Sunday, October 25, 2009

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Թուրքիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար պրն. Ահմեդ Դաւութօղլուին





Մեծարգոյ պարոն նախարար,
Հետաքրքրութեամբ կարդացի սոյն թւականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանում Ձեր արտասանած ելոյթի տեքստը: Տպաւորութիւնները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում էք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զարմանալի էր, որ ՙբռնազաւթման՚ (occupation) մասին է խօսում մի երկրի արտգործնախարար, որն արդէն աւելի քան երեք տասնամեակ բռնազաւթւած է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթէ ինը տասնամեակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խօսքը չի գնում ինչ-որ վերացական ՙհայկական հողերի՚ մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով [arbitral award] (22 նոյեմբերի, 1920թ.) Հայաստանի Հանրապետութեանը յատկացւած տարածքի:
Իրաւարար վճռին ես կանդրադառնամ աւելի ուշ, պարզապէս առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրաւունքի իրաւարար վճիռները ՙվերջնական են և անբեկանելի՚ (definitive and without appeal): Մեծարգոյ պարոն նախարար,Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետութեան և Թուրքիայի Հանրապետութեան միջև դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան հինգերորդ պարբերութիւնը, Դուք հետևութիւն էք անում, որ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է ՙգոյութիւն ունեցող սահմանը՚ ըստ Մոսկւայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի:Խիստ կամայական մեկնաբանութիւն:
Փաստաթուղթը չի վկայակոչում վերոյիշեալ, այսպէս ասած, պայմանագրերը: Արձանագրութիւնը յիշատակում է միայն ՙմիջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law): Այսինքն, յստակ է, որ վկայակոչեալ պայմանագրերը պէտք է կառավարւեն միջազգային իրաւունքով (governed by international law), այսինքն՝ գոնէ չհակասեն միջազգային իրաւունքին: Միևնոյն ժամանակ, արձանագրութիւնը, վկայակոչելով ՙմիջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը՚ (the relevant treaties of international law) և ոչ թէ պարզապէս ՙմիջազգային պայմանագրերը՚ (international treaties), տալիս է աւելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն ներառում է ՙմիջազգային իրաւունքի գործիքներն՚ (the instruments of international law) ընդհանրապէս, անկախ անւանումից:
Ինչպէս ներկայ դէպքում ունենք ՙարձանագրութիւն՚ կոչւող փաստաթղթերի պարագային: Ըստ այդմ, ՙպայմանագիր՚ հասկացութիւնը պէտք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անւանումից, որպէս զուտ միջպետական օրինական գրաւոր համաձայնութիւն: [“Treaty” means an international agreement concluded between States in written form and governed by international law. Article 2.1(a), Vienna Convention on the Law of Treaties, 1969]. http://en.wikisource.org/wiki/Vienna_Convention_on_the_Law_of_Treaties


Ակնյայտ է, որ արձանագրութեան մեջ յիշատակւող ՙգոյութիւն ունեցող սահմանը՚ դա բոլշևիկա-քեմաեական գործարքի հետևանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականութիւնը չի կարող առաջացնել օրինական հետևանք՝ ex injuria non oritur jus: ՙ
Գոյութիւն ունեցող սահման՚ նշանակում է միջազգային իրաւունքի մէջ գոյութիւն ունեցող և միջազգային իրաւունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կայ Հայաստանի և Թուրքիայի միջև՝ դա ԱՄն նախագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճռով որոշւած սահմանն է: Ձեր ելոյթում վկայակոչւած Մոսկւայի և Կարսի պայմանագրերն, միջազգային իրաւունքի տեսան¬կիւնից, ընդհանրապէս պայմանագրեր էլ չեն:

Որպէսզի նշեալ գործարքները պայմանագիր համարւեն, նրանք պէտք է կնքւած լինէին ճանաչւած պետութիւնների օրինական իշխանութիւնների լիազօր ներկայացուցիչների կողմից: Ո՜չ քեմալականները և ո՜չ էլ բոլշևիկները, առաւել ևս Հայաստանում իշխանութեան բերւած հայ բոլշևիկները, 1921թ. չեն եղել այդպիսին: Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողութիւնը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի՝ jus cogens-ների:

Իսկ համաձայն Ձեր իսկ ելոյթում վկայակոչւած Վիէննայի Պայմանագրերի իրաւունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 յօդւածի ՙՊայմանագիրն ան¬վաւեր է, եթէ կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրաւունքի հիմնարար նորմի» (A treaty is void if, at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):Արդեօ՞ք Դուք իսկապէս կարծում էք, որ երկու չճանաչւած, հետևաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921թ.-ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկւայի պայմանագիր) չեղեալ յայտարարել օրինապէս բանակցւած և 18 ճանաչւած պետութիւնների կողմից ստորագրւած միջազգային փաստաթուղթը (Սևրի պայմանագիրը):
Միթէ՞ Դուք կարծում էք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու երկիր՝ տւեալ դէպքում ՍՍՀՄ և Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ էք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու քեմալականները 1921թ., իրաւասու էին Մոսկւայում որոշելու մէկ այլ երկրի՝ թէկուզև բռնազաւթւած Հայաստանի Հանրապետութեան, սահմանի հարցը:
Միթէ՞ Դուք կարծում էք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը, ինչպէս նաև Վրաստանի և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնները, երբևէ, ըստ միջազգային իրաւունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողութիւն (capacity to make treaties under international law): Իհարկէ ոչ:
1920թ. ապրիլից (Ադրբեջան), 1920թ. դեկտեմբերից (Հայաստան) և 1921թ. փետրւարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապէս տարբեր վարչատարածքային միաւորների տեսքով ռուսական բոլշևիզմի կողմից բռնազաւթւած տարածքներ: Հայաստանի պարագայում Միացեալ Նահանգների Սենատը 1924թ. յունիսի 3-ին իր ընդունած #245 բանաձևով միանշանակօրէն արձանագրել է դա. ՙՀայկական պետութիւնը կործանւել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեութեան արդիւնքում»: (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State):
Եթէ 1920թ. դեկտեմբերի 2-ից չկար Հայաստանի Հանրա¬պետութիւնը, ինչպէ՞ս էր այն կարող 1921թ. հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել: Միջազգային իրաւունքի անվիճելի նորմ է, որ զաւթիչների գործողութիւնները իրաւական հետևանք չեն ստեղծում նւաճւած երկրների համար. ՙբռնազաւթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանազուրկ է (a cession of territory during occupation is not effective):

Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այն որ արձանագրութիւնները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանութեան հետևանքով առաջացած իրավիճակը և չեն ճանաչում որևէ սահման միանշանակօրէն արձանագրւած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Սերժ Սարգսեանի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի մէջ: Նա յստակօրէն յայտարարում է. ՙՑանկացած յարաբերութիւն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանութեան իրողութիւնը», ինչպէս նաև. ՙՀայաստանի և Թուրքիայի միջև առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման գերակայ միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում»:
Պարզ և յստակ:Հիմա տեսնենք, թէ ո՞րն է այն ՙգերակայ միջազգային իրաւունքը», որի համաձայն ՙՀայաստանի և Թուքիայի սահմանների հարցը ենթակայ է լուծման»:Սա հասկանալու համար պէտք է վերադառնանք ոչ վաղ անցեալի այն կարճատև ժամանակահատւածին, երբ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս պետութիւն միջազգային հանրութեան կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը:
Երբ Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Գերագոյն խորհուրդը (Supreme Council) 1920թ. յունւարի 19-ին, յանձինս Բրիտանական կայսրութեան, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, դա արեց որոշակի պայմանով՝ Հայաստանի Հանրապետութեան սահմանները պէտք է որոշւէին հետագայում:
Նոյն պայմանով 1920թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեց նաև ԱՄՆ: Հայաստանի Հանրապետութեան սահմանների մէջ, բնականաբար, կարևորագոյնը հայ-թուրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920թ. ապրիլի 24-27-ին քննութեան առաւ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտօնապէս դիմեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին որպէսզի Միացեալ Նահանգների նախագահը իրաւարարութեամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):
1920թ. մայիսի 17-ին նախագահ Վիլսոնը տւեց իր դրական պատասխանը և ստանձնեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրաւարարի պարտականութիւններն ու լիազօրութիւնը: Յատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սևրի պայմանագիրը ստորագրելուց (10 օգոստոսի, 1920թ.) գրեթէ երեք ամիս առաջ էր: Կլինէր Սևրի պայմանագիրը, թէ ոչ, իրաւարարութեան օրինական հայցադիմումը (compromis) կար, հետևաբար Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճիռը կայացւելու էր: Ուրիշ բան, որ Սևրի պայմանագիրը պարունակում է ևս մէկ՝ լրացուցիչ, հայցադիմում:
Յարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վաւերականութեան (validity) համար բաւարար է միայն լիազօր ներկայացուցիչների ստորագրութիւնները, և հայցադիմումները վաւերացման (ratification) կարիք չունեն: Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920թ.), ինչպէս նաև Սևրի (10 օգոստոսի, 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրայ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերեալ իր իրաւարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանաւորւածութեան ուժի մէջ մտաւ անմիջապէս (thereupon) և անվերապահօրէն:
Երկու օր յետոյ՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտօնական հեռագրով փոխանցւում է Փարիզ՝ Խաղաղութեան վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունւում է ի գիտութիւն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետութիւնը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյութիւն ունենալուց:Վիլսոնի իրաւարար վճռի ներկայ կարգավիճակի հարցը.Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրաւարար վճիռ անվերապահօրէն պարտադիր է կատարման համար (binding document):
Աւելին, իրաւարար վճիռները ՙվերջնական են և անբեկանելի՚ (final and without appeal): ՙԻրաւարար վճիռն իրաւարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է՚ (The arbitral award is the final and binding decision by an arbitrator) : Իրաւարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրւած է (codified) միջազգային իրաւունքի մէջ:
Ի մասնաւորի՝ Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 յօդւածներում: Ըստ այդմ, Միացեալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրաւարար վճռով մէկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մէջ է առ այսօր և ենթակայ չէ բեկանման:
Հետևաբար, երբ Հայաստանի Հանրապետութեան և Թուրքիայի Հանրապետութեան միջև դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան 5-րդ պարբերութիւնը արձանագրում է ՙմիջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով որոշւած գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակօրէն նկատի ունի առ այսօր գոյութիւն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նաագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճռով, որոշւած (defined) սահմանը: Ուրիշ մէկ այլ օրինական, ինչպէս արձանագրութեան տեքստում է՝ ՙմիջազգային իրաւունքի», փաստաթուղթ չկայ:
Այստեղ կարևոր է անդրադառնալ մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառոյցները երբևէ՞, որևէ՞ դիրքորոշում արտայայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի նկատմամբ:Գործադիր իշխանութեան դիրքորոշումը.ԱՄՆ-ի բարձրագոյն գործադիր իշխանութիւնը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրաւարար վճիռը, այլև վաւերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրէնսդրութեան մաս (the law of the land):
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրութիւններով և Ամերիկայի Միացեալ Նահանգներ պետութեան Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վաւերացրել են իրաւարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը:
Ըստ միջազգային իրաւունքի, իրաւարարի անձնական ստորագրութիւնը և կնիքը, եթէ կայ այդպիսին, միանգամայն բաւարար է Իրաւարար վճռի վաւերականութեան համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բաւարարւել միայն իր ստորագրութեամբ կամ նաև իր՝ նախագահական, կնիքով: Այդ դէպքում վճիռը կլինէր անհատական, թէկուզև նախագահական, պարտաւորութիւն: Սակայն Իրաւարար վճիռը վաւերացւած է պետութեան մեծ կնիքով և ամրագրւած է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից:
Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռը Միացեալ Նահանգներ պետութեան անվերապահ պարտաւորութիւնն է: Օրէնսդիր իշխանութեան դիրքորոշումը.Իրաւարար վճիռները ենթակայ չեն որևէ օրէնսդրական հաւանութեան կամ վաւերացման: Նրանք ղեկավարւում են միջազգային հանրային իրաւունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրութեան վերապահւած է արտաքին քաղաքականութեան հարցերին անդրադառնալու իրաւունքը, երբևէ ուղղակիօրէն քննութեան չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրաւարար վճիռը:
Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակօրէն, առնւազն մէկ անգամ, արտայայտել է իր վերաբերմունքը նշեալ վճռի նկատմամբ: Երբ 1927թ. յունւարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկեան պայմանագրին հաւանութիւն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մէկն այն էր, որ ՙԹուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդէպ՚ (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia):
Այդ առիթով սենատոր Ուիլեամ Քինգը պաշտօնական յայտարարութեան մէջ շատ աւելի յստակ է արտայայտւել. ՙԱկնյայտօրէն Միացեալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլինէր հաւատ և յարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հաւաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողութեան ու ինքնիշխանութեան տակ պահել Վիլսոնեան Հայաստանը՚ (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia):
1927թ. Սենատի քւէարկութիւնը միանշանակօրէն վկայում է, որ Վիլսոնի իրաւարար վճիռը 1927թ.-ին վաւերական և իրաւական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից յետոյ իրաւական տեսանկիւնից ոչինչ չի փոխւել, հետևաբար, այն շարունակում է ուժի մէջ մնալ առ այսօր: Հանրային կառոյցների դիրքորոշումը.Միացեալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառոյցները կուսակցութիւններն են:
Դրանց ծրագրային հիմնադրոյթներն ամփոփւում են Կուսակցութիւնների հիմնածրագրի (Party Platform) մէջ, որոնք հաստատւում են կուսակցութիւնների համագումարների կողմից:Միացեալ Նահանգների Դեմոկրատական կուսակցութիւնը (ներկայ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի կուսակցութիւնը) երկու անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտօնական դիրքորոշում է արտայայտել Վիլսոնի իրաւարար վճռի նկատմամբ:
Դեմոկրատական կուսակցութիւնը 1924թ. իր ծրագրի մէջ առանձին տողով, որպէս հիմնադրոյթ-նպատակ, ամրագրել է ՙՀայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրաւարար վճռի իրականացու¬մը՚ («Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia»): Դեմոկրատական կուսակցութեան 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խօսում է ԱՄՆ որպէս պետութեան և Դաշնակից պետութիւնների ՙխոստումների և պարտաւորութիւնների՚ մասին. ՙՄենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղւած են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տւած խոստումների և պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն»: («We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people»): Հայաստանի Հանրապետութեանը տւած Միացեալ Նահանգների միակ անկատար ՙխոստումն ու պարտաւորութիւնը՚ եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերեալ:
Մեծարգոյ պարոն նախարար, Ի տարբերութիւն ամերիկացիների և եւրոպացիների ներկայ սերնդի, մենք թուրքերին լաւ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ, դուք էլ մեզ էք լաւ ճանաչում, հետևաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթէ դուք՝ թուրքերդ, կարծում էք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալւում էք: Մեր պատմութիւնը դրա հակառակի ապացոյցն է:
Մենք՝ հայերս և թուրքերը, դատապարտւած ենք միասնաբար, երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան յստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը, տնտեսութեան բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևաւորմանը, ինչպէս նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մէջ աւելի լայն ներգրաւմանը:
Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգութեան մտահոգութիւնները, հնարաւորութիւն ընձեռի Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը յարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպէս նաև երաշխաւորի հայկական մշակութային արժէքների պահպանումը:
իևնոյն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականօրէն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պէտք է հնարաւորութիւն տայ զգալու, որ հարցի առաջարկւող լուծումը արժանապատիւ ելք է ստեղծւած իրավիճակից:
Մեծարգոյ պարոն նախարար,

Մենք պատրաստ ենք համագործակցութեան, սակայն մի ընկալէք դա որպէս թուլութեան նշան և մի փորձէք մեզ ստիպել, որ սպիտակ դրօշ պարզենք: Դա երբէք չի լինի:

Ընդունեցէք, պարոն նախարար, յարգանացս խորին հաւաստիքը:
Արա Պապեան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,
Կանադայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան, 2000-2006թթ.
23 հոկտեմբերի, 2009թ.

1 Պատգամ:

Anonymous said...

Мегаполис - Это [url=http://soki.tv] бесплатные регистрация секс знакомства во владикавказе [/url] - [b]универсальное средство показать себя и поиска знакомых.[/b]

Мы хотим, чтобы друзья, однокурсники, одноклассники, соседи и коллеги всегда оставались на связи с вами.

Нас уже 8 4 3 3 6 6 пользователей.

[b]Soki.TV[/b] - самый посещаемый сайт в России и Украине.

С помощью этого сайта Вы можете:

* Найти людей, с которыми Вы когда-либо учились, работали или отдыхали.
* Узнать больше о людях, которые Вас окружают, и найти новых друзей.
* Создать свои дневники, блоги, клубы, фотожурналы.
* Публиковать и делится своими личными новостями на просторах интернет.
* Всегда оставаться на связи с теми, кто Вам дорог.
[url=http://soki.tv][IMG]http://pi7.ru/pi7.gif[/IMG][/url]
[IMG]http://my.pi7.ru/images/users/photos/medium/c41c918470b6af4c03d94c70acf9755a.jpg[/IMG]