Դաշնակցութիւնը Պատրաստւում է Իշխանափոխութեան


17:24 / 23.10.2009
Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը Հայաստանի խորհրդարանում կսադրի ՀՅԴաշնակցութեանը՝ պայքարի ելնել գործող վարչախմբի դէմ, հոկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում յայտարարել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արմէն Ռուստամեանը:

«Հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ պայքարը կարող է սահուն վերածւել իշխանափոխութեան համար պայքարի»,- յայտարարել է նա: Ռուստամեանն ընդգծեց, որ Դաշնակցութիւնն արդէն հանդէս է գալիս նոր պլատֆորմով, որում բացի սոցիալական եւ ազգային ժողովրդավարական հարցերի վերաբերեալ աւանդական մօտեցումներից, արտացոլւած են նաեւ նախատեսւող ընտրութիւններին Դաշնակցութեան մօտեցումները: ՀՅԴ-ն չի փոխել նաեւ իր վերաբերմունքը խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ եւ պնդում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտութեան, պատգամաւորական տեղերի կրճատման եւ պատգամաւորների անձեռնմխելիութեան վերացման վրայ:
Փաստաթղթում նաեւ խօսւում է հակակոռուպցիոն օրգանի ստեղծման մասին, որը պէտք է գլխաւորի ընդիմադիր գործիչ: Դաշնակցականները նաեւ պնդում են, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահը նշանակւի Ազգային ժողովի կողմից: Իսկ գլխաւորը, ըստ Ռուստամեանի, պլատֆորմը նախանշում է ՀՅԴ պատրաստւածութիւնը իշխանափոխութեանը:
Խօսելով հայ-թուրքական յարաբերութիւնների մասին՝ Ռուստամեանը յայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնների վրայ ճնշում էին բանեցնում նրանք, ովքեր Ցիւրիխում ստորագրման ժամանակ կանգնած էին նրանց թիկունքում:
Նա նաեւ ընդգծեց, որ արձանագրութիւնները կստորագրւեն թուրքական խորհրդարանի կողմից, քանի որ Անկարան որեւէ պատճառ չունի չվաւերացնելու: «Թուրքիան հասաւ իր ուզածին եւ հիմա անցել է Ադրբեջանի խնդիրների լուծմանը»,- նշեց Ռուստամեանը:

Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ: