«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը բաց նամակ է յղել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուին: Նամակի առիթը դարձել է հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանում նախարարի արտասանած ելոյթի տեքստը:
«Նախ զամանալի էր, որ ՙբռնազաւթման՚ (occupation) մասին է խօսում մի երկրի արտգործնախարար, որն արդէն աւելի քան երեք տասնամեակ բռնազաւթւած է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթէ ինը տասնամեակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան, տարածքի երեք-քառորդը:
Ուզում եմ շեշտել, որ խօսքը չի գնում ինչ-որ վերացական ՙհայկական հողերի՚ մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով [arbitral award] (22 նոյեմբերի, 1920թ.) Հայաստանի Հանրապետութեանը յատկացւած տարածքի,-ասւած է նամակում,- Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետութեան և Թուրքիայի Հանրապետութեան միջև դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան հինգերորդ պարբերութիւնը, Դուք հետևութիւն էք անում, որ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է ՙգոյութիւն ունեցող սահմանը՚ ըստ Մոսկւայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի:
Խիստ կամայական մեկնաբանութիւն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոյիշեալ, այսպէս ասած, պայմանագրերը: Արձանագրութիւնը յիշատակում է միայն ՙմիջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law):
Այսինքն, յստակ է, որ վկայակոչեալ պայմանագրերը պէտք է կառավարւեն միջազգային իրաւունքով (governed by international law), այսինքն՝ գոնէ չհակասեն միջազգային իրաւունքին: Միևնոյն ժամանակ, արձանագրութիւնը, վկայակոչելով ՙմիջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը՚ (the relevant treaties of international law) և ոչ թէ պարզապէս ՙմիջազգային պայմանագրերը՚ (international treaties), տալիս է աւելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն ներառում է ՙմիջազգային իրաւունքի գործիքներն՚ (the instruments of international law) ընդհանրապէս, անկախ անւանումից»:
«Արդեօ՞ք Դուք իսկապէս կարծում էք, որ երկու չճանաչւած, հետևաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921թ.-ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկւայի պայմանագիր) չեղեալ յայտարարել օրինապէս բանակցւած և 18 ճանաչւած պետութիւնների կողմից ստորագրւած միջազգային փաստաթուղթը (Սևրի պայմանագիրը): Մի՞թէ Դուք կարծում էք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է:
Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու երկիր՝ տւեալ դէպքում ՍՍՀՄ և Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու քեմալականները 1921թ., իրաւասու էին Մոսկւայում որոշելու մէկ այլ երկրի՝ թէկուզև բռնազաւթւած Հայաստանի Հանրապետութեան, սահմանի հարցը»,-ասւած է նամակում:
Ըստ Արա Պապեանի' մենք' հայերս և թուրքերը, դատապարտւած ենք միասնաբար, երկուստէք ընդունելի լուծումներ գտնելու. «Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան յստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը, տնտեսութեան բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևաւորմանը, ինչպէս նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մէջ աւելի լայն ներգրաււմանը:
Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգութեան մտահոգութիւնները, հնարաւորութիւն ընձեռի Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը յարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպէս նաև երաշխաւորի հայկական մշակութային արժէքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պէտք է հնարաւորութիւն տայ զգալու, որ հարցի առաջարկւող լուծումը արժանապատիւ ելք է ստեղծւած իրավիճակից»:
«Մենք պատրաստ ենք համագործակցութեան, սակայն մի ընկալէք դա որպէս թուլութեան նշան և մի փորձեք մեզ ստիպել, որ սպիտակ դրօշ պարզենք: Դա երբէք չի լինի»,-ասւած է նամակում:
0 Պատգամ:
Post a Comment