Tuesday, October 27, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ.–

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ.–
«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՄԵՆՔ ԵՐԲԷՔ ԷԼ ՄԷԿ ԱԶԳ ՉԵՆՔ ԵՂԵԼ»



Օրերս The Christian Science Monitor պարբերականում տեղ գտած հրապարակման մէջ նշւել է, որ չնայած Ադրբեջանն ու Թուրքիան միմեանց հետ կապւած են ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, իսկ վերջերս էլ նաեւ էներգետիկ ոլորտերով, սակայն «մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքը ենթարկւում է լուրջ փորձութեան հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ:
«Ադրբեջանն ամէն գնով ցանկանում է հայ-թուրքական օրակարգ մտցնել Ղարաբաղի հարցը, իսկ սրանից աճում է լարւածութիւնը Բաքւի եւ Անկարայի միջեւ, որի հետեւանքով Ադրբեջանը կարող է հրաժարւել Թուրքիայի հետ էներգետիկ «ձուլումից»:
Սա հիմնականում վերաբերում է «Նաբուկկօ» գազային նախագծին, որտեղ Բաքուն կարող է հրաժարւել Թուրքիայի «ծառայութիւններից», գրում է թերթը, «միեւնոյն ժամանակ Թուրքիան ձգտում է կարգաւորել պատմական խնդիրները «հայ հարեւանի» հետ` ստեղծելով այլ խնդիրներ միւս հարեւանի հետ յարաբերութիւններում, իսկ վերջինս կունենայ անպայման իր բացասական էներգետիկ հետեւանքները Եւրոպայի համար»:
Նոյն թեմայով ադրբեջանցի քաղաքագէտ Իլգար Մամեդովը յայտարարել է, որ եթէ «Նաբուկկօ» նախագծի շահագրգիռ կողմերը «գրաւեալ տարածքները» վերադարձնելու համար ճնշում գործադրեն Հայաստանի վրայ, ապա ադրբեջանա-թուրքական ներկայ լարւածութիւնը կընկալւի որպէս «ընդամէնը էպիզոդ` եղբայր ժողովուրդների համար»:
Իսկ Ալիեւ հօր նախկին խորհրդական Վաֆա Ղուլուզադէն յայտարարել է. «Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումն ընդունում է որպէս դաւաճանութիւն` Թուրքիայի կողմից, Թուրքիան տարածաշրջանում մեր գլխաւոր գործընկերն է, մինչդեռ հայերը մեր թշնամիներն են»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուի յայտարարութեանը, թէ Թուրքիան միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը եւ տարածքային ամբողջականութիւնը, ինչպէս նաեւ պահելու է նրա «գրաւեալ տարածքները» վերադարձնելու ուղղութեամբ ջանքեր կատարելու խոստումը, Ղուլուզադէն լուրջ չի համարում. «Դրանք ընամէնը բառեր են, իսկ մեզ անհրաժեշտ է ինչ-որ իրական բան»:
Միեւնոյն ժամանակ Անկարայի Միջինարեւելեան տեխնիկական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի դասախօս Հուսէյն Բաղչին, «հանգստացնելով խռուած եղբայրներին», ասել է. «Ադրբեջանցիները պէտք է հասկանան, որ Ղարաբաղի հարցով բանակցութիւնները կարող են սկսւել միայն հայ-թուրքական սահմանի բացումից յետոյ:
Իսկ ինչ վերաբերում է «Մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքին, ապա ես դա համարում եմ ազգայնամոլական. դա ընդունւած է միայն լսել, սակայն իրականութիւնն այն է, որ մենք երբէք էլ մէկ ազգ չենք եղել»:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: