«Ողջամիտը» Դուրս Է Ողջամտութեան Շրջանակից

Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
4 Յունւարի 2010թ.

Խօսելով Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրութիւնների վաւերացման հնարաւոր ժամկէտի մասին, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտօնեաներ խրոխտ ձայնով յայտարարում են, որ Հայ-թուրքական, ըստ իրենց, կարգաւորումը պէտք է տեղի ունենալ «ողջամիտ ժամանակահատւածում»:
Ըստ այդմ, անհրաժեշտութիւն է առաջանում պարզելու` արդեօ՞ք միջազգային իրաւունքի մէջ առկայ է «ողջամիտ ժամանակահատւած» հասկացութեան յստակեցւած տեւողութիւն: «Ողջամիտ ժամանակահատւած» եզրոյթն ունի, թէեւ ոչ յաճախադէպ, սակայն որոշակի կիրառութիւն միջազգային հանրային իրաւունքի մէջ:
Օրինակ, Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ — 6-րդ յօդւածներն երաշխաւորում են կալանքի կամ ձերբակալութեան մէջ գտնւող անձի դատավարութիւնը «ողջամիտ ժամանակահատւածում»: (. Articles 5(3). . Article 6(1).) Ակնյայտ է, որ նման ձեւակերպումն ունի բաւարար ճկունութիւն եւ հնարաւորութիւն է տալիս վերոյիշեալ բազմակողմ փաստաթուղթը դրձնել առաւել ներառական եւ այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար:
Այսուհանդերձ, «ողջամիտ ժամանակահատւած» բառակապակցութեան գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրւում են միայն փախադարձ պարտաւորութիւններ, տրամաբանական եւ բնաւ ցանկալի չէ: Առաւել եւս, հաշւի առնելով թուրքերի սեփական պարտաւորութիւններն ուրանալու եւ խօսքը դրժելու դարաւոր աւանդոյթը, նման բան ընդհանրապէս անընդունելի է նրանց հետ յարաբերութիւններում:
Բելգիացի ժամանակակից մեծագոյն իրաւագէտ Օլիվիյէր Քորտենը (Olivier Corten) «ողջամիտ» եզրոյթի հիմնական բնութագրիչն իրաւացիօրէն համարում է նրա «վերացական երկիմաստութիւնը» (profound ambiguity). Այսինքն, միջազգային յարաբերութիւններում նման ժամկէտորոշիչի գործածումը որեւէ յստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում:
ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մէջ մեզ հետաքրքրող հարցի վերաբերեալ տւել է հետեւեալ մեկնաբանութիւնը. «որեւէ դատական գործում որոշելը` ի՞նչն է ողջամիտը եւ անաչառը, պէտք է կախւած լինի տւեալ գործի հանգամանքներից« () :
Այսինքն, ՄԱԿ-ի բարձրագոյն դատական ատեանը միանշանակօրէն ամրագրել է, որ «ողջամիտ» հասկացութիւնը խիստ յարաբերական է եւ միջազգային հանրային իրաւունքի մէջ այն չի կարող ունենալ համընդգրկուն եւ միանշանակ մեկնաբանութիւն: Այսինքն, եթէ հայկական կողմի համար «ողջամիտ» ժամանակահատւածը տրմաբանօրէն, օրինակ, կարող է լինել երեք ամիսը, ապա նոյնքան տրամաբանօրէն «ողջամիտը» թուրքական կողմի համար կարող է լինել երեք տարին:

Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
4 Յունւարի 2010թ.

0 Պատգամ: