Armenian Reporter.– Բաքուն չի կարող աշխարհին նաւթ եւ գազ չվաճառել՝ նեղացած լինելու պատճառով


16:35 / 28.10.2009


Երեւանում կայացել է անգլիալեզու Armenian Reporter շաբաթաթերթի վաշինգտոնեան հրատարակութեան խմբագիր Էմիլ Սանամեանի մամուլի ասուլիսը։ Ներկայ է եղել նաեւ թերթի գլխաւոր խմբագիր Վինսենտ Լիման։
Ասուլիսի ընթացքում քննարկւել են հայ-թուրքական յարբերութիւնների վերջին զարգացումների վերաբերեալ հարցեր։ Հարցերին հիմնականում պատասխանել է Սանամեանը, ով նշել է Վաշինգտոնի դերը տեղեկատւական շուկայում. «Վաշինգտոնը շատ կարեւոր է նաեւ հայկական հարցերի համար։
Այստեղ ընդունւում են Հայաստանին ֆինանսական օգնութիւն ցուցաբերելու, ղարաբաղեան հարցի, հայ-թուրքական յարբերութիւնների կարգաւորման մասին որոշումները։ Այդ պատճառով էլ հայ մամուլի առկայութիւնը Վաշինգտոնում շատ կարեւոր է։
Այստեղ հետաքրքրւում են հայկական հարցով, առաջին հերթին կապւած Ցեղասպանութեան եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի յայտարարութեան հետ։ Հայկական հարցերը Վաշինգտոնում ուսումնասիրւում են հիմնականում այս պրիզմայով»։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թէ որքա՞ն կվատանան Թուրքիայի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները, եւ ինչպէ՞ս դա կանդրադառնայ տարածաշրջանի վրայ, եթէ հոկտեմբերի 10-ին Ցիւիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններն, ի վերջոյ, վաւերացւեն եւ ուժի մէջ մտնեն, Սանամեանը պատասխանել է. «Դա կարող է տարօրինակ հնչել, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր գործողութիւններով կնպաստի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը։
Ես կարծում եմ, որ Բաքւի զգայական արձագանքը նեարդայնացնում է Անկարային։ Իլհամ Ալիեւը, որ կարող է „կրտսեր եղբայր“ համարւել, իրեն թոյլ է տալիս գործել „մեծ եղբօր“ նման՝ սպառնալով բարձրացնել գազի գինը, հաւաքելով թուրքական դրօշները եւ այլն, այսինքն մանկական քայլեր է անում։ Ադրբեջանը երկիր է, որի նախագահը եւ կառավարութիւնը չեն ընտրւել ժողովրդավարական սկզբունքներով, եւ որը միշտ գտնւել է Թուրքիայի հովանաւորության տակ։
Իմ կարծիքով, Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին՝ գործընթացը կանգնեցնելու համար։ Ճիշտ այնպէս, ինչպէս ԱՄՆ կառավարութիւնը, որն այս գործընթացից օգտւում է այն բանի համար, որ չկատարի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու իր խոստումը։ Եթէ ուշադրութիւն դարձնեք Էրդողանի կառավարութեանը, ապա պարզ կդառնայ, որ նրանք ոչնչից չեն վախենում։
Նրանք մերժել են ԱՄՆ-ին՝ իրաքեան հարցով, ույգուրների ցեղասպանութեան համար մեղադրել են Չինաստանի պէս երկրին։ Այսօր Թուրքիան յաւակնում է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այնպէս որ, Թուրքիայի հետ համեմատած՝ Ադրբեջանի յաւակնութիւնները շատ փոքր են, դրանք չարժէ լուրջ ընդունել, քանի որ Բաքուն չի կարող աշխարհին նաւթ եւ գազ չվաճառել՝ նեղացած լինելու պատճառով»։
Նշենք, որ Armenian Reporter-ը հիմնադրւել է Էդւարդ Պողօսեանի կողմից՝ 1967թ.-ին, իսկ 2006թ.-ին այն վաճառել է CS Media-ին։ 2009թ. հոկտեմբերից թերթը վաճառւում է նաեւ Հայաստանում, նրա տպաքանակն այստեղ 500 օրինակ է։

0 Պատգամ: