Արձանագրութիւնների Առաջին Պտուղները


Հայ-թուրքական արձանագրութիւնները պաշտպանողները մերժում էին բոլոր այն զգուշացումները, որ դրանք բացասաբար կանադրադառնան Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի վրայ:
Աւելին, ես, ի թիւս այլոց, կանխատեսում էի, որ բացասական հետեւանքներ կլինեն նաեւ այն երկրներում, որտեղ ցեղասպանութիւնն արդէն ճանաչւած է: Ցաւօք սրտի ես ճիշտ էի: Խօսենք օրինակներով: Կանադան, այն սակաւ երկրներից է, որը եւ’ խորհրդարանի (2002թ., 2004թ.) եւ’ կառավարութեան մակարդակներով (2006թ.) ճանաչել է հայոց ցեղասպանութիւնը: Հետեւաբար, 2004թ.-ից յետոյ իրեն յարգող եւ ոչ մի լրատւամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանութիւնը ժխտող որեւէ յօդւած կամ հաղորդում:
Աւելին, երբ 2006թ. փետրւարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդէսում իմ հրաժեշտի հարցազրոյցում Հայոց ցեղասպանութեան յիշատակման, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդէսի խմբագրութիւնն առանց մեր միջամտութեան գրեց, որ «ցեղասպանութեան եղելութիւնը չի կարող վիճարկւել, քանի որ այն կասկածի չի ենթարկւում»:

Յստակ եւ միանշանակ:Տեսնենք ի՞նչ ունենք հիմայ: Արձանագրութիւնները ստորագրելուց ընդամէնը տասն օր յետոյ նոյն յիշատակածս Embassy magazine-ը (21 հոկտեմբերի 2009թ.) Գոյնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակութեամբ տպագրում է յօդւած, որտեղ նշում է. «հայաստանցի հայերը գործարքի մէջ են մտել» (the Armenians back home have made a deal, «ստեղծելու համատեղ պատմական յանձնաժողով` որոշելու համար թէ ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915թ.-ին»: (create a joint historical commission to determine what actually happened in 1915). Հեղինակն իր յօդւածը միանշանակօրէն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ «ցեղասպանութիւն չէր» (It was not a genocide). Եւ սա Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած Կանադայում:
Մենք, փողոցի լեզւով ասած, գցել ենք Կանադային եւ նա մեզ չի ներելու: Գցողներին չեն ներում, անգամ միջպետական յարաբերութիւններում: Հիմա հերթական կանխատեսում: Այն բանից յետոյ, երբ արձանագրութիւնները կվաւերացւեն [Աստւած չանի], այսինքն մենք օրէնքի ուժով կասկածի կենթարկենք Հայոց ցեղասպանութիւնը (խնդրեմ ձեր առարկութիւնները պահել կանադական դատարանների համար) կանադական դատարանները կլցւեն «պատիւն ու արժանապատւութիւնն արատաւորղ» նախկինում կատարւած յայտարարութիւնների դէմ հայցադիմումներով:
Չէ՞ որ մենք թուրքական պետութեանը, հետեւաբար նաեւԿանադայի քաղաքացի թուրքերի անունը, արատաւորել ենք` նրանց զրպարտել ենք դեռեւս ապացուցման կարիք ունեցող եւ ենթայանձնաժողովի կողմից քննւելիք յանցանքի (ցեղասպանութեան) մէջ:
Քանի որ Կանադայի դատական համակարգը բարոյական վնասի դիմաց նախատեսում է դրամական հատուցում, ուստի առաջարկում եմ ՀՀ յաջորդ տարւայ բիւջէի մէջ առանձնացնել մի քանի հարիւր միլիոն դոլար (ոչ պակաս)` բարոյական վնասների դիմաց հատուցումներ կատարելու համար: Ի վերջոյ հայցադիմումների վերջնահաշիւն մեզ են դէմ տալու:

Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
21 հոկտեմբերի 2009թ.

0 Պատգամ: