Երեք Ցեղասպանութեան Քաղաքը...


(Սոյն յօդւածը թողարկւել է Յունւարի 13–ին՝
Բաքւի ջարդերի 20– րդ տարելիցի առիթով)

20:09 13/ 01/ 2010 ԵՐԵՒԱՆ, 13 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր լրանում է Բաքւի ողբերգական իրադարձութիւնների 20-ամեայ տարելիցը, որոնց ընթացքում ադրբեջանցի ազգայնականներին յաջողւեց աւարտին հասցնել դեռևս 20-րդ դարի սկզբին սկսած գործը, այն է՝ Բաքուն մաքրել հայերից, ովքեր ռուսների և հրէաների հետ մէկտեղ միջնադարեան ասիական այս գաւառը դարձրել էին ժամանակակից քաղաք, Անդրկովկասի տնտեսական մայրաքաղաքը:
1905-06 և 1918թթ.-ին արդէն երկու ցեղասպանութիւն ապրած Բաքւի Հայ բնակչութիւնը 20-րդ դարում 1990թ.-ի յունւարին երրորդ ցեղասպանութիւնից յետոյ ստիպւած էր վերջնականապէս լքել հարազատ քաղաքը, իսկ Ադրբեջանը ցեղասպանագործ պետութեան տխրահռչակ անուն վաստակեց:
Միջազգային իրաւունքի համատեքստում, «ցեղասպանութիւն» են համարւում որևէ ազգային, ցեղային, ռասայական կամ կրօնական խմբի լիովին կամ մասամբ ոչնչացնելու մտադրութեամբ իրագործւած գործողութիւնները: Ցեղասպանութիւնը ծանրագոյն միջազգային յանցագործութիւն է մարդկութեան դէմ, որը վաղեմութեան ժամկէտ չունի:
Առաջին հայկական ջարդերը Բաքւում տեղի ունեցան 1905թ.-ի փետրւարին, երբ ցարական իշխանութիւնների թողտւութեամբ, որոշ տւեալներով, նոյնիսկ նրանց գաղտնի սատարմամբ, կովկասի թաթարները, սովետական իշխանութեան ժամանակ առաջին անգամ իմանալով, որ իրենք ադրբեջանցիներ են, փորձեցին ոչնչացնել ու տեղահան անել Բաքւի հայկական բնակչութեանը: Կոտորածը շարունակւել է ուղիղ երեք օր, որը, ականատեսների խօսքերով, Բաքւի նահանգի գեներալ-նահանգապետ Նակաշիձեի թոյլտւութեամբ ջարդերի էր վերածւել:
Հասկանալով, որ իշխանութիւնների սատարման վրայ յոյս դնել պէտք չէ, Բաքւի հայ բնակչութիւնը՝ ՀՅԴ կուսակցութեան գլխավորութեամբ, ինքնապաշտպանութիւն կազմակերպեց, որում ակտիւ մասնակցութիւն ունեցան յայտնի ֆիդայիներ Նիկոլ Դումանը, Վարդան Հանասորին, Մուրադ Սեբաստացին, Համազասպը և այլոք, որոնց փոքր ջոկատներով յաջողւեց բարեյաջող կերպով դիմակայել ջարդարարների բազմութեանը:
Բաքւի վիճակագրական բիւրոյի և տուժածներին օգնութիւն ցոյց տալու թաթարառուսահայկական կոմիտէի տւեալներով փետրւարեան իրադարձութիւնների ժամանակ սպանւել է 205 Հայ, որից 7-ը՝ կին, մինչև 14 տարեկան 20 երեխայ և 55-ն անց 13 տարեց:
Բացի այդ, սպանւել է 111 թաթար, վիրաւորւել 128-ը, այդ թւում 2 կին, ծէրեր և երեխաներ չեն զոհւել: Տուժել է 451 հայի և 62 թաթարի գոյք:
Հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից մէկը՝ գեներալ-նահանգապետ Նակաշիձեն, արդար ժողովրդական պատժի ենթարկւեց: Նրան 1905 թ.-ի մայիսի 11-ին սպանեց ՀՀ ապագայ պաշտպանութեան նախարար Դրաստամատ Կանայեանը՝ Դրոն:
Հայերի երկրորդ ցեղասպանութիւնը Բաքւում իրականացւել է թուրքական միջամտութիւնից և 1918 թ.-ի սեպտեմբերի 15-ին Բաքւի գրաւումից յետոյ, որին յաջորդեցին բազմաթիւ օրեր տևած հայկական ջարդերը 1918 թ.-ի սեպտեմբերին:
Եթէ 1913թ.-ի տւեալներով Բաքւում ապրում էր շուրջ 215 մարդ, այդ թւում ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ՝ 76,3 հազ կամ 35,5 տոկոս, Կովկասի թաթարներ՝ 46 հազ կամ 21,4 տոկոս, Հայ՝ 42 հազ կամ 19,4 տոկոս, պարսիկ՝ 25 հազ կամ 11,7 տոկոս, հրէայ՝ 9,7 հազ կամ 4,5 տոկոս, վրացի՝ 4 հազար կամ 1,9 տոկոս, գերմանացի՝ 3,3 հազար կամ 1,5 տոկոս, Կազանի թաթար՝ 2,3 հազար կամ 1,1 տոկոս, ապա 1920 թ.-ին, բոլշևիկների բաքու վերադառնալուց յետոյ, քաղաքի բնակչութիւնը հիմնական ազգութիւններով բաշխւում էր հետւեալ կերպ. Ադրբեջանի թուրքեր՝ 59,6 հազ մարդ, ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ՝ 52,6 հազար մարդ, հայեր՝ 36,1 հազար մարդ, պարսիկներ՝ 22,2 հազար մարդ, եւրոպացի և լեռնեցի հրէայ՝ 13,7 հազ մարդ: Մնացած ազգութիւնները՝ գերմանացիներ, վրացիներ, լեզգիներ և այլն, Բաքւում հաշււում էր ընդամէնը 193,6 հազ մարդ:
1990թ.-ի յունւարի իրադարձութիւնները Բաքւում Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի երրորդ ալիքը դարձան: Երեք օր շարունակ՝ 1988թ.-ի փետրւարի 27-29-ը, տեղի ունեցան հայերի ջարդերը Սումգայիթում: Նոյն տարւայ նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանով անցաւ հայկական ջարդերի երկրորդ ալիքը, առաւել խոշորները տեղի ունեցան Բաքւում, Կիրովաբադում, Շեմախում, Շամխորում, Մինգեչաուրում:
Այս ընթացքում նաև տեղահան արւեցին Ադրբեջանի ԽՍՀ և Նախիջևանի ՍԽՍՀ տասնեակ հայկական գիւղերի բնակիչներ: Նման ճակատագրի արժանացաւ նաև Լեռնային Ղարաբաղի հիւսիսային մասի աւելի քան 50 հայկական բնակավայրի բնակչութիւնը:
Հենց Բաքւում 1988թ.-ի սկզբին ապրում էր շուրջ 230 հազար հայ, սակայն լարւածութեան աւելացման և յարձակումների ու տեղական ջարդերի յաճախանալու հետ մէկտեղ նրանց թիւը քիչ-քիչ նւազում էր, և 1990 թ.-ի յունւարին Բաքւում մնացել էր ընդամենը 35 հազար հայ:
1990 թ.-ի հակահայկական ջարդերը յաջորդեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հանրահաւաքներին և սկսւեցին յունւարի 13-ին: Հսկայական բազմութիւնը, գոռալով «Փառք Սումգայիթի հերոսներին» և «Կեցցէ Բաքուն առանց հայերի» կարգախօսները, հանրահաւաքի դուրս եկան Լենինի հրապարկում, իսկ երեկոյեան սկսեցին ջարդել հայերին: Սկսւեցին ջարդեր ու թալան, որոնք շարունակւեցին 7 օր և առանձնացան յատուկ դաժանութեամբ: Ջարդարարների զանգւածները յարձակւում էին հայերի վրայ ու ծեծում նրանց, անպաշտպան մարդկանց նետում էին վերևի յարկերի պատշգամբներից, այրում, բռնաբարում: Ճիվաղները չէին խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծէրերին:
Այդ դէպքերի ականատեսները նշում են, որ գրոհարարների գործողութիւնները վկայում են այն մասին, որ ջարդերը մանրակրկիտ կերպով ծրագրւած են եղել, քանի որ յարձակւողները շատ լաւ իմացել են հայերի հասցէներն ու բացի այդ ջարդերը տեղի են ունեցել իշխանութիւնների ու իրաւապահ մարմինների լիակատար թողտւութեամբ:
Ականատեսները Human Rights Watch կազմակերպութեան իրաւապաշտպաններին պատմում էին, որ դիմել են փողոցում կանգնած ոստիկաններին՝ խնդրելով փրկել հայերին, բայց ի պատասխան լսել են. «Մենք չմիջամտելու հրահանգ ունենք»: Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշէնի խօսքերով, ջարդերը չի կարելի տարերային համարել, քանի որ ջարդարարները ունեցել են հայերի հասցէներն ու ցուցակները: Սա հաստատում է նաև Բաքւում ծնւած շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որի ընտանիքը լքել է քաղաքը ջարդերի հետևանքով:
Տարբեր գնահատականներով, յունւարեան ջարդերի ժամանակ զոհւել է 48-300 Հայ, սակայն զոհերի կոնկրէտ թիւը դժւար է ստուգել, քանի որ յաջորդող օրերին Բաքւում դեռ սարսափելի քաոս էր տիրում, իսկ պաշտօնական հետաքննութիւն այդպէս էլ չանցկացւեց: Բաքւի հայերը բնակութիւն հաստատեցին Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, շատերը մահացան լաստանաւերում՝ Կասպից ծովը հատելիս, կամ էլ երևանեան հիւանդանոցներում:
Միայն 1990թ. յունւարի 19-ի լոյս 20-ի գիշերը Խորհրդային բանակը մտաւ Բաքու՝ ղեկավարւելով քաղաքում արտակարգ դրութիւն մտցնելու հրահանգով, ինչն իրականացւեց մի քանի ժամ անց:
Զօրքը Բաքու մտնելու համար ստիպւած եղաւ յաղթահարել բարիկադներն ու ծանր բեռնատարների, տրոլեյբուսների ու բենզատարներից սարքած խոչընդոտները: Տների տանիքներից ու բարիկադների հետևից դէպի զօրքն էր ուղղւել հրաձիգներից, այդ թւում գնդացիրներից արձակւող կրակ: Արդիւնքում զոհւեցին ոչ միայն Ադրբեջանի ազգային բանակի զինւորները, այլ խաղաղ բնակիչներ:
Յատկանշական է, որ եթէ Սումգայիթում խորհրդային զօրքն «ուշացաւ» երեք օր, ապա Բաքւում՝ մի ամբողջ շաբաթ, թէպետ ջարդերը կասեցնելու համար բաւական էին ԽՍՀՄ ՆԳՆ արտաքին զօրքերի ու Բաքւի կայազօրի ուժերը, որոնք այդ օրերին պարզապէս անգործութեան էին մատնւած:
Քաղաքի թոհուբոհի ընթացքում խորհրդային 20 զինւոր սպանւեց:
Այն, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թւականների իրադարձութիւնները հայերի ամենա–իսկական ցեղասպանութիւն էին, առաւել վստահ վկայում են վիճակագրութեան չոր թւերը: Եթէ հայկական ջարդերից առաջ Ադրբեջանում աւելի քան մէկուկէս միլիոն Հայ էր ապրում, ապա դրանից յետոյ, 1999թ. տւեալներով, ընդամենը 645 Հայ է բնակւել (36 տղամարդ ու 609 կին), դրանցից կէսից աւելին՝ 378 հոգի, ապրել է Բաքւում, որտեղ դրանից մօտ տասը տարի առաջ ապրում էր 230 հազար հայ:
Հայկ Խալաթեան,
յատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալութեան համար

0 Պատգամ: