Sunday, January 3, 2010

Ղարաբաղեան խնդիր

Ղարաբաղեան խնդիր
Իլհամ Ալիեւ.– ամանորեայ՞, թէ՞ պատերազմի ուղերձ



«Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը բանակցութիւնների թեմայ չէ, չի եղել եւ երբէք չի լինելու, Լեռնային Ղարաբաղը երբէք չի դառնալու անկախ պետութիւն». -


02.01.2010
Արման Յովհաննիսեան

«Այսօր մեր բանակը ընդունակ է կատարել բոլոր առաջադրւած խնդիրները, մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի հողերն ազատագրենք օկուպացումից` (բխնագրաւումից) թէ՛ մարտունակութիւնը, թէ՛ հայրենասիրական ոգին», - յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին ուղղւած ամանորեայ ուղերձում:
«Ընդլայնւում են մեր հնարաւորութիւնները սպառազինութեան առումով: Պաշտպանական արդիւնաբերութիւնը Ադրբեջանում գործում է արդէն չորս տարի, եւ մենք մեծ յաջողութիւնների ենք հասել այդ ուղղութեամբ», - «ԱզերԹաջ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` ասել է Ալիեւը եւ յաւելել. - «Մեր ռազմական ներուժը աճում է օր-օրի եւ շարունակելու է աճել: 2010 թւականին այդ նպատակների ապահովման համար նախատեսւած են լրացուցիչ մեծ միջոցներ»:
«Մենք կարող ենք օգտագործել բոլոր հնարաւորությունները Լեռնային Ղարաբաղի հարցի, Հայ - ադրբեջանական հակամարտութեան լուծման համար», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը վերստին յայտարարել է, թէ «Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը բանակցութիւնների թեմայ չէ, չի եղել եւ երբէք չի լինելու, Լեռնային Ղարաբաղը երբէք չի դառնալու անկախ պետութիւն». - «Առանց Ադրբեջանի համաձայնութեան դա անհնար է, իսկ Ադրբեջանը երբէք չի կարող իր համաձայնութիւնը տալ դրան: Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը եւ ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրելու են, պէտք է ապրեն ինքնավարութեան կարգավիճակի շրջանակներում, եւ այդ բնագաւառում պէտք է կիրառւի համաշխարհային ամենաառաջաւոր փորձը: Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որից չենք նահանջելու ոչ մի քայլ»:
«Մենք ձգտելու ենք` օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ դիւանագիտական, ե՛ւ մնացեալ, մօտ ժամանակներս, արդարացի, միջազգային իրաւունքի սկզբունքներին համապատասխան լուծել այդ հարցը, որպէսզի Ադրբեջանի քաղաքացիները հնարաւորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը», - ասել է Ադրբեջանի նախագահը` աւելացնելով. - «Բայց միաժամանակ, Ադրբեջանը նաեւ ծաւալում է իր ռազմական ներուժը: Դա մեր ինքնիշխան իրաւունքն է, եւ մենք դրանից օգտւում ենք: Ադրբեջանը բանակային շինարարութիւնը իրականացնում է ներքին հնարաւորութիւնների հաշւին: Բնականաբար, դա մեր ներքին գործն է»:
Միեւնոյն ժամանակ, Ալիեւը ասել է, թէ 2009 թւականին «շատ կարեւոր քայլեր» են ձեռնարկւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ:
«Ամբողջ միջազգային հանրութիւնը եւ այդ հարցով անմիջականօրէն զբաղւող կողմերը արդէն ցույց են տալիս իրենց կամքը, թէ ինչ ուղիներով է լուծւելու հիմնախնդիրը: Անչափ ուրախացնում է այն, որ գերակշռում է այն դիրքորոշումը, որը Ադրբեջանը պաշտպանում է շատ տարիներ: Այսինքն` հարցը պէտք է լուծւի միջազգային իրաւունքի հիման վրայ, երկրների տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Մենք միշտ պաշտպանել ենք հէնց այդ սկզբունքները», - յայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Մեկնաբանելով Ալիեւի յիշեալ յայտարարութիւնները` Ռազմավարական եւ ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը, մասնաւորապէս, շեշտել է. - «Սովորաբար, երկրների մեծ մասի առաջնորդները իրենց ժողովուրդներին են դիմում ամանորեայ աւանդական ուղերձով, որը կոչւած է փոխանցել համագործակցութեան, խաղաղութեան եւ բարգաւաճման բարեմաղթանքներ: Բայց Ադրբեջանի դէպքում 2010 թւականի ամանորեայ ուղերձը պատերազմի ուղերձ էր»:
Ընդգծելով, թէ նման ուղերձը «միջազգային հանրութեանը ուղղւած նախազգուշացում էր, որ խաղաղութիւնը եւ անվտանգութիւնը Հարաւային Կովկասում երաշխաւորւած չեն լինելու 2010 թւականին», Կիրակոսեանը, այդուհանդէրձ, համոզմունք է յայտնել, թէ այդ ռազմաշունչ խօսքերը «մնում են դատարկ սպառնալիքներ», քանի որ, նրա պնդմամբ, ադրբեջանական զինւած ուժերը տւեալ պահին հեռու են մարտական պատրաստականութեան համապատասխան մակարդակից, եւ Ադրբեջանի նախագահը ակնյայտօրէն գերագնահատում է նրանց հնարաւորութիւնները:


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: