Վ. Պուտինը կոնկրէտացրել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ

20:55 / 13.01.2010
«Ե’ւ ղարաբաղեան, ե’ւ Հայ-թրքական խնդիրները շատ բարդ են եւ ես ճիշտ չեմ համարում, բոլոր խնդիրները մէկ զամբիւղում դնելուն»,- նման կարծիք է յայտնել Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Վլադիմիր Պուտինը, իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Մոսկւան պատրաստ է նպաստել այդ երկու խնդիրների լուծմանը:
Պուտինի խօսքով, այդ խնդիրներից իւրաքանչիւրն առանձին-առանձին լուծելը շատ բարդ է: «Իսկ եթէ մենք մի բան էլ բոլորը մի կոյտի մէջ հաւաքենք, ապա լուծման հեռանկարը աւտոմատ կերպով շատ աւելի կը հեռացնենք»,- ասել է նա, կրկին նշելով, որ մարտավարական ու ռազմավարական տեսանկիւններից նպատակայարմար չի գտնում այդ երկու խնդիրներն իրար կապել:
ՌԴ կավարակութեան ղեկավարի խօսքով, Ռուսաստանը աւելի քան, որեւէ մէկը շահագրգռւած է տարածաշրջանում յարաբերութիւնների նորմալացմամբ: «Հսկայական քանակութեամբ անտեսանելի թելեր մեզ կապում են եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին: Միլիոնաւոր ադրբեջանցիներ եւ միլիոնաւոր հայեր ապրում են Ռուսաստանում, այստեղ բարեկամներ ու ընկերներ ունեն: Զարգանում են Ռուսաստանի տնտեսական կապերը այդ երկրների հետ»,- Պուտինի խօսքն է մէջբերել «Ռիա նովոստին»:
Բացի այդ, ՌԴ վարչապետի խօսքով, Ռուսաստանը շահագրգռւած է հետխորհրդային տարածքում առկայ խնդիրների, մասնաւորապէս, ԼՂ հակամարտութեան լուծմամբ: «Մեզ յայտնի է այն ծանր ժառանգութեան մասին, որ ունեն Հայաստանն ու Թուրքիան եւ մենք շահագրգռւած ենք Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ»,- ասել է նա ու աւելացրել, որ Ռուսաստանը մեծ յոյսով է ընդունել այդ յարաբերութիւնները կարգաւորելու նախաձեռնութիւնը: «Մեծ յոյս ունենք, որ ծայրայեղ մօտեցումների ցանկացած դրսեւորում, որոնք հիմնւած են անցեալի վրայ, բանակցութիւնների ժամանակ կը յաղթահարւեն»,- ասել է Պուտինը եւ նշել, որ ՀՀ ղեկավարութիւնը հիմա նոյնպէս գտնւում է այդ դրական ուղու վրայ: Նա յայտարարել է, որ Ռուսաստանը յարգանքով է վերաբերում իր գործընկերների կարծիքներին եւ իր դերը գործընթացի կարգաւորման մէջ կայանում է նրանում, որպէսզի աջակցի ցանկացած դրական ջանքի` ուղղւած այդ բարդ խնդիրների լուծմանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը ՌԴ մայրաքաղաք էր այցելել յունւարի 12-ին: Նա բանակցութիւններ է վարել ՌԴ բարձր ղեկավարութեան հետ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: