ՌԴ և ՀՀ նախագահները կը քննարկեն ռազմատեխնիկական համագործակցութեան հարցերն ու ֆինանսական ճգնաժամի դէմ պայքարը

16:24 18/ 01/ 2010
ԵՐԵՒԱՆ, 18 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի իր Հայ գործընկեր Սերժ Սարգսեանի հետ կը քննարկի ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների յաղթահարման հեռանկարները և ռազմատեխնիկական համագործակցութեան հարցերը, յայտնել է Կրեմլում գտնւող աղբիւրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջնորդների օրակարգում ռուս-հայկական առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, մշակութային-մարդասիրական և ռազմատեխնիկական կապերի զարգացման հարցեր կլինեն։ Մեդվեդևն ու Սարգսեանը, որպէս 2009 թւականի հոկտեմբերին Մոսկւայում կայացած հանդիպման շարունակութիւն, կը քննարկեն մեր տնտեսութիւնների համար բացասական ճգնաժամային հետևանքների յաղթահարման, նաւթագազային, ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի, ինչպէս նաև ենթակառուցւածքային ծրագրերի իրագործման հեռանկարներ»,- ասել է ՌԻԱ Նովոստիի աղբիւրը։
2009 թւականի յունւար-նոյեմբերին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառութիւնը կազմել է 642,71 միլիոն դոլար՝ 2008 թւականի նոյն ժամանակահատւածի համեմատ կրճատւելով 21,5 տոկոսով։
«Մարդասիրական երկխօսութեան զարգացման գործում նախագահները կը կարևորեն 2008 թւականին Հայաստանում անցկացւած Ռուսական մշակոյթի օրերը և 2009 թւականին Ռուսաստանում հայկական մշակոյթի օրերը, ինչպէս նաև Երևանում Գիտութեան և մշակոյթի ռուսական կենտրոնի բացումը։ Բացի այդ, Մեդվեդևն ու Սարգսեանը կարծիքներ կը փոխանակեն մշակութային-մարդասիրական համագործակցութեան հետագայ հեռանկարների վերաբերեալ՝ ներառեալ նման փոխգործակցութեան իրաւապայմանագրային բազայի ընդլայնման և Հայաստանում ռուսաց լեզւի ուսումնասիրման հարցեր»,- տեղեկացրել է գործակալութեան զրուցակիցը։
Ըստ նրա, այս բնագաւառում քննարկման առանձին կէտ «կարող են դառնալ, անշուշտ, ռուսական և հայկական ժողովուրդների հոգևոր հարստացման համար նշանակալի բարեկամական յարաբերութիւնները և կանոնաւոր շփումները Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև»։
Առաջնորդները կանդրադառնան նաև տարածաշրջանային հարցերի։
«Նրանք «կուղղեն» իրենց ժամացոյցներն ըստ ԱՊՀ գործունեութեան արդիական հարցերի՝ Ռուսաստանն այս տարի նախագահում է Համագործակցութիւնում, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում, Եւրասիական տնտեսական համագործակցութիւնում, որում Հայաստանը մասնակցում է որպէս դիտորդ»,- յայտնում է աղբիւրը։
Երկու նախագահների հանդիպումն առաջինն է 2010 թւականին։ Հայաստանի նախագահը կը դառնայ Ռուսաստանը նոր տարում առաջինն այցելած օտարերկրեայ առաջնորդը։
Կրեմլում ուշադրութիւն են դարձրել նրան, որ ռուս-հայկական երկխօսութեան առանձնայատկութիւնը բոլոր մակարդակներում շփումների ակտիւութիւնն ու յուսալիութիւնն է։
«2009 թւականին կայացել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միայն եօթ երկկողմ հանդիպում (2008 թւականին եղել է վեց հանդիպում), միաժամանակ պետութիւնների ղեկավարները բազմիցս հանդիպել են բազմակողմ ձևաչափերով։ Այս տարւայ առաջին շաբաթներին արդէն շփումներ են անցկացւել պաշտպանութեան և արտգործնախարարութիւնների ղեկավարութեան մասով»,- յիշեցրեց գործակալութեան զրուցակիցը։
Այսպէս, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սէրգէյ Լաւրովը յունւարի 13-14-ին պաշտօնական այցով եղել է Երևանում։ Նա քննարկել է տնտեսական համագործակցութեան ընդլայնման հեռանկարներ, բարձր մակարդակով ձեռք բերած պայմանաւորւածութիւնների կատարում, Հարաւային Կովկասի խնդիրներ, Ղարաբաղեան կարգաւորման հարցեր, ինչպէս նաև Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի նախագահի ջերմ ողջոյնները՝ նշելով, որ ռուսական պետութեան ղեկավարը յոյս ունի, որ երկու երկրի միջև փոխադարձ վստահութեան վրայ հիմնւած ինտենսիւ գործընկերային երկխօսութիւնը կը շարունակւի նաև 2010 թւականին։

0 Պատգամ: