Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տոնը
` Մայր Աթոռ Սբ Էջմիածնում
ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՅՈՒՆՒԱՐԻ, ԱՐՄէՆՊՐԷՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեծ հանդիսաւորութեամբ տոնախմբւել է Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան ու Աստւածայայտնութեան հրաշափառ տոնը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին Մայր Աթոռի մամլոյ դիւանից, այս առթիւ Մայր Տաճարում Հայրապետական Սբ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հայրապետական շքեղ թափորով, զանգերի աւետաբեր ղօղանջների ներքոյ Ամենայն Հայոց Հայրապետը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ամպհովանիով առաջնորդւել են Մայր տաճար:
Հայրապետական ամպհովանակիրներն էին ՀՀ կառավարութեան սոցիալական վարչութեան պետ Արամ Կարապետեանը, «Արդշինինվեստբանկի» վարչութեան նախագահ Ներսէս Կարամանուկեանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը եւ մոսկւաբնակ բարերար Գագիկ Գէորգեանը:
Որպէս առընթերականեր Նորին Սրբութեանը սպասաւորում էին Նոր Նախիջեւանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսեանը, Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը: Պատարագին ներկայ էին ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ կառավարութեան անդամներ, պետական բարձրաստիճան պաշտօնեաներ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, օտարերկրեայ դիւանագէտներ, գիտութեան եւ մշակոյթի գործիչներ: Սբ Պատարագի ընթացքում Նորին Սրբութիւնը Հայրապետական իր պատգամն է ուղղել ժողովրդին:
Անդրադառնալով Սբ Ծննդեան խորհրդին` Վեհափառ Հայրապետը նշել է, որ Աստծոյ սիրոյ եւ ողորմութեան խորհուրդն է այսօր հսկում աշխարհը` վեր անցողիկ ունայնութիւններից, ժամանակից: «Աստծոյ եւ միմեանց հանդէպ սէրն է, որ խաղաղութիւն եւ համերաշխութիւն պիտի բերի բազում տագնապներով ապրող այս աշխարհին, բացառի մարդկանց, ազգերի իրաւունքների ոտնահարումը, նրանց սրբութիւնների եւ հոգեւոր արժէքների կործանումը:
Այդպիսի սիրով պիտի յաղթահարւեն չքաւորութիւնը, հիւանդութիւնները, աղէտների պատճառած հոգսերն ու վնասները: Այդպիսի սիրոյ լոյսով աշխարհը պիտի նորոգւի, երկիրը երկինք դառնայ, մարդկային կեանքով Աստւած փառաբանւի»,-ասել է Վեհափառը:
Այնուհետեւ Նորին Սրբութիւնն անդրադարձել է արարչաստեղծ ընտանիքի ընկալմանը, ընտանեկան արժէքներին ու դրանց պահպանման կարեւորութեանը: Հոգենորոգ տոնի առթիւ Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու ողջոյններն է յղել համայն Հայ ժողովրդին, Հայոց պետական աւագանուն` գլխաւորութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի:
Հայոց Հայրապետը եղբայրական ողջոյններ ու բարեմաղթանքներ է յղել նաեւ քոյր եկեղեցիների հոգեւոր պետերին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու նւիրապետական աթոռների գահակալներին եւ ուխտապահ ողջ հոգեւոր դասին: Սբ Պատարագի աւարտին Վեհափառը կատարել է Ջրօրհնէքի սրբազան արարողութիւնը՝ ի յիշատակ Քրիստոսի Սուրբ մկրտութեան։ Այս տարի Մայր տաճարում Ջրօրհնէքի Խաչի կնքահայրն էր ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Ապա Նորին Սրբութիւնը թափորով ուղղւել է դէպի Վեհարան` բարեպաշտ ժողովրդին բաշխելով Հայրապետական իր օրհնութիւնը եւ փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսը:
Արարողութիւնից յետոյ տոնի առիթով Վեհարանի հանդիսութիւնների սրահում տեղի է ունեցել պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում Ռուսաստանի Հայոց թեմից բարերար Գագիկ Գէրգեանը Նորին Սրբութեանը` գահակալութեան 10-ամեակի առթիվ, ընծայաբերել է Հայրապետական գաւազան։
0 Պատգամ:
Post a Comment