Փորձագէտ.– Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ չի հասունացել իրական լուծումների համար


11:10 / 03.01.2010
Շնորհիւ Հայաստանի նախաձեռնող արտաքին քաղաքականութեան 2009 թւականին բարձրացել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Նա անցնող տարւայ ձեռքբերումներից համարեց այն, որ Հայաստանը կարողացաւ խորացնել ռազմավարական գործընկերութիւնը Ռուսաստանի հետ, միաժամանակ պահպանելով բարեկամական յարաբերութիւնները Վրաստանի հետ եւ այդ ֆոնին ակտիւացնել եւրաիտեգրացման գործընթացը:
Նրա խօսքով, Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը նոր փուլ է մտել, որը շատ ռիսկային է համարւում, բայց այդ ռիսկը արդարացւած է: «Երեւանը գնում է նման ռիսկի, որպէսզի ապահովի նոր աշխարհաքաղաքական հնարաւորութիւններ Հայաստանի համար»,- նշեց Սաֆրաստեանը:
Կանխատեսումներ անելով 2010 թւականի համար, թուրքագէտը նկատեց, որ Ղարաբաղի հարցում իրական առաջխաղացում չի լինի: «Բանն այն է, որ այդ հակամարտութիւնը չի հասունացել իրական լուծումների հասնելու համար»,- յայտարարեց նա: Ինչ վերաբերում է Հայ-թուրքական երկխօսութեանը, ապա փորձագէտի կարծիքով, այն կշարունակւի 2010 թւականին: Կը լինեն իրական առաջխաղացումներ Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացում, քանի որ դրանում շահագրգռւած են թէ՛ Երեւանը, թէ՛ Անկարան:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: