«Ակոս»-ի խմբագիր.–
Ով շատ աշխատի, նա էլ կնտրւի Պոլսոյ Համապատրիարք

15:37 / 08.01.2010
Ով աւելի շատ աշխատի, նա էլ կնտրւի Պոլսոյ Հայոց Համապատրիարքի պաշտօնում:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Ստամբուլում հրատարակւող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբեանը՝ մեկնաբանելով համապատրիարքի առաջիկայում կայանալիք ընտրութիւնները:
Վերջինս նաեւ յայտնեց, որ պոտենցիալ թեկնածուներից է նաեւ Պոլսոյ պատրիարքարանի հոգեւոր ժողովի ատենապետ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը: «Բնական թեկնածուները 7-8 հոգի են, բայց այսօր, որպէս բնական թեկնածուներ, երեք եպիսկոպոսներ կան»,- նշեց Սերոբեանը եւ աւելացրեց, որ Արամ Աթեշեանը դեռ պաշտօնապէս չի առաջադրել իր թեկնածութիւնը:
Իրենց թեկնածութիւնն արդէն առաջադրել են Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանն ու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչեանը, որոնք երկուսն էլ ծնւել են Թուրքիայում: Բեկչեանը արդէն վաղը Գերմանիայից պիտի ժամանի Պոլիս, որտեղ կիրակի օրը պատարագ պիտի մատուցի: «Չուլջեանը, երեւի, Պոլիս գալու դժւարութիւններ ունի, բայց պէտք է ժամ առաջ գայ եւ աշխատանք ձեռնարկի, եթէ թեկնածութիւնը դնելու միտք ունի: Ստամբուլահայութիւնը Չուլջեանին չի ճանաչում: Նա պիտի աշխատի, որ շանս ունենայ ընտրւելու»,- նշեց Սերոբեանը:
Վերջինս նաեւ խուսափեց նշել, թէ ով աւելի մեծ հնարաւորութիւններ ունի ընտրւելու: «Նա ով շատ աշխատի նա էլ կընտրւի: Ստամբուլահայութեան անունից խօսելու իրաւունք ոչ ոք չունի, անգամ պատրիարքը»,- նշեց «Ակոսի» խմբագիրը:
Նշենք, որ համապատրիարքի ընտրութիւններին մասնակցելու են Ստամբուլի Հայ համայնքի աւելի քան 50 հազար անդամներ։ Համապատրիարքի ընտրութիւններն անց են կացւում Մեսրոպ պատրիարք Մութաֆեանի հիւանդութեան պատճառով:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: