Ադրբեջանցի քաղաքագէտ.–
Մենք պէտք է շնորհակալ լինենք Թուրքիայից
17:09 / 09.01.2010
Ադրբեջանը պէտք է շնորհակալ լինի Թուրքիայից, որ նա տարբեր երկրներում բարձրացնում է Ղարաբաղի հարցը: Շատ կարեւոր է, որպէսզի ԼՂ խնդիրը չիջնի միջազգային քաղաքականութեան օրակարգից, իսկ Անկարան, երեւում է, հետագայում եւս շարունակելու է իր դիւանագիտութիւնն այդ ուղղութեամբ: Նման տեսակէտ է յայտնել ադրբեջանցի քաղաքագէտ Ռասիմ Մուսաբէկովը:
«Թուրքիան ազդեցիկ երկիր է, եւ նրա հետեւողականութիւնը՝ ԼՂ խնդիրը միջազգային ասպարէզներում բարձրացնելու հարցում, խօսում է այն մասին, որ Անկարան շատ է ցանկանում վերջ տալ այդ պրոբլեմին: Դա նրա պրակտիկ քաղաքականութեան հարցն է: Բոլորը դեռ յիշում են, թէ ինչ վնաս հասցրեցին տարածաշրջանին 2008 թւականի օգոստոսի իրադարձութիւնները եւ եթէ ԼՂ հարցում առաջընթաց չլինի, տարածաշրջանում կրկին անկայունութիւն կը լինի, ինչը Թուրքիային բոլորովին պէտք չէ: Դրա համար էլ Թուրքիան տարբեր համաշախարհային կենտրոնների առաջ բարձրացնում է ԼՂ խնդիրը, որպէսզի հասնի գոնէ մի փոքր ատռաջընթացի այդ հարցում: Հայաստանը շատ կախեալ երկիր է, դրա համար էլ ԱՄՆ-ը, Եւրոպան ու Ռուսաստանը լծակներ ունեն այդ երկրի վրայ եւ Թուրքիան ցանկանում է նրանց միջոցով ազդել Հայաստանի վրայ»,- ասել է Մուսաբէկովը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի Երեւան այցելութեանը, ադրբեջանցի քաղաքագէտն ասել է. «այս օրերին, ինչպէս յայտնի է, Մոսկւա է այցելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ Երեւանում շատ անհանգստացած են այդ այցելութեամբ: Երեւում է, Լաւրովի Երեւան այցելութիւնը նպատակ ունի հանգստացնել հայերին եւ միաժամանակ հասկացնել, որ պէտք է ինչ-որ քայլեր անել ԼՂ հարցում: Իհարկէ, Լաւրովը կը փորձի բացատրել, որ Ռուսաստանի մերձեցումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ոչ մի դէպքում չի նշանակում, որ իրենց թողնում են բախտի քմահաճոյքին»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: