Իրանական կազմակերպութիւնները հետաքրքրւած են «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցմամբ


18:07 / 13.01.2010
«Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որից մօտ 60 մլն դոլարը կը յատկացւի այս տարի:
Այդ մասին յունւարի 13-ին յայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Ալի Սաղաիեանի հետ հանդիպմանը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոեանը NEWS.am-ին յայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրել է «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Նախարար Գ.Սարգսեանը տեղեկացրել է, որ անցած տարեվերջին յայտարարւել է աւտոմայրուղու կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման մրցոյթ: Նախագծային աշխատանքների փաթեթներն արդէն ներկայացւել են, եւ դրանք ներկայումս գնահատման փուլում են: Փաթեթների գնահատումից յետոյ կը յայտարարւի շինարարական կազմակերպութեան ընտրութեան միջազգային մրցոյթ:
Առաջին փուլով նախատեսւում է վերակառուցել Երեւան-Աշտարակ միջպետական ճանապարհահատւածը, եւ ճանապարհային անվտագնութեանն ուղղւած որոշակի աշխատանքներ կատարել Երեւան-Արարատ ճանապահի վրայ: Նախարարը նշել է, որ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրութեան աշխատանքներն ամբողջութեամբ կաւարտւեն այս տարի:
Դեսպան Սեյէդ Ալի Սաղաիեանը յայտնել է, որ Հայաստանի ճանապարհաշինութեան, այդ թւում` «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրւած են նաեւ իրանական կազմակերպութիւնները: Դեսպանը չի բացառել, որ աւտոմայրուղու որոշ հատւածների ֆինանսաւորման համար կը մասնակցեն նաեւ իրանական բանկերը:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը, նախարար Գ.Սարգսեանը տեղեկացրել է, որ յունւարին կը յայտարարւի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրութեան աշխատանքների իրականացման մրցոյթ եւ, ամենայն հաւանականութեամբ, ապրիլին յայտնի կը դառնայ յաղթող ընկերութեան անունը, որից յետոյ կսկսւեն այդ աշխատանքները:
Հանդիպման վերջում երկու կողմերի միջեւ նախնական պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն անցկացնել յունւարի վերջին` Երեւանում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: