Փորձագէտ.– Հայաստանը ՀԱՊԿ-ին դէ ֆակտօ ձեւական կազմակերպութիւնից վերածւել է լուրջ կառոյցի


10:24 / 04.01.2010
«2009 թւականին նշանակալի իրադարձութիւն էր Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւնը, որը թոյլ տւեց նման փոքր երկրին՝ գերտէրութիւնների հետ խօսել որպէս հաւասարը հաւասարի, ինչպէս նաեւ կարեւորել իր դերը միջազգային կառոյցներում, այլ խօսքով՝ ցոյց տալ իրեն քարտէզի վրայ»,- NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրէն Թեւան Պօղոսեանը:
Նրա խօսքով, Հայաստանի նախաձեռնողական քաղաքականութիւնը Հայ-թուրքական հարցում հանրապետութեանը թոյլ տւեց բարձրացնել իր միջազգային վարկը, իսկ նման նախաձեռնողականութիւնը միջազգային կառոյցներում, ասենք՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) թոյլ տւեց այդ կազմակերպութիւններին՝ աւելի լուրջ երեւալ: «Հէնց Հայաստանի նախաձեռնողականութիւնը ՀԱՊԿ-ին դէ ֆակտօ ձեւական կառոյցից վերածեց լուրջ կառոյցի` արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ»,- յայտարարեց Թ. Պօղոսեանը՝ յաւելելով, որ 2009-ի յաջորդ նշանակալի իրադարձութիւնը իշխանութիւնների երկխօսութեան մէջ մտնելն է հասարակութեան հետ՝ բոլոր հարցերում:
Ինչ վերաբերում է 2010-ի կանխատեսումներին, ապա փորձագէտի կարծիքով, յատուկ առաջխաղացումներ ԼՂ հարցում պէտք չէ սպասել, յատկապէս հաշւի առնելով մօտ ժամանակներս Մինսկի խմբում ռուս եւ ֆրանսիացի համանախագահների փոփոխութիւնը եւ Ադրբեջանի անզիջում կեցւածքը:
Իսկ ահա Հայ-թուրքական գործընթացում, ըստ Պօղոսեանի, ձմռան վերջին գարնան սկզբին կարելի է սպասել դրական տեղաշարժեր՝ Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման տեսքով: Ընդ որում, նա նշեց, որ Թուրքիան դա անելու է միջազգային հանրութեան ճնշման ներքոյ: «Եթէ Թուրքիան հետաձգի այդ հարցը, ասենք՝ մինչեւ ապրիլի 23-ը, ապա արձանագրութիւնների վաւերացումը կը կորցնի իր արժէքը միջազգային հանրութեան աչքում, եւ լիովին հնարաւոր է, որ „սանկցիաներ“ կիրառւեն Անկարայի նկատմամբ՝ հայերի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն ակտիւացնելու տեսքով»,- ասաց նա: Իսկ ներքաղաքական տեսանկիւնից՝ 2010 թւականը, ըստ փորձագէտի, կը լինի հանգիստ, իսկ տնտեսական առումով` բաւականին բարդ:

Լուրեր Հայաստանից

* Արդէն «փորձագէտ»ի սկզբնական խօսքով պարզւում է, որ նա ոչ միայն իրեն, այլ Հայաստանի ուժերն ու կարողութիւններն է թերագնահատում ազգերի համաշխարհային հաւաքականութեան մէջ, եւ այդպիսի արտայայտութիւն թոյլատրելի չի՝ ո՛չ մի պետական պաշտօնատարի եւ ո՛չ էլ «փորձագէտ»ի։
Յիշեալը առաւելաբար է սխալւում իր գնահատման մէջ՝ մանաւանդ երբ «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականութիւնը Հայ-թուրքական հարցում»ն է պատճառաբանում ՝«որը թոյլ տւեց նման փոքր երկրին՝ գերտէրութիւնների հետ խօսել որպէս հաւասարը հաւասարի...»
...Իսկ մի հարցում պարոն «փորձագէտ»ին,– Այսինքն վերջին 20 տարիների ընթացքում, ու մանաւանդ այն օրերին երբ Արցախը արիւնի ու կրակի մէջ իր հայրենիքն էր պաշտպանում հէնց այդ Թուրքիայի քթի տակ, որը նաեւ օժանդակում էր Ադրբեջան կոչւող հողատարածքի զաւթիչներին, ոչի՞նչ չի ներկայացրել միջազգային ատեաններում...
Թքնենմ այն «դէ ֆակտօ» վարկի ու հեղինակութեան վրայ, որը պիտի ձեռք բերւի դաւաճանութեան ու թափւած արիւններից բուսնած՝ կակաչների չորացման արդիւնքում։ Վ.

0 Պատգամ: