Թուրքիայի իշխանութիւնները դեն են նետում դիմակները.
Ոչ մի ժողովրդավարական նախաձեռնութիւն մինչեւ վերջ չի հասցւել



15:18 / 06.01.2010
Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 11-ին փակւած քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան նախկին անդամ պատգամաւորները եւ անկախ պատգամաւոր Ուֆուք Ուրասը «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան կազմում առաջին խորհրդակցութիւնն են անցկացրել։
Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ խորհրդարանում յիշեալ կուսակցութեան խմբակցութեան ժողովին խօսել է կուսակցութեան առաջնորդ Դեմիր Չելիքը։ Վերջինս քննադատութեան է ենթարկել Թուրքիայի ներկաե իշխանութիւններին՝ մեղադրելով նրանց տեղի ունեցող բացասական երեւոյթների համար։ «2.5 միլիոն քւէ ստացած կուսակցութիւն են փակում, ընտրւած քաղաքապետերին բանտեր են նետում։ Պետական մենաշնորհային հիմնարկների աշխատակիցների հետ իշխանութիւնը ամենակոշտ ձեւով է վարւում։ Եւ այս ամէնը ժողովրդավար „Արդարութիւն եւ զարգացում“ կուսակցութեան ղեկավարութեան օրօք»,- արձանագրել է Չելիքն ու յաւելել. «2009 թւականը եղաւ դիմակների պատռման տարի։ „Արդարութիւն եւ զարգացում“ կուսակցութիւնը մի նպատակ ունի՝ պահպանել իր իշխանութիւնը։ Քրդերի ազատասիրական ուժը ցրելու համար՝ իշխող կուսակցութիւնն ամէն քայլ օգտագործում է:
Քրդերին բանտեր է նետում, գործադուլ անող աշխատողներին արցունքաբեր գազով է ցրում։ Իշխանութիւնը ամէն տեղ ձեռքը գցում է, սակայն ոչինչ չի անում, եւ սա է նրա քաղաքական տակտիկան։ Քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութիւն, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութիւն, Ալեւիների հարցի կարգաւորման նախաձեռնութիւն, լաւ մինչ հիմա իշխող կուսակցութիւնը ո՞ր նախաձեռնութիւնն է արդիւնքի հասցրել»-յայտարարել է «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահը։
Յիշեցնենք, որ 2009 դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւնը, 5 տարով քաղաքականութեամբ զբաղւելու իրաւունքից զրկեց այդ կուսակցութեան 37 անդամի՝ այդ թւում երկու պատգամաւորի՝ կուսակցութեան նախագահ Ահմեդ Թուրքին եւ կին պատգամաւոր Այսել Թուղլուկին։
2 պատգամաւորների մանդատների վայր դնելով կուսակցութիւնը զրկւում էր խորհրդարանում խմբակցութիւն կազմելու հնարաւորութիւնից, սակայն քուրդ պատգամաւորներին օգնութեան հասաւ Ստամբուլից ընտրւած անկախ պատգամաւոր Ուֆուք Ուրասը, որի հետ էլ քուրդ պատգամաւորները հնարաւորութեան ստացան կազմելու խորհրդարանական նոր խմբակցութիւն։ Փակւած «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան անդամները ներկայումս անդամագրւել են «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեանը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: