ԿԸ ԳՆԻ ԱՐԴԵՕ՞Ք ԾԱՌՈՒԿԵԱՆԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ


«Գագիկ Ծառուկեանին որ մնայ, ամբողջ Արեւմտեան Հայաստանը կը գնի»,-այսօր ԱԺ խմբակցութիւնների ճեպազրոյցի ժամանակ «Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը:
«Ա1+» -ը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրւեց, թէ արդեօք տեղին է թուրք հասարակութեան մտավախութիւնը, որ ներկայացրեց գործարար Նոյեան Սոեակը, թէ հայ-թուրքական սահմանի բացումից յետոյ հայերը կգնեն թուրքական հողերը:
Արդեօ՞ք Արեւմտեան Հայաստանը յետ բերելու այդպիսի հեռահար նպատակ կարող է ունենալ իշխանութիւնը' հարցրինք ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանին: «Իշխանութիւնը որպէս կատեգորիա' կարող է, այս իշխաանութիւնը' ոչ:
Բացի դրանից, հայ գործարարները, եթէ նոյնիսկ իրաւունք ստանան հող գնելու, որովհետեւ Նոյեան Սոյակը մի քիչ անկեղծ չէ, թուրքական օրէնքները այդքան հեշտ թոյլ չեն տալիս հայկական գործարարներին, օտարներին, անհատ ու իրաւաբանական անձանց, սեփականութիւն ձեռք բերել, եւ այնպէս չի, որ մեր խորհրդարանում ներկայացւած օլիգարխները գնան ու Սեւրի դաշնագրով ամբողջ Հայաստանը գնեն:
Բացի այդ, որպէս կանոն մարդկանց այդ կատեգորիան նախընտրում է աւելի կոմֆորտային գօտիներում սեփականութիւն գնել, ու նրանց այս տեսակի գործողութիւնները շատ հազւադէպ են ազգային զգացողութեամբ դրդւած»,-ասաց նա: ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը տեղեկացրեց, որ 3 տարի առաջ թուրքական խոշոր աւտոձեռնարկութիւններից մէկի տէնդեր էր յայտարարւել Թուրքիայում եւ խոշոր գնորդների շարքում 2 մլրդ դոլար վաճառքի պատրաստակամութեամբ հանդէս էր եկել Ռուսաստանի հայ նշանաւոր գործարար Ռուբէն Վարդանեան:
Թուրքիայի անվտանգութեան խորհուրդը յատուկ նիստ հրաւիրեց եւ որոշում կայացրեց չվաճառել այդ ընկերութիւնը հայ գործարարին, որովհետեւ դա սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգութիւնը»: Ապա պատմեց, թէ ինչպէս դեռ 80-ական թւականներին ամերիկահայ մի գործարար իբրեւ ԱՄՆ քաղաքացի Վանում մի հիւրանոց էր գնել, եւ երբ տեղի թուրքերը իմացել էին, որ գնորդը հայ է, այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ նա բիզնեսը թողել' հեռացել էր:
«Ես վստահ եմ, որ եթէ նման ձեռնարկութիւններ Հայաստանում վաճառքի հանւեն' մեր ազգային անվտանգութեան խորհուրդը եւ հիմնական քաղաքական ուժերը լուրջ քննարկումներ կունենան այն թեմայով, թէ կարելի է այդ գործարքը թոյլ տալ, թէ ոչ: Վստահ եմ, որ մեր օրէնսդրական դաշտը կատարելագործման խնդիր ունի, նկատի ունենալով որոշ ինքնապաշտպանական բնազդներ, որոնք պէտք է ՀՀ-ն կարողանայ դրսեւորել' դիմակայելու համար աւելի ուժեղ թուրքական տնտեսութեանը»,-ասաց Արամ Սաֆարեանը:
Իսկ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանն աւելի հեռու գնաց: Նա յայտարարեց, որ ինչպէս ամբողջ աշխարհում, այնպէս էլ մեր դէպքում մեր հողերը կվերադարձւեն դրանց իրական տէրերի ժառանգներին: «Հայերը չեն պատրաստւում թուրքերի հողերը գնել, որովհետեւ այդ հողերի մեծ մասը հայաբնակ են եղել, ու բնականաբար, կարծում եմ, ինչպէս աշխարհն է գնացել, մենք էլ կը գնանք, եւրոպական որ երկիրը գնում ենք, տեսնում ենք, որ գտել են ժառանգներին,ովքեր սեփականութիւն են ունեցել 18,17,16-րդ դարերում, եւ վերադարձրել են սեփականութիւնը»,-ասաց նա:
Գալուստ Սահակեանը նաեւ բացայայտեց այսօրւայ իշխանութեան նպատակը. «Մեզ համար նպատակներից նպատակը ցեղասպանութեան հետեւանքների վերացումն է,հետեւանքների վերացումն է, որի կոնտեքստում տեսնում ենք ցեղասպանութեան ճանաչման խնդիրը հէնց Թուրքիայի կողմից»:

«Ա+ 1»

0 Պատգամ: