Ցեղասպանութեան Բանաձեւը Ծերակոյտին Ներկայացւեց



ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ Չորեքշաբթի, Հոկտեմբեր 21ին Միացեալ Նահանգների Ծերակոյտին է ներկայացրել Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող բանաձեւը, ծերակուտականներ Ռաբըրթ Մենենտէզի եւ Ջան Էնսայնի կողմից:


Բանաձեւը նման է այս տարւայ սկիզբը կոնգրէսականներ Էտըմ Շիֆի եւ Ջորջ Ռատանովիչի, ինչպէս նաեւ Կոնգրէսի մէջ Հայկական հարցերի համախմբումի համանախագահներ Ֆրէնք Փալոնի եւ Մարք Քըրքի կողմից Ներկայացուցիչների տան ներկայացւած 252 բանաձեւի, որ արդէն իսկ աւելի քան 130 հովանաւորներ ունի:
Բանաձեւը ներկայացնելու ընթացքին, ծերակուտական Ռաբըրթ Մենենտէզը յայտարարեց, թէ միայն պատմութեան մութ էջերը ընդունելով եւ հասկանալով կարելի կըլինի անցեալից սովորել եւ խաղաղ ապագայ կերտել:
«Մէկ ու կէս միլիոն հայեր երկրի վրայ դժոխք ապրեցին, եւ նրանցից այս ահաւոր փորձառութիւնը գորգի տակ պահելու փորձը մի անարգանք է զոհերի յիշատակին եւ նրանց ժառանգորդներին: Արդէն վաղուց ժամանակը անցել է մեր պետութեան կողմից պատմութեան այս էջի ճշմարտութեան հաստատումը, որպէսզի կարելի կը լինի դէմ դնել ապագայ բռնարարքներին»:
Իր կարգին, ծերակուտական Էնսայնը «անհաւատալի» որակեց այն իրողութիւնը, որ այսքան տարի յետոյ միջազգային համայնքը տակաւին չի հաստատել այն իրողութիւնը, որ հայերի տարագրութիւնն ու սպանդը ցեղասպանութիւն է: «Մեր ուժերը միացնելով, եւ հաստատելով թէ տեղի ունեցածը հայ ժողովրդի դէմ ցեղասպանութիւն էր, մի զօրաւոր պատգամ յղած պիտի լինենք միջազգային համայնքին, թէ պէտք չէ աչք փակել անցեալի ոճիրների վրայ, պարզապէս որովհետեւ նրանք անցեալում են տեղի ունեցել», աւելցրեց ծերակուտականը:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի վարիչ գործավար Արամ Համբարեանը ամերիկահայութեան անունով շնորհակալութիւն յայտնեց ծերակուտականներին, որոնք այս քայլին են դիմում հակառակ Թուրքիոյ իշխանութիւնների կողմից շարունակւող ուրացման պայքարի:
Մենենտէզը, աւելի շուտ՝ քննադատելով Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների մէջ տեղ գտած պատմական հարցերի մի յանձնաժողով ստեղծելու կէտը, յայտարարել էր նաեւ, թէ Թուրքիան պէտք է ճանաչի Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը: Նա այս յայտարարութիւնը կատարել էր Արեւելեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կողմից կազմակերպւած ձեռնարկի ընթացքին:
Նրա այդ ելոյթը կարելի է դիտել http://www.youtube.com/watch?v=7g7gQBeWuY8 համացանցային կայքէջի վրայ:

0 Պատգամ: