Ադրբեջանը հրաժարւում է ստորագրել դիպուկահարներին առաջաւոր գծերից յետ քաշելու պայմանագիրը

18:32 / 14.01.2010
Պատերազմը յայտարարութիւններով չի սկսւում: Այդ մասին Յունւարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ԼՂՀ պաշտպանութեան նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսէս Յակոբեանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Բաքւից հնչող ռազմաշունչ յայտարարութիւնները:
Ինչպէս նշել է Յակոբեանը, այդ յայտարարութիւնները մեծամասամբ ներքաղաքական նպատակներ են հետապնդում:
«Մենք պէտք է լսենք այդ յայտարարութիւնները, ճիշտ եզրակացութիւններ անենք եւ նախաձեռնենք համապատասխան միջոցառումներ՝ յայտարարութիւնների իսկութիւնը ճշտելու նպատակով, ինչի համար մեր պետութիւնն ու բանակն ունեն համապատասխան կառոյցներ»,- յայտարարել է Յակոբեանը՝ ընդգծելով, որ հիմնական խնդիրն է անել այնպէս, որ «այդ յայտարարութիւնները մնան լոկ յայտարարութիւն»:
ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ դեռ Էլչիբէյն էր ասում, որ ոտքերն է լւանալու Սեւանայ լճում, բայց այդ յայտարարութեանը հետեւեց Աղդամի անկումը:
«Եթէ Ադրբեջանը պատրաստ լինէր պատերազմին, կսկսեր՝ ոչ մէկին չհարցնելով»,- նկատեց նա՝ յաւելելով, որ իր համար, որպէս պաշտպանութեան նախարարի, պատերազմը կարող է հէնց հիմա էլ սկսւել: Հէնց այդ պատճառով էլ առաջաւոր գծում մեծ թւով զինւորներ, հերթապահ ստորաբաժանումներ են գտնւում:
Անդրադառնալով փաստին, որ առաջաւոր գծերից յետ չեն քաշւել դիպուկահարները, նախարարը նկատեց, որ դա չի արւել այն պատճառով, որ Ադրբեջանը չցանկացաւ ստորագրել ԼՂՀ Պաշտպանական բանակի հետ համապատասխան պայմանագիրը:
Յակոբեանը համոզմունք է յայտնել որ հարաւկովկասեան տարածաշրջանում խաղաղութիւնը պահպանւում է բացառապէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանական բանակի շնորհիւ. «դա մեր ամենակարեւոր յաջողութիւնն է, եւ բանակի մարտունակութեան բարձրացման միջոցով մենք պէտք է մշտապէս հարկադրենք հակառակորդին, որ նա մեզ հետ խօսի բանակցութիւնների սեղանի շուրջ, այլ ոչ պատերազմի դաշտում»:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: