Ցիւրիխեան արձանագրութիւնները ներկայացւեցին Թուրքիայի խորհրդարանի վաւերացմանը


Ռուբէն Մելոեան,
Հրաչ Մելքումեան,
Գէորգ Ստամբոլցեան
Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ - թուրքական արձանագրութիւնները չորեքշաբթի օրը ներկայացւել են Թուրքիայի խորհրդարանի դատին: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրէս» լրատւական գործակալութիւնը:
Երէկ ուշ երեկոյեան աւարտւել է Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդի նիստը:
Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ` նիստում քննարկւել են հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ու քրդական խնդրի լուծման ուղղութեամբ կառավարարութեան վերջին ջանքերը: Նիստից յետոյ յայտարարութիւն է տարածւել, որում ասւած է, որ տարածաշրջանի խաղաղութեան, կայունութեան ու համագործակցութեան համար աշխատանքները ակտիւօրէն շարունակւելու են:
Ադրբեջանական APA գործակալութիւնը, վկայակոչելով թուրքական «Հաբերթիւրք» գործակալութեան հաղորդագրութիւնը, փոխանցում է, որ նիստի ընթացքում քննարկւել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւններն ու Ղարաբաղեան հակամարտութիւնը:
Ըստ այս աղբիւրի` Անվտանգութեան խորհրդի նիստը տեւել է 7 ժամ 40 րոպէ: Այն անցկացւել է «Չանկաեա» նախագահական նստավայրում` երկրի ղեկավար Աբդուլա Գիւլի նախագահութեամբ:
Նիստից յետոյ կարճ յայտարարութիւն է տարածւել, համաձայն որի` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը կօգնի լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը:
Յայտարարութիւնում ասւում է, որ Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկւել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրւած արձանագրութիւնները եւ Հարաւային Կովկասի հակամարտութիւնները, յատկապէս` Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը:
«Մեկ անգամ եւս արձանագրւել է, որ այս գործընթացը [հայ -թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը] կօգնի լուծել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խնդիրները: Թուրքիան կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղութիւն, կայունութիւն, համագործակցութիւն եւ վստահութիւն հաստատելու համար», - նշւած է Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստից յետոյ տարածւած յայտարարութիւնում:
«Զաման»-ի փոխանցմամբ` Անվտանգութեան խորհրդի նիստում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը ներկայացրել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Թուրքիայի կառավարութիւնը հաւանութիւն է տալիս արձանագրութիւնների վաւերացմանը Հայաստանի խորհրդարանի հետ միաժամանակ», - նշւած է «Զաման»-ի հաղորդագրութիւնում:
Չորեքշաբթի օրը խորհրդարան ներկայացնելով արձանագրութիւնները, Թուրքիայի կառավարութիւնը, այուամենայնիւ, չի ակնկալում, որ անմիջապէս քւէարկութիւն կանցկացւի, քանի որ հակազդեցութիւն կայ երկու կողմերում էլ, ինչպէս նաեւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանում, որի դիրքորոշումն այն է, որ Հայաստան - Թուրքիա յարաբերութիւնները չպէտք է կարգաւորւեն, մինչեւ չլուծւի Ղարաբաղի հարցը, հաղորդում է թուրքական «Անատոլիա» գործակալութիւնը:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր. - «Ցիւրիխում ստրագրւած արձանագրութիւնները ներկայացւելու են խորհրդարանի դատին: Դրանց վաւերացումը այժմ կախւած է խորհրդարանի անդամներից»:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացւած ընդդիմադիր ուժերը արդէն իսկ յայտարարել են, որ դէմ են քւէարկելու հայ - թուրքական արձանագրութիւնների վաւերացմանը:
«Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիի պնդմամբ, մասնաւորապէս, պաշտօնական Անկարան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին որոշում կայացնելով` «անտեսել է եղբայրական Ադրբեջանի շահերը»:
«Հայաստանի հետ արձանագրութիւնները ստորագրելով, հետագայում նաեւ Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ արգելելով ադրբեջանական դրօշները մարզադաշտ բերել` «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կազմած կառավարութիւնը խորապէս վիրաւորեց ադրբեջանցիներին», - յայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդը:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացւած ընդդիմադիր միւս ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը, որը 550-տեղանոց Ազգային մեծ ժողովում 112 պատգամաւոր ունի, նոյնպէս պատրաստւում է դէմ քւէարկել արձանագրութիւնների վաւերացմանը:
Դեռեւս յստակ չէ խորհրդարանում մանդատների մեծ մասը տնօրինող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչների վերջնական մօտեցումը: Թուրք վերլուծաբաններից շատերը չեն բացառում, որ իշխող կուսակցութեան պատգամաւորները կողմ կքւէարկեն Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութեան վաւերացման օգտին միայն: «Սահմանի բացումը նախատեսող արձանագրութիւնը իշխող կուսակցութեան պատգամաւորները կարող են շաղկապել Ղարաբաղեան կարգաւորման ընթացքի հետ», - պնդում է թուրքական «Հյուրիեթ» թերթի անգլալեզու տարբերակի խմբագիր Բարչին Յինանջը:
Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները` Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանը եւ Ազգային ժողովի Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ Արտիւշ Շահբազեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցներում կարծիք յայտնեցին, որ Թուրքիայի խորհրդարանը հաւանութեան կարժանացնի արձանագրութիւնները:
«Կարծում եմ, որ Թուրքիան [արձանագրութիւնները] կհաստատի: Գուցէ հաստատի վերապահումներով` այդ դէպքում դուռ կբացւի նրա համար, որ ինքը Հայաստանը եւս վերապահումներ կատարի», - ասաց Արտիւշ Շահբազեանը` աւելացնելով. - «Բայց կարծում եմ, որ թուրքերի համար այս արձանագրութիւնների հաստատումը շատ նպաստաւոր է, շատ լաւ պատմական առիթ է, եւ իրենք դժւար թէ կորցնեն այս առիթը»:
Ռազմիկ Զոհրաբեանը համարում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները, սակայն դրա համար ժամանակ կպահանջւի, եւ յետոյ միայն դրանք կը վաւերացնի նաեւ Հայաստանի խորհրդարանը:
«Քննարկումները այդքան կարճ չեն տեւելու, կարծում եմ, այնտեղ մի քիչ երկար կտեւեն: Մեծ հաշւով, այսինքն` վերջում, ես աւելի շատ համոզմունք ունեմ, որ կը հաստատւի, քան` հակառակը: Կա'մ տարեվերջին, կա'մ մինչեւ գարուն` ես այդպէս եմ կանխատեսել, որ Թուրքիայում նոյնպես կհաստատւի, որովհետեւ կան երկկողմանի շահեր` այդ ճանապարհները բացելու, սահմանները բացելու», - ասաց Զոհրաբեանը:
«Մենք կսպասենք` կա'մ միաժամանակ, կա'մ էլ, ասենք, մի քանի օրւայ տարբերութեամբ: Այսինքն` մենք կսպասենք իրենց, որովհետեւ մենք ենք առաջարկը արել այս երկկողմ յարաբերութիւնները սկսելու եւ դիւանագիտական յարաբերութիւնները սկսելու», - նշեց իշխող կուսակցութեան փոխնախագահը` ամփոփելով. - «Այսինքն` կախւած է իրենցից. իրենք երբ կը հաստատեն, մենք իրենցից յետոյ [կհաստատենք], կամ միաժամանակ` դա պայմանաւորւելու խնդիր է արդէն, ներքին կարգով»:

0 Պատգամ: