Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝

ինչպէս «թռչնակը վանդակում»


17:34 / 08.01.2010
Ադրբեջանի իշխանութիւնները հերթական անգամ փորձում են մոլորութեան մէջ գցել ինչպէս միջազգային հանրութեանը, այնպէս էլ ադրբեջանական բնակչութեանը: Ի լրումն ՄԱԿ Գլխաւոր ասամբլիայի կողմից անցած տարեվերջին ժողովուրդների ինքնորոշման բանաձեւի վերաբերեալ աղմկոտ պատմութեան, News.az ադրբեջանական կայքն այսօր հերթական սադրիչ յօդւածն է հրապարակել, որում իբր խօսւում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւի ուղերձի մասին՝ յղւած կազմակերպութեան Գլխաւոր ասամբլիային՝ Ղարաբաղեան հակամարտութեան կապակցութեամբ:
Հերթական այս քարոզչական յայտարարութիւնն ըստ էութեան ՄԱԿ-ին հասցէագրւած կոչ չէ, այլ ընդամէնը բողոք, որում նշւում է, որ Նիւ Եորքում Հայաստանի դեսպանը եւ ներկայացուցիչները ՄԱԿ-ի տարբեր մարմիններում ու մասնաւորապէս Անվտանգութեան խորհրդում շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցէին:
Ժամանակի կորուստ է անդրադառնալ այս բողոք-նամակի տեղեկատւական բաժնին, որում իբր խօսւում է պատմական փաստերի մասին, քանի որ սա ուղղակի ինքնախաբէութեան փորձ է: Ակնյայտ է, որ դրա նպատակն է աղաւաղել ու փոխել ԼՂ հիմնախնդրի նախապատմութիւնը եւ դէպքերի զարգացումը:
Սակայն նամակի բովանդակութիւնը թողնենք դիւանագէտներին ու պատմաբաններին, եւ անցնենք գլխաւորին: Իսկ հիմնականը կայանում է նրանում, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղափոխել Ղարաբաղեան հարցը ՄԱԿ, որտեղ մի քանի երկրների օգնութեամբ այդուհանդերձ հնարաւոր է բանաձեւեր եւ որոշումներ ընդունել տալ, ու յետոյ էլ, ինչպէս 2006-ին եւ 2008-ին, սեփական ժողովրդի առջեւ գլուխ գովել Բաքւի դիւանագիտական դպրոցի մեծ ձեռքբերումներով:
Ազդարարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան ձախողման մասին՝ Բաքուն, սպառելով իր հնարաւորութիւններն այդ ճակատում, փորձում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ում, այնուհետ այդ ցանկում կարող են յայտնւել ՆԱՏՕ-ն, ԵԽ-ն, եւ այդպէս շարունակ:
Ժամանակն է, որ ադրբեջանական իշխանաւորները հասկանան, որ ՄԱԿ-ի, կամ Ղարաբաղեան հակամարտութեան հարցում իրաւասութիւն չունեցող որեւէ այլ կազմակերպութեան բանաձեւերով չի լուծւելու ԼՂ հիմնախնդիրը: Այն կարգաւորելու համար կողմերն, ու առաջին հերթին Ադրբեջանը, պէտք է դրսեւորեն քաղաքական կամք՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կատարելու եւ, իհարկէ, ամենակարեւորը՝ այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցութիւնն ապահովելու համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: