Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Հայ-թրքական մերձեցման գործընթացում


14:45 / 14.01.2010
Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի աջակցութիւնը Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելուն ուղղւած Հայաստանի քայլերին:
Այդ մասին յունւարի 14-ին (այսօր) յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ նախարարները նշել են, թէ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիւ եւ կանոնաւոր քաղաքական երկխօսութիւնն ամուր հիմք է ծառայում փոխշահաոէտ յարաբերութիւնների հետագայ զարգացման համար եւ քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը:
Երկուստէք գոհունակութիւն է յայտնւել ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների միջեւ հաստատւած արդիւնաւէտ համագործակցութեան կապակցութեամբ:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները բովանդակալից զրոյց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխյարաբերութիւնների, Հարաւային Կովկասի տարածաշրջանային խնդիրների, ինչպէս նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնութեան սուբյէկտների միջեւ համագործակցութեանը, միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում դիրքորոշումների համադրմանը վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Արցախեան հիմնահարցի կարգաւորման գործընթացի վերաբերեալ:
Բանակցութիւնների ընթացքում քննարկւել են նաեւ երկկողմ տնտեսական նախագծերի իրականացումը եւ դրանց ընդլայնման հնարաւորութիւնները: Էդւարդ Նալբանդեանը հայկական կողմի երախտագիտութիւնն է յայտնել 2009թ. Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի կայունացման վարկի տրամադրման համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: