Հայ-թրքական արձանագրութիւնների
վերապահումների մասին
Ըստ երկու բանախօսների էլ երկկողմ միջազգային պայմանագրերում վերապահումներն անենլն անհեթեթութիւն է:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
15 Յունւարի 2010թ.«ԱԶԳ»
Իսկապէս, վերապահումներն առաւել լայնօրէն կիրառւում են բազմակողմ պայմանագրերի պարագայում, սակայն դրանք տեղ են գտել եւ գտնում են նաեւ երկկողմ փաստաթղթերում:
Նման ընթացքը պայմանաւորւած է գործնական յարմարութեամբ, սակայն ոչ երբէք միջազգային օրէնքի սահմանափակումներով: Ուրիշ բան, որ տրամաբանօրէն ենթադրւում է. եթէ կողմերն ընդամէնը երկուսն են, ապա գործնականում արագ հնարաւորութիւն կայ մինչեւ տեքստի նախաստորագրումը, այսինքն տեքստի վերջնական ընդունումը, յստակեցնել բոլոր տարըմբռնումները: Սակայն դա վերաբերում է օրինական եւ հմտօրէն բանակցւած փաստաթղթերին: Ինչպէ՞ս վարւել այն պարագայում, երբ հասարակութիւնը մի օր արթնացել եւ իմացել, որ իր արտգործնախարարութիւնը, շրջանցելով նախաստորագրման համար օրէնքով նախատեսւած համաձայնեցման ողջ ընթացակարգը, կէսկատար բանակցել է երկու թերարժէք եւ սխալաշատ փաստաթուղթ:
Ինչպէ՞ս վարւել, երբ որեւէ պաշտօնեայի կամ պաշտօնեաների խմբի անփութութեան, տգիտութեան կամ դաւաճանութեան հետեւանքով պետութեան ձեռքում են յայտնւել երկու անընդունելի փաստաթղթեր: Արդեօ՞ք, պետութիւնը պարտաւոր է իր շահերը մի կողմ դնել եւ անվերապահօրէն ընդունել դրանք: Իհարկէ` ոչ: Այսօր մեր պետութեան ու ազգի անցեալին, ներկային ու ապագային վերաբերող գրեթէ բոլոր կենսական հարցերը ի մի են բերւած մի քանի էջանոց երկու խեղճուկրակ այնպիսի արձանագրութիւնների մէջ, որոնց միեւնոյն կէտերի վերաբերեալ կողմերն ունեն ծայրայեղօրէն տարբեր եւ իրարամերժ դիրքորոշումներ:
Բաւական է ծանօթանալ Հայ-թրքական չարաբաստիկ արձանագրութիւնների ստորագրումից մի քանի ժամ առաջ արւած Սերժ Սարգսեանի ուղերձին եւ ստորագրումից մի քանի ժամ յետոյ արւած Թուրքիայի վարչապետի յայտարարութեանը, որ պարզ լինի ասածիս իրաւացիութիւնը` կողմերի ըմբռնումների իրարամերժութիւնը:
Այս պարագայում բնական է, որ իւրաքանչիւր կողմ, ըստ իր կարգի, պիտի իր վերապահումներն ու ընբռնումներն (reservations and understandings) ամրագրի համապատասխան վաւերաթղթերի (instruments of ratification) մէջ: Դա չանելը կլինի ոչ միայն անտրամաբանական, այլեւ անօրինական:Ուզում եմ յիշեցնել, երկու հանգամանք:
Առաջին. ՀՀ սահմանադրութեամբ հանրապետութեան նախագահին է վերապահւած արտաքին քաղաքականութեան ընդհանուր ղեկավարումը: Հետեւաբար, Ազգային ժողովը պարզապէս իրաւունք չունի անտեսելու Սերժ Սարգսեանի ս./թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի հիմնադրոյթները: Երկրորդ. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը չի եղել անվերապահ եւ բացարձակ, այլ խարսխւած է որոշակի իրաւական դիրքորոշման վրայ եւ ամբողջական, հետեւաբար գործադրելի է, միմիայն դրանով հանդեձ: Հիմա համառոտակի անդրադառնանք երկկողմ փաստաթղթերում վերապահումների «անհեթեթութեանը»:
Վիեննայի Միջազգային պայմանագրերի օրէնքի մասին միջազգայնագրի (կոնվենցիայի) 19-րդ յօդւածը թոյլ է տալիս վերապահումներ ձեւակերպել պայմանագրի ստորագրման, վաւերացման, ընդունման, հաւանութեան արժանացման կամ պայմանագրին միանալու ժամանակ: [A State may, when singing, ratifying, accepting, approving or acceding to a treaty, formulate a reservation.] Սոյն միջազգայնագիրը տարբերակում կամ խտրականութիւն չի դնում երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի միջեւ:
Վերապահումների արգելքը գործում է ոչ թէ ըստ պայմանագրերի տեսակի` երկկողմ կամ բազմակողմ, այլ ըստ բնոյթի: Օրինակ, Ցեղասպանութեան կանխարգելման մասին միջազգայնագիրը չի կարող վերապահումներ ունենալ: Եթէ երկրի շահը պահանջել է, ապա շատ երկրների խորհրդարաններն անվարան իրենց վերապահումներն են արել երկկողմ պայմանագրերի նկատմամբ: Օրինակ, Միացգալ Նահանգների Սենատը վերջին երկու հարիւր տարվա մէջ աւելի քան հարիւր երկկողմ փաստաթղթի նկատմամբ վերապահումներ է արել, այդ թւում առնւազն տասներեք անգամ 1975-1985թթ. տասնամեակում և 28 անգամ 1975-1995թթ. քսանամեակում:
Ընդ որում, հանդիպակաց կողմն ազատ է իր դիրքորոշման մէջ` ընդունել կամ մերժել, սակայն նա դա կարող է անել որպէս մէկ ամբողջութիւն, այսինքն պայմանագիրը վերապահումներով հանդերձ: Բերենք մի երկու օրինակ. ԱՄՆ Սենատը 1824թ. մայիսին, չնայած նախագահ Մոնրոյի (Monroe) զգուշացումներին, միայն որոշակի վերապահումներով հաւանութեան արժանացրեց ԱՄՆ եւ Մեծ Բիրտանիայի միջեւ ստորագրւած Աֆրիկեան ստրկավաճառութիւնը ճնշելու վերաբերեալ պայմանագիրը (The Treaty between United States and Great Britain for the Suppression of the African Slave Trade). ԱՄՆ նախագահը բացատրական նամակով այն ուղարկեց բրիտանացիներին, սակայն վերջիններս մերժեցին ընդունել պայմանգիրը:
Աւելի քան մէկուկէս դար յետյո` 1985թ., ԱՄՆ Սենատը որոշակի վերապահումով հաւանութեան արժանացրեց ԱՄՆ եւ Միացեալ Թագաւորութեան միջեւ ստորագրւած Արտայանձման յաւելեալ պայմանագիրը (UK-US Supplementary Extradition Treaty): ԱՄՆ կառավարութիւնը բրիտանական կողմին համապատասխան նոտայով տեղեկացրեց Սենատի վերապահումների մասին եւ հարցրեց. արդեօ՞ք դրանք ընդունելի կը լինեն Միացեալ Թագաւորութեան համար: Դրական պատասխան ստանալուց յետոյ 1986թ. դեկտեմբերին փոխանակւեցին վաւերաթղթերը (instruments of ratification):
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ամերիկեան իրաւական համակարգը նման է հայաստանեանին, այսինքն` օրինապէս ուժի մէջ մտած միջազգային պայմանագրերը ներքին օրէնսդրութեան մաս են կազմում ուղղակիօրէն եւ անմիջապէս: Եթէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանն իր որոշումը խնդրոյ առարկայ արձանագրութիւնների նկատմամբ տւել է որոշակի իրաւական դիրքորոշմամբ եւ յստակ մեկնաբանութիւններով, այսինքն ասել է, որ արձանագրութիւններով ստաձնւող պարտաւորութիւնները չեն հակասում ՀՀ սահմանադրութիւնը միայն որոշակի ընկալման եւ ըմբռնման պարագային, ապա դա պիտի ամրագրւի վերապահումների մէջ:
Հակառակ պարագային վաւերաթղթերի փոխանակման հետեւանքով ամրագրած պարտաւորություններն իրենք կլինեն հակասահմանադրական: Վերապահումների հնարաւորութիւնը նախատեսւած է ոչ միայն միջազգային, այլեւ բազմաթիւ երկրների օրէնքներով: ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրէնքը (յօդւած 95 /5) պայմանագրի խորհրդարանական վաւերացման ժամանակ նոյնպէս նախատեսում է վերապահութեան հնարաւորութիւն: Սակայն, ի տարբերութիւն միջազգային իրաւունքի, որը վերապահման հնարաւորութիւնը տալիս է պետութեանը (the State), ապա կանոնակարգ-օրէնքը, չգիտես ինչո՞ւ, այն վերապահում է միայն գործադրին` հանրապետութեան նախագահի ներկայացուցչին:
ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը (յօդւած 95 /5) արձանագրում է. «Միջազգային պայմանագիրը կարող է վաւերացման ներկայացւել նաեւ հիմնական զեկուցողի կողմից սահմանւած վերապահումներով»: Նոյն կանոնակարգ-օրէնքի նախորդ կէտը (յօդւած 95 /4) յստակեցնում է. «Հիմնական զեկուցմամբ հանդէս է գալիս հանրապետութեան նախագահի ներկայացուցիչը, իսկ յարակից զեկուցումներով` արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի եւ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակւած այլ գլխադասային յանձնաժողովների ներկայացուցիչները»:
Այս ընթացակարգը մի փոքր բարդացնում է վերապահումների ներառումը պայմանագրի փաթեթի մէջ: Այսուհանդերձ, եթէ խորհրդարանի մեծամասնութիւնը միասնաբար ձեւակերպի վերապահումները (իսկ Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ դա ուղղակի օրէնքի պահանջ է եւ Ազգային ժողովը պարտաւոր է դա անել), ապա առաջարկւող վերապահումները գործադիրը «կը սահմանի որպէս հիմնական զեկուցողի» վերապահումներ եւ նորից կը ներկայացնի խորհրդարանի վաւերացմանը:
Այո, հնարաւոր է, որ Թուրքիան չհամաձայնի մեր վերապահումների հետ: Հնարաւոր է, որ Թուրքան մեր վերապահումներն ընդունի որպէս ողջ փաթեթը նորափոխելու առաջարկ (request for a modification): Յետոյ ի՞նչ: Արդեօ՞ք դա նշանակում է, որ մենք պիտի հրաժարւենք մեր շահերից, որպէսզի յաճելի լինենք թուրքերի քիմքին: Միթէ՞ պարզ չէ, որ եթէ նախագահի ուղերձի մէջ արտայայտւած մտահոգութիւնները եւ Սահմանադրական դատարանի իրաւական դիրքորոշումը պաշտօնապէս չներառւեն համապատասխան վաւերաթղթերի մէջ, ապա կը նշանակի, որ եւ’ նախագահը եւ’ Սահմանադրական դատարանը միեւնոյն թատերական ներկայացման մէջ պարզապէս դերեր էին խաղում:
Ի վերջոյ, միջազգային փաստաթուղթ կնքելն ինքնանպատակ չէ: Փաստաթղթերը պետութիւնների շահերն ամրագրելու համար են եւ ոչ թէ պետութիւնները փաստաթղթերի մատաղացու գառները:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
15 Յունւարի 2010թ.
0 Պատգամ:
Post a Comment