Բաքւի ոստիկանութիւնը ցրել է
«Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան» բողոքի ցոյցը


14:02 / 22.10.2009
Հայկական պատւիրակութեան Բաքու ժամանելու դէմ կազմակերպւած բողոքի ակցիան ոստիկանները ցրել են:
Յիշեցնենք, որ այսօր Բաքւում Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրի ԱԳ նախարարների 21-րդ նիստին մասնկացելու համար Բաքու է ժամանել նաեւ հայկական պատւիրակութիւնը` ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսեանի գլխաւորութեամբ:


Այս կապակցութեամբ «Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութիւնը» (ՂԱԿ) յայտարարել էր, որ բողոքի ակցիա է կազմակերպելու այն հիւրանոցի դիմաց, որտեղ տեղի ունենում ՍԾՏՀԿ նիստը:
ՂԱԿ-ի ակտիւիստները փորձել են բողոքի գործողութիւն անցկացնել, սակայն ոստիկանները դա թոյլ չեն տւել ու ցրել են հաւաքւածներին:
NEWS.am-ն արդէն տեղեկացրել էր, որ երէկ այդ ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղին ասել էր. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանութիւններին չհետեւել միջազգային կազմակերպութիւնների պահանջներին:
Այն պետութեան պատւիրակութիւնը, որը, խախտելով միջազգային կազմակերպութիւնների պահանջները, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, չպէտք է այցելի Ադրբեջան, իսկ ադրբեջանական պատւիրակութիւնները չպէտք է այցելեն այդ երկիր»:
ՂԱԿ-ը կարծում է նաեւ, որ Թուրքիան, ստորագրելով հայ-թուրքական արձանագրութիւնները, ջախջախիչ հարւած է հասցրել Ադրբեջանի շահերին եւ դաւաճանել նրան: Սրա հետ կապւած, ՂԱԿ-ը Թուրքիայի նախագահին, վարչապետին ու ԱԳ նախարարին յայտարարել է անցանկալի անձ եւ յաւելել, որ այդ անձանց այցելութիւնն Ադրբեջան այսուհետ եւս լուրջ բողոք կառաջացնի:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: