ՀԱՅԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 21-ին ելոյթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում, արտգործնախարար Դաւութօղլուն հայ-թուրքական արձանագրութիւնների մասին պարզաբանումներ էր տւել պատգամաւորներին:
Նրանից յետոյ պատասխան ելոյթով հանդէս էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդերի շահերն արտայայտող «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցութիւնների բանախօսները:
Քրդական այս կուսակցութեան անունից Դաւութօղլուին պատասխանել է «Ժողովրդավարական հասարակարգ» խմբակցութեան փոխնախագահ Սելահեթդին Դեմիրթաշը:
Նա, «Ակթիվհաբեր» կայքէջի վկայութեամբ, խորհրդարանի ամբիոնից ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ առկայ խնդիրը հանրապետութեան ժամանակաշրջանի ամէնակարեւոր խնդիրներից է, իրենք աջակցում են Թուրքիա-Հայաստան արձանագրութիւնները եւ օգտակար համարում «Հայկական հարցի» համապարփակ քննարկումը:
Այնուհետեւ Դեմիրթաշն աւելացրել է. «Հայ ժողովրդի դէմ իրականացւած կոտորածները առ այսօր չեն արտացոլւել պատմութեան դասագրքերում: Այս երկրում «հայի ծառայ» արտայայտութիւնը շարունակում է որպէս հայհոյանք օգտագործւել: Թուրքիան նախ պէտք է հրաժարւի պատմութեան դասագրքերում արտայայտւող խտրականութեան դրսեւորումներից:
Դրա հետեւանքները ի վիճակի են գիտակցել միմիայն նրանք, ովքեր խտրականութեան թիրախ են դարձել»:

Վերջում նա քննադատել է վարչապետ Էրդողանի կառավարութեանը, նշելով, որ երկրում հայերի նկատմամբ թշնամանքի վերացման համար կառավարութիւնը դեռեւս մատը մատին չի խփել:

Հ. Չ.
«ԱԶԳ»

0 Պատգամ: