2009 թւականը և արձանագրութիւնները. «ճանապարհային քարտէզից» մինչև մերձեցման փակուղի


Քաղաքական տեսանկիւնից ելնելով` այս տարի Հայաստանում սեպտեմբերի մէկից տեղի ունեցած իւրաքանչիւր իրադարձութիւն (նոյնիսկ դրանից առաջ տեղի ունեցածներից մի քանիսը) դիտարկւել է Հայ-թուրքական արձանագրութիւնների պրիզմայով:
Անցնող տարին նշանաւորւել է Հայ-թուրքական երկխօսութեամբ, մինչ մնացած թեմաները, ի թիւս որոնց անգամ Ղարաբաղեան հարցը, ենթարկւում և ընկալւում էր այդ ֆոնի վրայ:
Գործընթացը սկսւել է դեռ յունւարից, երբ վարչապետ Տիգրան Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրւած է Մեծամօրի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի մասնակցութեամբ:
Այս ելոյթն 2009 թ. առաջին շոկը դարձաւ և սահմանեց տարւայ գլխաւոր էմոցիոնալ ֆոնը` Հայ-թուրքական յարաբերութիւնները: Այդ ժամանակ շատերը բողոքի ակցիաներ կազմակերպեցին, «որպէսզի թոյլ չտան, որ Թուրքիան ներգրաււի Հայաստանի միջուկային գաղտնիքների մէջ»:
Սակայն, ինչպէս ցոյց տւեցին հետագայ իրադարձութիւնները, գլխաւորը դեռ առջևում էր:
Ապրիլին` Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան 94-րդ տարելիցի նախօրէին, Շւէյցարիայից յանկարծ լուր ստացւեց, որ Երևանն ու Անկարան ինչ-որ «ճանապարհային քարտէզ» են ստորագրել:
Բոլոր կարևոր նորութիւնները միանգամից երրորդ պլան մղւեցին, և աշխարհասփիւռ հայութիւնը սկսեց զուր ջանքեր գործադրել տխրահռչակ «ճանապարհային քարտէզի» էութիւնը հասկանալու համար:
Գրեթէ ողջ վարչական-բիւրոկրատական ապարատը, իշխող կոալիցիայի երեք կուսակցութիւնների` Հանրապետական, «Բարգաւաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, յանկարծ դարձան Հայ-թուրքական յարաբերութիւնների վերականգնման ամենաջերմ ջատագովները:
«Ճանապարհային քարտէզի» աջակիցները դարձաւ նաև Հայաստանի գործարար համայնքի մեծ մասը: Այս խաւի դիրքորոշումը ևս հասկանալի էր` Հայաստանի սահմանների բացումը դրական ազդեցութիւն կունենայ բեռնափոխադրումների ժամկէտների և ծախսերի վրայ, իսկ դա խիստ շահեկան է:
«Ճանապարհային քարտէզի» ստորագրման փաստի կապակցութեամբ կտրուկ քննադատութեամբ հանդէս եկաւ ՀՅԴ կուսակցութիւնը: Այն յայտարարեց, որ 16 տարի տևած Թուրքիայի շրջափակումը եղել և մնում է պատերազմելու ձև, և անթոյլատրելի է թշնամու հետ արձանագրութիւններ ստորագրել, երբ նա շարունակում է պատերազմը, աջակցում Ադրբեջանին և չի ընդունում 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը:
Մինչ հասարակութիւնը փորձում էր գլուխ հանել «ճանապարհային քարտէզի» էութիւնից, Հայաստանի և Թուրքիայի իշխանութիւններն ամռան վերջին օրը հասցրեցին դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւններ նախաստորագրել:
Ի տարբերութիւն «ճանապարհային քարտէզի»` արձանագրութիւնները հրապարակւեցին, և շատ հարցեր պատասխաններ ստացան. Երևանը պաշտօնապէս հրաժարւում էր որևէ տարածքային պահանջներից և պարտաւորւում էր ճանաչել գոյութիւն ունեցող միջազգային սահմանները, իսկ Թուրքիան` ապաշրջափակում էր Հայաստանի հաղորդակցութիւնները:
Արձանագրութիւնների հրապարակումից յետոյ Դաշնակցութիւնը կրկին բողոք բարձրացրեց: Դաշնակցութեան ակցիային միացան աւելի քան տասնեակ քաղաքական կազմակերպութիւններ: Բողոքի ալիքը հասաւ Լոս Անջէլես, Փարիզ, ինչպէս նաև ինտերնետ: Արձանագրութիւնների շուրջ բանավէճերը պառակտեցին Գիտութիւնների ազգային ակադեմիան. Պատմութեան ինստիտուտը կտրուկ դէմ արտայայտւեց իշխանութիւնների վարած քաղաքականութեանը, մինչդեռ Արևելագիտութեան ինստիտուտը աջակցեց դրան:
Կոալիցիոն իշխանութեան կուսակցութիւնները և գործարար համայնքը համախմբւեցին մէկ «աջակցող կառոյցի» մէջ, և նախագահի ու արտգործնախարարի հետ կրկնում էին նոյնը. «արձանագրութիւններում նախապայմաններ չկան, Ղարաբաղեան խնդիրը առանձին խնդիր է, Ցեղասպանութիւնը եղել է»:
Յուլիսին, քանի դեռ արձանագրութիւնների վերաբերեալ զայրոյթը իր կիզակէտին չէր հասել, Դաշնակցութեան Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնութեամբ Ստեփանակերտում համահայկական խորհրդաժողով անցկացւեց, որին մասնակցեցին աշխարհի 20 երկրներից ժամանած 120 պատւիրակութիւններ:
Իշխանութիւնների առաջ պահանջ դրւեց` պաշտօնանկ անել արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանին, հնչեցին նաև նախագահին իմպիչմենտ անելու մտքեր:
Ի պատասխան Հայ դատի կազմակերպած համահայկական խորհրդաժողովի` հոկտեմբերին մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի մէկշաբաթեայ համահայկական ուղևորութիւնը դէպի ամենամեծ և ակտիւ հայկական սփիւռք ունեցող չորս երկրներ` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Լիբանան:
Այցելութիւնը յարթ չանցաւ, և շատ քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացւեցին: Օրինակ` Փարիզում Հայաստանի նախագահին չթողեցին մօտենալ Կոմիտասի յուշարձանին, իսկ Գլէնդելում Լոս Անջէլեսի Հայ համայնքի աւելի քան 10 հազար ներկայացուցիչներ ևս փողոց էին դուրս եկել` բողոքելով Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման դէմ:
Այդուհանդէրձ, հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւեցին փաստաթղթերի վերջնական տարբերակները:
Արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ Դաշնակցութիւնը բաց խորհրդարանական լսումներ կազմակերպեց, որոնք վերածւեցին իշխող խմբակցութիւնների և ընդդիմադիրների միջև լեզւակռւի:
Աւելի ուշ հանրահաւաք կազմակարպւեց, որի ժամանակ Դաշնակցութեան բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը յայտարարեց. «Երկրում պէտք է փոխել ոչ միայն նախագահին և կառավարութիւնը, այլև կառավարման ողջ համակարգը»:

Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի ներքին լարւածութիւնը թուլացաւ Թուրքիայի պատճառով, երբ պարզ դարձաւ, որ արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կարող է դադարեցւել, եթէ Թուրքիան շարունակի Ղարաբաղեան հարցը կապել արձանագրութիւնների վաւերացման հետ:
Մի քանի ամիսների ընթացքում Անկարան բազմիցս յայտարարել է, որ առանց Ղարաբաղեան խնդիրը լուծելու Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չեն կարող հաստատւել: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Վաշինգտոն կատարած դեկտեմբերեան այցից յետոյ, երբ չնայած բոլոր ջանքերին` նախագահ Օբամային չյաջողւեց համոզել Թուրքիայի վարչապետին, վերջնականապէս պարզ դարձաւ, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու ճանապարհին «ղարաբաղեան թեմայից» չի ընկրկի:
Բառացիօրէն յաջորդ օրը Հայաստանի նախագահը հասկացրեց, որ Հայաստանը կարող է վերանայել ստորագրւած արձանագրութիւնները, իսկ վարչապետն ընդգծեց, որ Երևանը կարող է ոչ միայն չվաւերացնել փաստաթղթերը, այլև դուրս գալ բանակցային գործընթացից:
Այս անգամ վարչապետ Սարգսեանը ոչինչ չասաց ատոմակայանի մասին:

Արիս Ղազինեան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

0 Պատգամ: