ԴԻՏԱՆԿԻՒՆ
Արամ Ա.- «Եթէ Վիկտոր Հիւգօն այստեղ լինէր եւ նայէր այս նկարներին, կասէր, որ այստեղով թուրքեր են անցել»
. ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ադանայի 1909-ի կոտորածի հարիւրամեակի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ եւ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ համագումար է կազմակերպւել Անթիլիասի մայրավանքում՝ հոկտ. 28-30-ը։
Համագումարին մասնակցում են հրաւիրեալներ՝ Լիբանանից, Հայաստանից եւ արտասահմանի տարբեր երկրներից։ Քննարկման նիւթերն են՝ Ադանայի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը, հայութեան ներկայութիւնը՝ քաղաքում, ինչպէս նաեւ եւրոպացի ճանապարհորդների վկայութիւնները՝ քաղաքի մասին։
Այնուհետեւ՝ Ադանայի կոտորածը՝ ըստ ականատեսների վկայութիւնների, ժամանակակից մամուլի արձագանգները, դիւանագիտական փաստաթղթեր, օրագրեր, հայութեան նիւթական եւ մարդկային կորուստները եւ ընդհանուր առմամբ՝ քաղաքական գնահատականներ։
* * *
Հարիւր տարի առաջ՝ 1909 թւականի ապրիլին, երկու փուլերով, Միջերկրականի ափերում, որտեղ Միջնադարում շուրջ երեք հարիւր տարի ստեղծւել ու բարգաւաճել էր Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը, տեղի ունեցան հայոց ջարդեր, որոնք հայկական պատմագրութեան մէջ յայտնի են Կիլիկիայի աղէտ կամ Ադանայի ջարդեր անունով:
Հայոց պատմութեան այդ ողբերգական էջի 100-րդ տարելիցի առիթով հոկտեմբերի 28-ին Կիլիկիայի հայոց կաթողիկոսութեան մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ տեղի ունեցաւ այդ ջարդերին նւիրւած խաչքարի տեղադրում եւ լուսանկարների ցուցահանդէսի բացում:
«Այն, ինչ կատարւեց 100 տարի առաջ, պատահական չէր, այլ Օսմանեան կայսրութեան հայաջինջ քաղաքականութեան արդիւնքն էր: Տեղի ունեցածը Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած եւ իրականացւած ջարդեր էին»,- ցուցահանդէսի բացմանը նւիրւած իր խօսքում ասաց Արամ Ա կաթողիկոսը:
Այդ ջարդերին զոհ գնացին աւելի քան 30 հազար հայեր, որբ մնացին շուրջ 8,000 հայ մանուկներ, աւելի քան 4,000 հայուհիներ դարձան այրի, աւելի քան 30 հազար հայեր մնացին անտուն, հրկիզւեցին, թալանւեցին կամ աւերւեցին 32 եկեղեցիներ, 19 դպրոցներ, շուրջ 3000 տներ, 600 խանութներ, դպրոցներ, այլ կառոյցներ:
«Այս թւերը երեւակայութիւն չեն, սրանք օրւան ականատեսի վկայութիւններն են»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը:Ադանայի ջարդերի ականատեսների վկայութիւնները սահմռկեցուցիչ են: «Նիւ Եօրք թայմզ» թերթի 1909 թւականի ապրիլի 19-ի համարում կարդում ենք. «Իրավիճակը Կիլիկիայում ակնյայտօրէն ծանր է, եւ Ադանայից եկող ճեպագրերը հաւաստում են իրավիճակի անյուսալիութիւնը:
Քաղաքի մեծ մասն այրւել է, ներառեալ՝ հայերով բնակեցւած թաղամասը, որոնք անյուսալիօրէն դիմադրել են եւ ծանր կորուստներ հասցրել հակառակորդին՝ մինչեւ վերջնականապէս պարտւելը: Թարսուս քաղաքն այրւում է: Քրիստոնեաներն այնտեղ խաղաղ են, բայց թուրքերն սպանում են եւ կողոպտում»:
Մի քանի օր անց՝ 1909 թւականի ապրիլի 23-ի համարում նոյն թերթը գրում է. «Հալէպի եւ Ալեքսանդրէթի միջեւ ընկած Քըրքխանի ողջ բնակչութիւնը կոտորւել է, նոյնիսկ նորածին երեխաներին չեն խնայել... Ջարդերն ուղեկցւում են դաժանութեամբ, անգամ կանանց ու երեխաներին չեն խնայում»:
Անթիլիասի մայրավանքում հաւաքւած ներկաներին դիմելով՝ Արամ Ա Վեհափառն ասաց. «Եթէ ֆրանսիացի նշանաւոր գրող Վիկտոր Հիւգօն այստեղ լինէր եւ նայէր այս նկարներին, կասէր, որ այստեղով թուրքերն են անցել: Պատմութիւնը ցոյց է տւել, որ այնտեղով, որտեղով թուրքերն են անցել, միայն մահ, քանդում, աւեր են սփռել»:
Հարիւր տարի է անցել Ադանայի ջարդերից, բայց մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ անգամ հազար տարի յետոյ արմատացած կը մնայ Կիլիկիայի աղէտը եւ Հայոց Ցեղասպանութիւնը,- ասաց Վեհափառ Հայրապետը:
«Համաշխարհային հանրութեանը պէտք է յիշեցնենք, որ 100 տարի առաջ Օսմանեան Թուրքիան կատարել է Ադանայի ջարդերը եւ նահատակների թոռներն ու ծոռները կը յիշեն եւ կը պահանջեն արդարութիւն եւ փոխհատուցում»,- աւելացրեց Արամ Ա կաթողիկոսը:
0 Պատգամ:
Post a Comment