԱԿ»
0 Պատգամ:
Post a Comment